Հարցազրույց

Թրամփը գործում է ոչ բարոյական, նա քանդում է միջազգային իրավունքի հիմքերը

Թրամփը գործում է ոչ բարոյական, նա քանդում է միջազգային իրավունքի հիմքերը

«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է:

- Էր-Ռիյադում տեղի ունեցան ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ բարձր մակարդակի՝ վերջին տարիների համար եզակի բանակցություններ, որի առանցքում Ուկրաինայում հակամարտության խաղաղ հանգուցալուծման հարցն էր: ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն առաջարկում են Ուկրաինայում խաղաղության հաստատման եռաստիճան ծրագիր՝ զինադադար, ընտրությունների անցկացում եւ հետո նոր միայն՝ վերջնական համաձայնագրի ստորագրում: Ի վերջո, ինչպե՞ս եք գնահատում այդ բանակցությունները:

- Բանակցությունների գնահատականը պարզ է՝ դրանք արտացոլում են Դոնալդ Թրամփի՝ համաշխարհային արտաքին քաղաքական հաղթանակի հասնելու ցանկությունը։ Դրա համար նա հրաժարվեց «Ոչինչ Ուկրաինայի մասին` առանց Ուկրաինայի» սկզբունքից, իսկ ԱՄՆ-ն Ուկրաինայի ամենակարեւոր դաշնակցից վերածվեց միջնորդի։ Ուզում եմ ընդգծել, որ արյունահեղությունը դադարեցնելու կոչեր անելիս Թրամփը չի խոսում այն մասին, թե ով է սկսել պատերազմը, ով է ագրեսորը։ Կարծես նա չի տեսնում, թե ուկրաինացի զոհերից քանիսն են խաղաղ բնակիչներ։ Թրամփը գործում է ոչ բարոյական եւ ցինիկ կերպով, նա քանդում է միջազգային իրավունքի հիմքերը՝ ուժեղի իրավունքով:

- Թրամփն աշխարհում միակ առաջնորդն է, որը կարող է խաղաղության հասնել Ուկրաինայում. բանակցություններից հետո հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Արդյո՞ք չեն շարունակում գերագնահատել հանրապետական նախագահի դերը:

- Թրամփի ամբողջ թիմն իր գործողություններով ցույց է տալիս, որ թրամփիզմը պաշտամունք է, որտեղ այլախոհների համար տեղ չկա։

- Ի դեպ, Սպիտակ տան ղեկավարը, ինչպեսեւ Պուտինը, կարծես նույնպես կասկածի տակ է դնում Զելենսկու լեգիտիմությունը՝ նշելով, որ քանի դեռ բանակցությունների պատուհան է բացված, Ուկրաինայում պետք է ընտրություններ անցկացվեն: Նա պնդում է, թե Զելենսկու վարկանիշը շեշտակի ընկել է բնակչության շրջանում:

- Զելենսկին շարունակում է մնալ Ուկրաինայի ամենապահանջված քաղաքական գործիչների թվում, Թրամփի ակնարկած 4% ցուցանիշը «մատից ծծած» թիվ է: 2024 թվականի մարտին ԱՄՆ-ն եւ արեւմտյան երկրները կուլ տվեցին Պուտինի վերընտրվելը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում Ուկրաինայի օկուպացված տարածքներում եւ այժմ քաղում են դրա պտուղները: Թրամփի հայտարարությունը, ի դեպ, ամրապնդեց Զելենսկու դիրքերն Ուկրաինայում։

- Ուկրաինայի նախագահը որոշակի քննադատության է ենթարկել ամերիկյան նոր վարչակազմին եւ դժգոհել, թե Վաշինգտոնը փորձում է Պուտինի համար հաճելի բաներ ասել, մեծ հաշվով՝ հաճոյանալ նրան:

- Դա ճիշտ է: Թրամփը փաստացի դարձել է Կրեմլի ռեֆլեքսիվ վերահսկողության օբյեկտ։ Գովաբանում են նրան, խոսում նրա մեծության մասին՝ օգտագործելով Թրամփի արձագանքը Ռուսաստանի շահերին համահունչ։

- Ուկրաինայում եւ Եվրոպայում որոշակի մտահոգություն կա ռուս-ամերիկյան հարաբերությունների ռեստարտի ֆոնին՝ առանց Կիեւի որոշվում է ուկրաինացիների ճակատագիրը: Ուկրաինան եւս անընդունելի եւ ոչ հեռանկարային է համարում սա: Կարծիք կա նաեւ, որ ԱՄՆ-ն եվրոպական քաղաքական համայնքին դուրս է մղում բանակցային գործընթացից: Մինչդեռ, Սաուդյան Արաբիայում բանակցություններին մասնակցած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ գործընթացին անպայման ներգրավվելու են եվրոպացի գործընկերները: Ի՞նչ սպասել:

- Ուկրաինան առաջին հերթին պետք է ուժեղանա ներսից։ Սա ակնհայտ է: Եվրոպացի քաղաքական գործիչները պետք է գործեն համակարգված՝ ստեղծելով Ուկրաինային ֆինանսական եւ ռազմական աջակցության մեխանիզմներ՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Ի վերջո, Ռուսաստանի լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո հենց ԵՄ-ն է առաջինը քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image