Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը նախկինում իր մասնագիտական դիտարկումներն ու մտահոգությունները ներկայացրել է մեր թերթում, որոնք, սակայն, կառավարության կողմից չեն արժանացել պատշաճ ուշադրության։ Վան Համբարձումյանը մեզ հետ զրույցում նախ նկատեց, որ ադրբեջանական զինված ուժերը շփման գծում իրականացնում են լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ, ամրապնդում են շփման գծի մարտական հենակետերը։ Սրանից զատ, ըստ մեր զրուցակցի, նրանք տեղադրում են հակադիվերսիոն համակարգ, որը ոչ ոք չի կարող անցնել, նաեւ սեփական դիրքերի բետոնապատմամբ ամրապնդում են։ Ռազմական փորձագետը վստահեցնում է, որ Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը 11 հազ․ քառ․ մետր տարածք են վերցրել։
«Դա ոչ թե նախկին կամ ներկա իշխանությունների օրոք է եղել, այլ շարունակական բնույթ է կրել։ Սեպտեմբերի 27-ից հետո էլ է եղել նրանց հիմնական առաջխաղացումը, իսկ հայկական կողմից ընդվզում չեն տեսել։ Այդ իսկ պատճառով էլ նրանք ապահովել են դիրքերի կենսունակությունը, ստեղծել սնուցման ճանապարհներ»,- նշեց Վան Համբարձումյանը։
Ռազմական փորձագետը հիշեցնում է, որ այս պահին Ադրբեջանի Հանրապետության ռազմական օդաչուները գտնվում են Ալժիրում։ Իսկ Ալժիրում, ըստ մեր զրուցակցի, տասը տարուց ավելի է, ինչ օգտագործում են СУ-30МКА զինատեսակներ։ Ադրբեջանի ռազմական օդաչուներն էլ պատահական չէ, որ հենց Ալժիրն են ընտրել, գնացել են, որ այնտեղ ուսումնասիրեն այդ զինատեսակները, հասկանան, թե նրանք օդային մարտերում ինչ են իրենցից ներկայացնում, ինչ պետք է անել հակաօդային պաշտպանության ուժերին հակազդելու համար։ Նրանք փորձում են հասկանալ նաեւ, թե Ադրբեջանի զինված ուժերին որքանով ձեռնտու կլինի այդ զինատեսակները գնելը։ «Հայկական օդուժի СУ 25- երը 80-ականներին Աֆղանստանում էին թռչում եւ խփվում էին մոջահեդների կողմից։ Պետք է պատրաստել ոչ միայն օդաչուներին, այլեւ սպասարկող տեխնիկական անձնակազմ։ Ամեն թռիչքից հետո տեխնիկներին պետք է սպասարկել, պետք է ստեղծել տեխնիկական բազաներ, որոնք էլ կսպասարկեն նրանց»,- ասաց Վան Համբարձումյանը։
Նա նկատում է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՌԴ-ն որոշ վերանայումներ է արել ՀՀ-ի հետ համագործակցության հարցում։ Միաժամանակ նա պնդում է, որ Ադրբեջանի հակաօդային տարածքն այսօր ամենափակն է, որովհետեւ զենիթահրթիռային համակարգեր են ձեռք բերում։ Հետո նա թվարկում է, թե ինչ զինատեսակներ ունեն Ադրբեջանի զինված ուժերը։ Դրանք են՝ С-300 ПМУ-ները, որից ունեն երկու դիվիզիոն, իսկ ամեն մի դիվիզիոնը կարող է խոցել 36 СУ-30: Հաջորդը BARAK-8, BARAK-8ER, LRSAM, 9K37MБ, БУК-МБ զինատեսակներն են։ Սրանից զատ՝ Ադրբեջանը Ֆրանսիայից պատվիրել է նաեւ նոր զինատեսակ՝ SAMP-T։
Ռազմական փորձագետը հիշեցնում է, որ նախկինում Ֆրանսիան հակամարտող երկրներին չէր վաճառում սպառազինություն, եւ դա արվում էր՝ ելնելով անկողմնակալ լինելու սկզբունքներից։ Եվ հիմա Ադրբեջանը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ այդ գերժամանակակից զինատեսակը ձեռք բերելու համար, որի հեռահարությունը 100 կմ է։ Մյուս զինատեսակը Mica-VL-ն է։ Վան Համբարձումյանը նշում է․ «Ես ուզում եմ կառավարությանն իրազեկել, որ ունեմ սպառազինությունն արդիականացնելու ծրագիր, նախագծեր։ Ես կարող եմ դրանք ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հիմնավորել ամեն ինչ։ Վերջերս ես խոսել եմ Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ, ինքը նշեց, որ ԴՕՍԱԱՖ-ում կա զրահատանկային տեխնիկա։ Ես ասացի, որ կարող եմ այդ տեխնիկան արդիականացնել, ունեմ դրա համար ծրագիր, եւ պետք է այն ներկայացնեմ Փաշինյանին»։