Քաղաքականություն

«Հրապարակ». Մի խումբ ՔՊ-ականների հարցով ընդդիմությունը կառաջարկի քննիչ հանձնաժողով ձեւավորել

«Հրապարակ». Մի խումբ ՔՊ-ականների հարցով ընդդիմությունը կառաջարկի քննիչ հանձնաժողով ձեւավորել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հարցով ԱԺ ընդդիմությունը քննարկում է քննիչ հանձնաժողով ձեւավորելու հարցը։ Չի բացառվում, որ գալիք քառօրյային նախագիծը ներկայացվի ԱԺ օրակարգ։ 

Մեր տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացու միջեւ հայտնի միջադեպից հետո ընդդիմադիր շարքերում բուռն քննարկումներ են ընթանում խորհրդարանի էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցով, սակայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերջին՝ Հրայր Թովմասյանի խմբագրումից հետո էթիկայի հանձնաժողովի գործառույթներն այնպես են հարմարեցվել, որ այն ծառայի բացառապես խորհրդարանական մեծամասնությանը։  

Փոխվել է նույնիսկ հանձնաժողովի կարգավիճակը՝ գործող Սահմանադրությունն ու օրենսդրությունը տալիս են միայն ժամանակավոր, կոնկրետ գործի քննության նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հնարավորություն, մինչդեռ նախկինում այն մշտական էր։ Եվ որպեսզի ստեղծվի հանձնաժողով, անհրաժեշտ է, որ խմբակցության կողմից նման հայտ լինի, բացի այդ՝ խորհրդարանական մեծամասնությունը հավանություն տա։ Նույնիսկ եթե այս պարագայում ՔՊ-ն ընդառաջի ընդդիմության պահանջին, եւ ձեւավորվի էթիկայի հանձնաժողով, ապա դրա նիստերը փակ են լինելու, իսկ պատգամավորները սահմանված կանոնակարգերով իրավունք չունեն նիստերի մասին հայտարարություններով հանդես գալու, «ամբաստանյալներն» էլ կարող են ընդհանրապես բացատրություններ չներկայացնել հանձնաժողովին, եւ ամենակարեւորը՝ հանձնաժողովի որոշումները նույնիսկ կարգապահական պատիժ չեն սահմանում։

«Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում չի քննարկվում եւ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստերը փակ են, իսկ հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք, ինչպես նաեւ այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»,- նշված է կանոնակարգ օրենքում։ 

Այս ամենը հաշվի առնելով՝ ընդդիմադիրները չեն պատրաստվում էթիկայի հանձնաժողով ձեւավորելու առաջարկով հանդես գալ, որը, ըստ էության, ոչինչ չի տալու, եւ ՔՊ-ական մեծամասնությանն առաջարկել են խմբագրումներ իրականացնել, ավելին՝ արդեն մի քանի օր է՝ քննարկումներ են ընթանում այս հարցի շուրջ, բայց մինչ օրենքը կփոխեն, ընդդիմությունը, որպես «միջանկյալ միջոց», կդիմի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով, ընդ որում՝ առաջարկելու են քննել ոչ միայն ԱԺ նախագահի, այլեւ մի խումբ ՔՊ-ականների վարքը, այդ թվում՝ նաեւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, ով անվայելուչ պահվածք դրսեւորեց ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ, անգամ սպառնաց կտրել թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն, հանել աչքերը։ Հովիկ Աղազարյանի նկատմամբ, ով վերջին օրերին հայտնվեց սկանդալում, ֆեյսբուքյան օգտատերերը տարածում էին Աղազարյանի՝ հայհոյախառն պատասխանները՝ ուղղված իրենց, չնայած Աղազարյանը հայտարարեց, թե իր էջը կոտրել են, սակայն ոչ ոք դրան չհավատաց։ Գուրգեն Արսենյանի վերաբերյալ, ով ամիսներ առաջ խորհրդարանի ամբիոնից ՀՀ քաղաքացիներին առաջարկում էր ընտրություն՝ արդյոք արժե՞ 120 հազար արցախցու համար ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը: «Անընդհատ 120 հազար Ղարաբաղի բնակիչներ, 3 միլիոն Հայաստանի բնակիչներ, պատասխանատու ենք մենք էդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար», - ասել էր Արսենյանը։ Կամ՝ Գագիկ Մելքոնյանի մասով, ով նույնպես նման հայտարարություններ է արել։

Նշենք, որ ցանկը կարող է ավելանալ, քանի որ ՔՊ-ականներից ամեն երրորդը հանդես է եկել նման հայտարարությամբ։ «Այո, ունենք նման մտադրություն եւ հիմա աշխատում ենք նախագծի վրա։ Պատգամավորի գործունեությանը վերաբերելի օրենսդրության խախտումների փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ենք առաջարկելու ձեւավորել, որը հնարավորություն կունենա թե՛ անվանական, թե՛ խմբային անդրադարձ կատարել բոլոր նման դեպքերին՝ սկսած էթիկայից, վարքից, ավարտված շահերի բախման հարցեր»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ նշեց, որ, ամենայն հավանականությամբ, նախագիծը գալիք նիստերին կդրվի շրջանառության մեջ։ Ինչ վերաբերում է քննարկվող փոփոխություններին, ապա ընդդիմության տեսլականը, Մինասյանի ներկայացմամբ, հետեւյալն է, որ էթիկայի հանձնաժողովում ընդդիմությունը եւ իշխանությունը հավասար ներկայություն ապահովեն, կողմերից յուրաքանչյուրը դեպքերի քննության ժամանակ կարողանա հրավիրել ՀԿ սեկտորի իրավապաշտպան ներկայացուցիչ, մեկ ներկայացուցիչ ունենալու իրավասություն էլ ՄԻՊ ինստիտուտին տալ։ Բացի այդ, եթե հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորի հարց է քննարկվում, այն պետք է ղեկավարի իշխանությունը եւ հակառակը։ Իսկ հանձնաժողովի որոշումներն էլ ոչ միայն կարգապահական պատիժ պետք է սահմանեն, այլեւ հարկ եղած դեպքում քրեական վարույթի հիմք հանդիսանան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image