Երեկ «Ապագա հայկականը» նախաձեռնությունը հայտարարությամբ հանդես եկավ։ Հիմնադրամի հիմնադիրները Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, դոկտոր Նուբար Աֆեյանը, գործարարներ Արթուր Ալավերդյանն ու Ռիչարդ Ազարնիան են։ Հայտարարության մեջ 3 հիմնադիրները նշել են, որ «հրատապ են համարում հավաքական դիմադրողականության ուժեղացումը, առկա բոլոր ռեսուրսների մոբիլիզացիան, պատասխանատու կառավարման հաստատումը, պարտվողականության եւ խուճապային կեցվածքի մերժումը, ուժեղ եւ վստահելի գործընկերությունների ձեւավորումը»: Զրուցել ենք նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ։
- Ի՞նչ նկատի ունեք «պատասխանատու կառավարում» հասկացության ներքո, արդյոք այն ենթադրո՞ւմ է իշխանափոխություն երկրում։
- Մենք ենթադրում ենք, որ բարդ հարցերը հնարավոր չէ լուծել միանձնյա կամ ինչ-որ փոքր խմբով՝ չուսումնասիրելով բոլոր սցենարներն ու հանգամանքները, չներգրավելով էքսպերտային խմբեր ու չունենալով ընդհանուր մոտեցում դրանց վերաբերյալ, որովհետեւ մեր տարբերակը, որին մենք միշտ կողմնակից ենք եղել եւ դրա մասին խոսել ենք, այն է, որ բարդ հարցերը պետք է պարտադիր քննարկվեն, այդ լուծման պրոցեսը լինի ինքլյուզիվ, տարբեր կարծիքներ հնչեն, եւ հնարավորինս հաշվի առնվի իրականությունը, դրա հիմքում լինեն մեր հավաքական գիտելիքները, եւ դրա հիման վրա ընդունվեն այն որոշումները, որոնցով մենք կարող ենք առաջնորդվել ու առաջ գնալ։ Այսինքն՝ մեծամասնությունը պետք է համաձայն լինի այդ որոշմանը, որպեսզի մենք կարողանանք իրականացնել այն։ Դա է մեր նշած «պատասխանատու կառավարման» մոտեցումը։ Ինչքանո՞վ է դա այսօր իրականանում, Դուք՝ ինքներդ, կարող եք գնահատել։
- Հայաստանի իշխանությունները ծառացած մարտահրավերների լուծումը տեսնում են «խաղաղության պայմանագրի» եւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով։ Ի՞նչ եք կարծում՝ այդ ծրագիրը կյանքի կկոչվի՞, ու խաղաղություն կհաստատվի՞։
- Ես այդտեղ չեմ տեսնում խաղաղության ինչ-որ պարագա, ես այդտեղ տեսնում եմ լոգիստիկ ինչ-որ լուծումներ՝ այստեղ անցակետ, այնտեղ ճանապարհ, իսկ խաղաղությունը ․․․, ես անձամբ կողմնակիցն եմ այն մոտեցմանը, որը կոչվում է արժանապատիվ խաղաղություն, որը հիմնված է մեր ներքին ուժերի վրա, եւ այն ուժով պարտադրված խաղաղություն չէ։ Արժանապատիվ խաղաղության տրամաբանության մեջ միայն լոգիստիկ խնդիրները չեն, այլեւ մնացած հարցերն են, որոնք պետք է հավասարը հավասարի հետ քննարկել, լուծումներ տալ եւ ունենալ կայուն տնտեսական, տեխնոլոգիական զարգացում Հայաստանում։ Այսինքն՝ այն մոտեցումը, որը դրսեւորված է, մի քիչ աբստրակտ է, իմ կարծիքով։
- Հայտարարության մեջ շեշտել եք, որ արցախահայությունը պետք է արժանապատվորեն վերադառնա իր հայրենիք։ Սակայն նույն «Խաղաղության խաչմերուկի» քարտեզում Արցախն ամբողջովին Ադրբեջան է ներկայացվում, իսկ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը ՀՀ-ում սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Այս պայմաններում ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ Արցախը, եւ ինչպե՞ս եք պատկերացնում արցախահայության հետվերադարձը։
