Կառավարությունն աստիճանաբար իր ուսերից թոթափում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու հոգսը: «40+10» ծրագիրը դարձավ 50 հազար, 50 հազարը դարձավ 40 հազար: Մինչեւ մայիս այս 40 հազարները տալու էին նրանց, ովքեր չունեին սեփականություն եւ ընդգրկված էին Արցախի շտաբի տվյալների բազայում: Ովքեր ունեին, մինչեւ դեկտեմբեր ստացել են միայն 10 հազար բաղադրիչը՝ կոմունալ ծախսերի համար, իսկ դեկտեմբերից հետո ոչինչ չեն ստացել: Մարտ-ապրիլ ամիսների տվյալներով՝ աջակցություն էր ստանում մոտ 98 հազար արցախցի: Իրենց վերջին գումարը նրանք ստացել են մայիսին, իսկ հունիսից արդեն բնակվարձի աջակցությունը՝ 40 հազարի չափով, հասանելի է միայն «խոցելի» համարվող խմբերին՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամներ, 63+ տարիքի անձինք, մինչեւ 18 տարեկաններ, կերակրողին կորցրած ընտանիքներ: «Խոցելիների» աջակցության չափը եւս կրճատվելու է: Հունիսին նրանք ստանում են 40 հազար դրամ, հունիսից մինչեւ դեկտեմբեր՝ 30 հազար: «Սրան զուգահեռ, հրատապ աջակցության ծրագիր է, որը նախատեսված է 3 հազար շահառուի համար, բայց կարելի է ասել, որ գրեթե բոլոր ընտանիքներն այդ ծրագրի համար դիմում են լրացնում: Բարդ ծրագիր է, խնդիրներով ու խրթին:
Ընտանիքի առաջին անդամին 40 հազար է հասնում, հաջորդներին՝ 10 հազարական, եթե ընտանիքի ընդհանուր եկամուտը չի գերազանցում 55 հազար դրամը»,- ասում է արցախցիների խնդիրներով զբաղվող հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը: Նա այս բարդ ու անհասկանալի ծրագրի մանրամասներն ամեն օր պարզաբանում է իր հայրենակիցներին: «Ես ոնց որ մեխանիզմ լինեմ արդեն, ամբողջ օրը, շուրջօրյա ռեժիմով հարցերի եմ պատասխանում, գնալով էլ տեղահանվածների սոցիալական վիճակը վատանում է: Ապրիլի վերջին այնպիսի հավաստիացումներ են եղել, որ թվում էր, թե այս 2 ամսում բոլոր խնդիրները լուծվելու են, բայց ոչ մի դրական տեղաշարժ չի եղել»,- ասում է Լիանան:
Նա հարցումներ է արել իր հայրենակիցների շրջանում ու արձանագրել, որ ոչ միայն նրանց խնդիրները չեն լուծվում, այլեւ հակառակը՝ վիճակն օր-օրի վատթարանում է: Կար նաեւ բնակարանային ապահովման ծրագիրը, որից մարդիկ այդպես էլ չկարողացան լիարժեք օգտվել: «Շատ քչերն են կարողացել բնակարան ձեռք բերել, մի խոսքով՝ ամեն ինչ իդեալական է»,- ասում է Լիանա Պետրոսյանը: Նա այս ամենի մասին գրել է ՀՀ կառավարությանն ուղղված բաց նամակում եւ այժմ ստորագրություններ է հավաքում՝ պահանջելով, որ աջակցության ծրագրերը շարունակվեն: Այս պահի դրությամբ որեւէ արձագանք կառավարության կողմից չի եղել: Տեղահանվածները հավաքվելու են կառավարության շենքի մոտ եւ նամակը հանձնելու են վարչապետին: