Հասարակություն

Աբովյանի դպրոցի ուսուցչին ոստիկանությունում սպառնացել են

Աբովյանի դպրոցի ուսուցչին ոստիկանությունում սպառնացել են

Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում ավելի քան 1 ամիս առաջ սկսված գործադուլն ու դասադուլը շարունակվում են։

Աշակերտների և ուսուցիչների կողմից մերժված նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հաղորդման հիման վրա այսօր առավոտյան ոստիկանությունը բերման էր ենթարկել «Պատմություն» առարկայի ուսուցիչ Հայկ Փայտյանին։

Տնօրենը մի քանի օր առաջ Փայտյանին բանավոր կերպով ասել էր, թե աշխատանքից ազատել է, սակայն վերջինիս պնդմամբ՝ մինչ օրս այդ մասին ո՛չ փոստի միջոցով, ո՛չ այլ կերպ աշխատանքից ազատման ծանուցում չի ստացել։

Սակայն առավոտյա ոստիկանության աշխատակիցները բանավոր կերպով Փայտյանին տեղեկացրել էին, որ նա հեռացված է աշխատանքից և իրենց հանձնարարված է նրան չթողնել դպրոց։ Իր հերթին ուսուցիչն ասել էր, որ ծանուցում չի ստացել, որևէ փաստաթուղթ չի ստացել աշխատանքից հեռացման մասին։ Չնայած նրա պնդումներին՝ ոստիկանության աշխատակիցները նրան բերման էին ենթարկել քաղաքի ոստիկանական բաժանմունք, որի շենքի մոտ ի աջակցություն հավաքվել էին նաև մյուս ուսուցիչները։

«Հրապարակի» հետ զրույցում Փայտյանն ասաց, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցները բացի իրենց վկայականները որևէ այլ փաստաթուղթ ցույց չեն տվել։ Իսկ բերման են ենթարկման հիմք նշվել է «ոստիկանի օրինական պահաջը չկատարելը»։

«Ես ասացի, որ ապօրինի հրաման, պահանջ չեմ կատարում, ու ինձ ձերբակալեցին», - ընդգծեց նա։  Ուսուցիչն ասաց, որ ոստիկանությունում իր փաստաբանն ասել է, որ ըստ գործող կարգի՝ իր պաշտպանյալն օրենքով գործից ազատված է համարվում միայն այն պարագայում, երբ պատշաճ ձևով ծանուցված է լինում։ Նա ոստիկանությունից հեռացել է 3 ժամ մնալուց հետո։

«Ես իրավաբանիս ներկայությամբ բացատրություն տվեցի առ այն, որ ես ծանուցված չեմ աշխատանքից ազատվելու մասին։ Ոստիկաններին ասաց, որ եթե ձեզ ասում են, որ հեռացված եմ, խնդրում եմ՝ պահանջեք իմ հեռացման հիմքերը։ Եթե այդքանից հետո ոստիկանները նույն կերպ գործեն, ոստիկանության այն աշխատակիցը, որը որ ինձ բերման պետք է ենթարկի, կմտածենք, թե ինչ պատասխանտվության իրեն կանչենք օրենքի սահմաններում։ Իսկ հենց ստացա իմ հեռացման հրամանը, դիմելու եմ դատարան՝ վիճարելու այն։ Ես պետք է փաստաթուղթ ունենամ, որ դատարանում կարողանամ վիճարկել», - շարունակեց «Պատմության» ուսուցիչը։

Փայտյանը վաղը պատրաստվում է գնալ դպրոց ու այնտեղ մնալ այնքան ժամանակ, մինչև պատշաճ կերպով ծանուցվի հեռացման մասին։

Հարցին՝ թե ոստիկանության բաժանմունքում փորձե՞լ են իր վրա հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում գործադրել, Փայտյանը պատասխանեց, որ Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զոհրաբյանի մակարդակով ճնշման փորձ է եղել։

«Զոհրաբյան էր ազգանունը, եթե չեմ սխալվում։ Այդ թվում՝ ինքն է եղել։ Ասել է՝ «Դո՞ւ ես Փայտյանը», «Դու հլը կտենաս»,  այս կարգի սպառնալիքներ։ «Ոտքի՛ կանգնի, որ քո հետ խոսում ենք»։ Թե ինքն ո՞վ է, որ ես պետք է ոտքի կանգնեմ։ Իր տեղակալը, եթե չեմ սխալվում, ինձ սպառնաց, որ նորից բերման են ենթարկելու՝ «Օրդ անցկացնելու ես ոստիկանությունում։ Բերելու ենք, վարչական ձերբակալում գրենք», ես էլ ասացի՝ «Ինչ անեք, ապօրինի եք անելու, քանի դեռ ես ազատման հրամանը չեմ ստացել»», - մանրամասնեց նա։

Այս խոսակցությունները եղել մինչ ուսուցչի փաստաբանի գալը։ «Մինչև գալը ես իհարկե հրաժարվել եմ որևէ բան գրել, ստորագրել։ Մինչ փաստաբանի գալն իրենք հերթով մտան իրենց ասելիքն ասացին ու գնացին, պատասխանն էլ  ստացան, որ ինչ անում են, ապօրինի է։ Ու հաստատ ինձ չեն կարող վախացնեն, չարաչար սխալվում են։ Հետո իմ փաստաբանը եկավ, ծանոթացավ մեղադրանքին, և ես իմ փաստաբանի ներկայությամբ տվեցի բացատրություն։ Ինչո՞ւ են միայն ինձ հեռացնում։ Չէ՞որ այն, ինչը որ ես եմ անում, անում են 23 մյուս ուսուցիչները»», - ընդգծեց Փայտյանը։

Հարցին՝ ե՞րբ որ փաստաբանը եկավ, ոստիկաններն իրենց խոսելու ոճը փոխեցին ու սկսեցին հանգի՞ստ խոսել, պատասխանեց, որ շարքային քննիչները նորմալ էին խոսում։ Ուսուցիչը տեղյակ չէր՝ վարչության պետն ու իր տեղակալը կապեր ունե՞ն Կոտայքի նախկին մարզպետի կամ Քարմիլե Առաքելյանի հետ, թե՞ ոչ։

Փայտյանն իր ֆեյսբուքյան էջում նաև հրապարկել է , թե ինչպես են իրեն բերման ենթարկում։ Ի դեպ, տեսանյութում երևում է, թե ինչպես է ընթացքին բավականին հետաքրքրությամբ հետևում նորանշանակ տնօրենը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image