- Լավ հարց եք տալիս։ Մենք այս տարվա գարնանը համաժողով ունեցանք, որի ժամանակ «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներով հավաքվել եւ քննարկում էինք Արցախի վերաբերյալ մեր մոտեցումները։ Մեխանիզմն այն է, որ հավաքվում են տարբեր կարծիքներ, որոնք ի մի են բերվում, եւ մեր հնչեցրած մոտեցումն այն է, որի հետ ես եւ մեր մասնակիցների 95 տոկոսը համաձայն էինք, որ Արցախը հայկական է եւ պետք է հայկական մնա։ Ես կարծում եմ, որ մենք չպետք է հրաժարվենք Արցախից եւ պետք է շարունակենք պայքարել, իսկ թե ինչ մեթոդներով, ինչ ձեւերով ու տարբերակներով, ինչ իրատեսական սցենարներ ունենալով եւ այլն, պետք է նստենք, քննարկենք եւ հասկանանք, թե որը կաշխատի, իսկ որը՝ ոչ, որովհետեւ այժմ իրավիճակը լրիվ այլ է, քան 3 կամ 5 տարի առաջ, եւ այդ էթնիկ զտումները մեզ ուրիշ մոտեցումներ չթողեցին։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ Արցախը պետք է լինի հայկական։
- Հայտարարության մեջ նաեւ մի միտք կա, որ մարտահրավերների ֆոնին կա հասարակական անտարբերություն այդ խնդիրների հանդեպ։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է դրա պատճառը, եւ ինչպե՞ս այն հաղթահարել։
- Ես դա կբացատրեի տիրող ընդհանուր ապատիայով․ մարդիկ անորոշության մեջ են, հիասթափություն են ապրում, դա ճգնաժամի հետեւանքներից մեկն է, երբ մարդն առնչվում է ճգնաժամին եւ էքզիստենցիալ խնդիրների առաջ է կանգնում, որոնք հիմա առկա են, Հայաստանը վտանգված է, սպառնալիքներ կան թե՛ տարածքային ամբողջականության, թե՛ գոյության վերաբերյալ։ Այսինքն՝ դա հասարակության ռեակցիան է ճգնաժամային երեւույթներին։ Հնարավոր ու պարտադիր է, որ մենք կարողանանք դուրս գալ այդ իրավիճակից, ես կարծում եմ, որ մենք չպետք է հարմարվենք, համակերպվենք այս իրավիճակի հետ՝ թե՛ ամեն մեկս առանձին եւ թե՛ որպես հասարակություն, որպես պետություն։ Մենք պետք է շրջենք մեր սուգը, անզորությունը եւ շարժվենք դեպի վճռականություն, դեպի կառուցողականություն եւ բարձրացնենք մեր դիմադրողականությունը՝ որպես հասարակություն, եւ այդ տրամաբանության մեջ պետք է ձեւավորել լուծումները։ Այս ճանապարհով պիտի շարժվենք։
- «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը պատանդ է Բաքվում։ Ձեր գնահատմամբ՝ արդյոք հայկական կողմը բավարա՞ր ջանքեր է գործադրում նրան վերադարձնելու ուղղությամբ։
- Ռուբեն Վարդանյանը մեր «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներից է, բայց պետք է հասկանալ, որ այնտեղ գերության մեջ են նաեւ Արցախի հասարակական ուրիշ գործիչներ, նախկին նախագահները, ղեկավարները, եւ դա մեզ հոգեբանորեն նվաստացնելու գործոն է։ Մենք, իհարկե, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի գերությունից ազատվեն Ռուբեն Վարդանյանն ու մյուս գործիչները։ Ես տեղյակ չեմ, թե ինչ է անում Հայաստանի ղեկավարությունը, ես գիտեմ Ռուբենի հարազատների կողմից արվող աշխատանքները, բայց, իհարկե, բոլորիս արածը բավարար չէ, քանի դեռ իրենք գերության մեջ են։ Մենք պետք է աշխատանքները շատացնենք, որպեսզի իրենք օր առաջ հայտնվեն ազատության մեջ։