Քաղաքականություն

Վարչապետի պաշտոնում քո փորձառության ճիշտ եզրակացությունը կլիներ ինքնակամ հրաժարական ներկայացնելը

Վարչապետի պաշտոնում քո փորձառության ճիշտ եզրակացությունը կլիներ ինքնակամ հրաժարական ներկայացնելը

«Վարչապետի պաշտոնում իմ փորձի և վերլուծության հիման վրա եզրակացությունն այն է, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը»,- հայտարարում է հենց շարժման շնորհիվ  յոթ տարի առաջ վարչապետ կարգված անձը: Որովհետև շարժումը ոչ միայն հայրենասիրական էր իր բնույթով, այլև արդարության սուր պահանջի դրսևորում: Լիներ այն ուղղված խորհրդային պետության, թե անկախություն ձեռք բերած Հայաստանի ղեկավարությանը: 18-րդ դարավերջի Ֆրանսիական հեղափոխության առումով սովորաբար ասվում է, որ հեղափոխությունը խժռեց իր զավակներին: Կարծում եմ, որ գոյության իրավունք ունի նաև հակառակ պնդումը՝ զավակները խժռեցին իրենց ծնողին: Ինչը դրսևորվեց հենց մեր երկրում մեր աչքի առջև: Ու այդ գործընթացի վերջին ակորդն էլ հնչեցվեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի միջոցով:

Ու նույն անձի կողմից քաղաքացիներին ուղղված՝ հեղափոխություն կատարելու կոչն առնվազն զավեշտական է հնչում: Հատկապես եթե հաշվի առնենք Արցախյան երկրորդ պատերազմում խայտառակ պարտությունից հետո ծայր առած հեղափոխական շարժումները, որ խեղդվել են ոստիկանական բռնությունների արդյունքում: Կրկնակի զավեշտական է, որ այդ շարժումները ճնշելուց հետո վերջինս պնդում է, թե «քաղաքացիները հեղափոխություն չեն արել, որովհետև նրանք հասկացել են, որ առանց այդ  որոշումը (Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու՝ Վ.Ս.) կայացնելու խաղաղություն հնարավոր չէ ոչ գործնականում, ոչ էլ տեսականորեն»։ Իրականում, բարբարոս այնպիսի պետության հետ, ինչպիսին Ադրբեջանն է, հնարավոր չէ հաստատել այն խաղաղությունը, որ առկա է վերջինիս պատկերացումներում: Ագրեսոր այդ երկրի հետ կարելի է հաստատել միայն կապիտուլյացիոն խաղաղություն, ինչը բազմիցս ընդգծել է դրա բռնապետ ղեկավարը:

Ինչ մնում է վարչապետի աթոռից կառչած անձի այն խոսքին, թե ինքն «աշխարհի պատմության մեջ առաջին և միակ վարչապետն է, որը իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն կատարել, եթե քաղաքացիները համաձայն չեն հայտարարված ռազմավարության հետ», ապա դա, ինչպես ցույց տրվեց նախորդ պարբերության մեջ, կեղծիք է: Այդ անձն ի վիճակի չէ նորմալ մարդու վարքագիծ դրսևորել: Այսինքն, ընդհանուր առումով ասել ճշմարիտ բաներ և մեկ-մեկ ստել, եթե հնարավոր չէ առանց դրա: Ստելն այդ անձի էություն է, ինքը ստել է՝ երբ ընդդիմադիր խմբագիր է եղել (հիշենք Մինասյանի զավակի ոսկե ծծակի մասին հեքիաթը), ստել է՝ երբ դարձել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ստում է 2018-ի ապրիլից այս կողմ: Նրան թվում է, թե ստով հնարավոր է կերակրել մարդկանց այսքան արհավիրքներից հետո՝ գեներացված իր կողմից: Իսկ որպեսզի հասկանալի լինի, թե իրականում ինչ է սուտը, մեջբերեմ ֆրանսիացի հասարակական գործիչ, բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ Վիկտոր Հյուգոյի (1802 - 1885) ասույթը. «Սուտը չարիքի մարմնացումն է»։ 

Սուտը, ինչպես հայտնի է, մանիպուլյացիայի հիմքն է: Իսկ մանիպուլյացիան միջոց է մարդկանց հիմարացնելու համար: Երևի դա է նկատի ունեցել անվանի վիպասանը, երբ սուտը բնորոշում էր որպես չարիքի մարմնացում: Ի դեպ, այդ հանգամանքի վկայությունը վարչապետի աթոռից կառչած անձի հետևյալ միտքն է. «Այժմ խաղաղության դարաշրջան է և Հայաստանի քաղաքացիները դա գոհունակությամբ են ընդունել։ Դրա մասին բազմաթիվ ապացույցներ կան և չկան փաստեր, որոնք կհերքեն դա»: Խաղաղության դարաշրջանը Հայաստանի քաղաքացիները ոչ թե գոհունակությամբ են ընդունել, այլ չունեն այլ տարբերակ, քանի որ ինքն անընդհատ նրանց վախեցնում է պատերազմով: Պատերազմ հրահրած և այն պարտության տարած անձը մարդկանց վախեցնում է պատերազմով: Սրանից ավելի մեծ անբարոյականություն դժվար թե պատահած լիներ «աշխարհի պատմության մեջ»: Միայն դա բավարար է, որպեսզի հերքվի գոհունակության վերաբերյալ բազմաթիվ ապացույցների հեքիաթը: 

Վերջում չեմ կարող չանդրադառնալ վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձի՝ կապիտուլիացիայի վերաբերյալ խոսքին: Վերջինս ասել է. «Կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլյացիա ստորագրել։ Եթե մենք լսենք մեր ընդդիմախոսներին՝ մենք 5-6 անգամ արդեն կապիտուլյացիա ենք ստորագրել, և դեռ քիչ է, պատրաստվում ենք նոր կապիտուլյացիաներ ստորագրել»։ Պատասխանեմ, առաջին հայացքից, թվացյալ պողպատե տրամաբանությանը: Այո, կապիտուլյացիան կստորագրվեր ընդամենը մեկ անգամ՝ եթե ՌԴ նախագահը չկանգներ այդ անձի մեջքին ու չզսպեր Իլհամի ախորժակը: Դա՝ մեկ: Կապիտուլյացիոն երկրորդ ակտն Իլհամի հետ բանավոր պայմանավորվածությունն էր, ինչի արդյունքում թշնամուն հանձնվեց ավելին (օրինակ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի լոգիստիկան վատթարացնող հատվածը), քան նախատեսված էր եռակողմ հայտարարությամբ: Երրորդը ՌԴ նախագահին «քցելու» ու եվրոպական չինովնիկների միջոցով Արցախը, որ մի ժամանակ ինքը Հայաստան էր համարում, թշնամուն հանձնելու ակտն էր: Չորրորդն էլ «Զանգեզուրի միջանցքը» օտարելն է՝ թեկուզ ամերիկյան փաթեթավորմամբ: Մնացած մեկ-երկուսն էլ նվիրում եմ իրեն:

ՀԳ. Թվում է, թե որպես «Հրապարակ»-ի հեղինակներից մեկը օգոստոսի 23-ին պետք է անդրադառնայի Անկախության հռչակագրի տարեդարձին: Սակայն դա կարվի ավելի ուշ. այն ժամանակ, երբ վարչապետի պաշտոնը կազատագրվի Փաշինյան Նիկոլից: Ու հենց դրանով կդրսևորվի ամենամեծ երախտագիտությունը Հռչակագրի ընդունման կապակցությամբ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image