Այլ

Նոկաուտ․ «Փաշինյանը Հայաստանի հաշվին մայր Թերեզա է աշխատում» 

Նոկաուտ․ «Փաշինյանը Հայաստանի հաշվին մայր Թերեզա է աշխատում» 

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի ներածական խոսքը, որ համեմված էր հումորով, կարելի է ասել, փոքրիկ քաղաքական ռումբ էր՝ փաթեթավորված սարկազմի մեջ․
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հաշվին մայր Թերեզա է աշխատում»։

Եթե ասուլիսը հենց այդ նախադասությամբ էլ ավարտվեր, կարելի էր հաջողված  համարել․ կարճ, հստակ, հեգնական և ցավոտ։ Որովհետև կան բնորոշումներ, որոնցից հետո բանավեճը կորցնում է իմաստը․ կարող ես չհամաձայնել, բայց չես էլ կարող  հերքել։

Եթե մի կողմ թողնենք քաղաքական սիմպատիայից ու հակակրանքից բխող գնահատականները․ մնում է մերկ փաստը՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքները  քայլ առ քայլ հանձնում է այնպիսի ժպիտով, ասես բարեգործական ակցիա է իրականացնում․ «մայր Թերեզա» մոդել ՝ Սյունիքով ու Տավուշով։

Փաշինյանի ներկայիս քաղաքական վեկտորը հիշեցնում է այն մարդու վարքագիծը, ով սեփական տան դուռը բաց է թողնում, հետո հպարտությամբ հայտարարում․ «Տեսեք՝ ինչքան խաղաղ հարևաններ ունեմ, ոչ ոք չի ներխուժում»։ Այնինչ  ներխուժման կարիք չկա՝ երբ տան բանալիները հանձնել ես նրանց։

Այսպես կոչված «խաղաղության օրակարգը» դարձել է մի շղարշ, որի տակ հանձնում, զիջում է։ Եվ ամեն անգամ, երբ քննադատում են, հնչում է նույն պատասխանը․ «Բայց ես խաղաղություն եմ բերում»։ Այո, խաղաղություն, բայց ոչ թե մարդկանց միջև, այլ՝ քարտեզի գծերի վրա։

Ադրբեջանն արդեն հասկացել է Փաշինյանի «խաղի կանոնները» և մեծահոգաբար թողնում է նրան՝ ներսում «մայր Թերեզա» խաղալու հնարավորություն ։  

Հասարակությունն էլ երբեմն շփոթվում է․ մարդը խոսում է խաղաղությունից, ժպտում, խոստանում  նոր Հայաստան, ու թվում է՝ իսկապես բարի գործ է անում։ Բայց ինչպես ժողովրդական խոսքն է ասում․ «Երբեմն բարի գործը կարող է լինել այնքան անկեղծ, որ չարությունը հիանում է»։

Փաշինյանը աշխատում է Հայաստանի հաշվին, բայց միջազգային վարկանիշի համար, իսկ մենք՝ որպես ժողովուրդ, կարծես դարձել ենք նրա բարեգործական հիմնադրամի բաժանորդները՝ առանց մեր համաձայնության խլվում է մեր ունեցածը։ 

Եվ եթե Քոչարյանի խոսքը մեկնաբանենք մի քիչ թեթև ու լրագրողական լեզվով՝ կարելի է ասել, որ քաղաքական ռինգում այս նախադասությունը իսկական նոկաուտ էր․ ոչ մի լրացուցիչ հարված պետք չէր։ Այս ամենի ֆոնին մնում է միայն արձանագրել, որ քաղաքական դաշտում երբեմն ամենաուժեղ հարվածը ոչ թե բռունցքով է լինում, այլ՝ խոսքով։ Քոչարյանի «մայր Թերեզա» ձևակերպումը հենց այդ տեսակն է՝ կարճ, դիպուկ և անպաշտպան թողնող։ Եթե Փաշինյանն  իրեն տեսնում է որպես ազգային բարերար, արժե  հիշեցնել, որ ամեն բարեգործություն  ունի իր  սահմանները՝ հատկապես երբ այն կատարվում է ոչ թե  քո, այլ  ուրիշի հաշվին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image