Թուրքիայի տարբեր նահանգներում ետընտրական լարված իրավիճակ է. քրդամետ կուսակցության կողմնակիցները փողոց են դուրս եկել եւ տարբեր միջոցներով արտահայտում են իրենց դժգոհությունը ընտրությունների արդյունքներից: Թուրքիայի ոստիկանությունը երկրի արևելյան և հարավ-արևելյան նահանգներում ձերբակալել է 89 մարդու՝ «քաղաքային ընտրություններից հետո չհամակարգված բողոքի ցույցերին մասնակցելու համար»։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ում (նախկին Twitter) գրել է. «Ապրիլի 2-ին տեղի ունեցան չհամաձայնեցված գործողություններ, որոնց ընթացքում մասնակիցները կարգախոսներ էին բացականչում` ի պաշտպանություն անջատողական ահաբեկչական կազմակերպության, քարեր նետում մեր անվտանգության ուժերի վրա և, չնայած նախազգուշացումներին, դիմադրություն ցույց տվեցին ոստիկանությանը։ 89 մարդ կալանավորվել է»:
Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնում արևելյան որոշ շրջաններում ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության թեկնածուներին: Բողոքի մեծ ալիք է առաջացել Վանի քաղաքապետի շուրջ ստեղծված իրավիճակից. քաղաքապետի պաշտոնի համար պայքարում հաղթել է «Դեմ» կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանը։ Իշխանությունները, սակայն, նրան զրկել են պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ դատարանի կողմից հաստատված ընտրվելու համար իրավական հիմքերի բացակայության պատճառով։ Քաղաքապետի աթոռը կանցնի իշխող կուսակցության թեկնածուին: Վանի նահանգապետարանի գրասենյակը որոշում է կայացրել 15 օրով արգելել ցանկացած ցույց ու հավաք՝ ինչպես փողոցներում, այնպես էլ փակ տարածքներում: Նախօրեին որոշ քաղաքացիներ՝ քաղաքական գործիչների հետ միասին, ցանկացել էին երթ անցկացնել քաղաքով դեպի ընտրական հանձնաժողովի շենք՝ ի աջակցություն Զեյդանի:
Հ/Գ․ Թուրքիայի ներքին գործերի նախարարն իր գրառման մեջ նշել է, որ ցույցեր և բախումներ ոստիկանության հետ տեղի են ունեցել արևելյան Վան, Հաքքարի, Սիիրթ, Բաթման, Շըրնաք նահանգներում, ինչպես նաև Իզմիրում։ Կարդալով թեժացած տարածքների ցանկը տեսնում ենք, որ իրավիճակը թեժացել է այն նահանգներում ու քաղաքներում, որոնք Թուրքիան ժամանակին զավթել է տարբեր երկրներից ու ազգերից. Վանը, Սիիթը, Սղեդը Արեւմտյան Հայաստանի քաղաքներից են: Բաթմանը եզդիների պատմական հայրենիքն է, որը նրանք լքել են եւ հաստատվել Հայաստանում, Վրաստանում եւ Գերմանիայում՝ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ բարբարոս քաղաքականության արդյունքում: Իզմիրը հունական Զմյուռնիա քաղաքն է: Այս նահանգների ու քաղաքների բնիկ ազգերը՝ հույները, հայերը, եզդիները, ինչպես տեսնում ենք, անգամ ազգային փոքրամասնության կարգավիճակով չեն մասնակցում Թուրքիայի ներքաղաքական կյանքին, ընտրություններին: Սա ազգային փոքրամասնություններին ձուլելու եւ ոչնչացնելու Թուրքիայի երկարատեւ քաղաքականության արդյունքն է: Իսկ այս երկրի առաջնորդը հանդես է գալիս խաղաղասերի ու հաշտարարի դիմակով…