Գյումրիում տպավորություն է, թե մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Ու չնայած պաշտոնապես դեռ որևէ մեկը չի առաջադրվել, փոխարենը թեկնածուները պաշտոնական հայտարարություններ են արդեն արել, մանավանդ այս վերջին երկու օրերին նրանք ակտիվ են թե համացանցում , թե բնակիչների հետ իրենց շփումներում : Գյումրու փողոցները նույնպես ողողվել են թեկնածուներից ոմանց պաստառներով:
Գյումրու գրեթե բոլոր գլխավոր փողոցներում հանդիպում ենք ՔՊ թեկնածու, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, վերևից համաքաղաքացիներին ժպտացող «Մեր Սարիկ» -ին:
Պաստառների թվաքանակով Սարիկին չեն զիջում «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող , գործարար Կարեն Սիմոնյանը եւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության թեկնածու, մարզիկ Արտյոմ Ղարաղազարյանը։ Վերջինս ընտրել է «Ճիշտ քաղաք» կարգախոսը: Hraparak.am-ի հետ զրույցում Ղարաղազարյանը ընդգծել է, որ Գյումրին ու Երևանը տարբեր են․«Այնտեղի ընտրություններին չի նմանվի։ Տարբեր են այստեղ ներկայացված քաղաքական ուժերը, տարբեր է ընդդիմադիր դաշտը։ Հիմա բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներն էլ, որոնք մասնակցում են ընտրությանը, ունեն իրենց ձևավորված թիմերը, եւ բնականաբար, այդ մարդկանց կարծիքները չենք կարող հաշվի չառնել։ Բայց գյումրեցին իր անելիքը գիտի։ 2018թ-ից հետո Գյումրիում ընտրությունների ընթացքը միշտ այլ է եղել, եթե ուսումնասիրեք վիճակագրությունը՝ կհամոզվեք, որ ներկայիս իշխանությունը Գյումրիում ԱԺ ընտրություններից մինչև վերջին ՏԻՄ ընտրություններ պարտվել է։ Մարզի մասշտաբով, այո, կարողացել են առավել ձայներ տանել, բայց Գյումրիում պատկերն այլ է եղել» ։
Երեկ քաղաքապետի թեկնածուներից շատերը հանդես եկան նաև գյումրեցիներին ուղղված կոչով: «Ապրելու երկիր» խմբակցության թեկնածու Կարեն Մալխասյանը նշեց, որ մեծ պատասխանատվությամբ է մասնակցում այս ընտրություններին: «Մայր Հայաստան» -ից Կարեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ պետք է միասնաբար ձերբազատվենք «Քաղաքացիական պայմանագրի» կառավարումից ու Գյումրիի համար զարգացման դուռ բացենք։Hraparak.am-ի հետ հարցազրույցում Սիմոնյանը նշել է, որ եթե իր շահը չի համընկնում հենց իր շահի հետ, ուրեմն անիմաստ է որևէ բան ձեռնարկելը: «Հիմա քաղաքն էլ այդպիսին է, իմն է, ուրեմն ես առաջինը այնտեղ պիտի ինձ լավ զգամ, հասկանամ, որ իսկապես լավ է, եւ նույնը արդեն քաղաքացին կզգա, ստացվե՞ց, որ նախ եւ առաջ ինձ համար եմ անելու :Ցանկացած գործ, որը վերածվում է խաղի եւ հաճույք ենք ստանում, հաջողությամբ է պսակվում: Մարդը մինչև հաճույք չստանա, գործին չի կպնի»:
Նախօրեին գյումրեցիների համար անակնկալ ևս մեկ թեկնածու հայտնվեց:Փաշինյանի մոլի համակիր, սակայն փրայմերիզից հետո կարծես թե նրանից խռոված երգիչ, դերասան Արտյոմ Թումանյանը, որին Փաշինյանը հրաժարվեց ընդգրկել փրայմերիզի ցուցակում՝ չնայած նրան, որ Թումանյանը մեծ ցանկություն էր հայտնել, հայտարարեց, որ պայքարելու է քաղաքապետի պաշտոնի համար ։Ասաց, թե նոր կուսակցությամբ է մասնակցելու, որը ոչ նախկին է, ոչ ներկա։
Հիշեցնենք, որ Մարտի 30-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու պաշտոնական հայտարարություն են արել նաև մի շարք քաղաքական ուժեր։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է մասնակցելու, ըստ մեր տեղեկությունների, նա «Հայրենիք» կուսակցությամբ է առաջադրվելու:
Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ Կոմունիստական կուսակցությամբ է առաջադրվելու: Այս օրերին Ղուկասյանի նկատմամբ տարատեսակ ճնշումներ են բանեցվում։ Մոտ մեկ շաբաթ առաջ նրան զենք-զինամթերք պահելու կասկածանքոցվ բերման ենթարկեցին, սակայն ժամեր անց ազատ արձակեցին։ Տեղեկացանք, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նրա նկատմամբ նոր գործեր են հարուցվել, որոնք առնչվում են նրա կառավարման տարիներին։
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանն Էլ «Իմ հզոր համայնք» կուսակցությունով է որոշել առաջադրվել ։ Համացանցում Ռուբեն Մխիթարյանի դեմ անողոք պայքար են սկսել ՔՊ-ական տիկնայք։ Նրանց համացանցային պայքարը երբեմն այնքան է ծավալվում, որ ցենզուրայից դուրս է գալիս։Մխիթարյանի պաստառները նույնպես հայտնվել են քաղաքի փողոցներում` Ես քո Գյումրին եմ կարգախոսով։
Անցնող շաբաթ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և Հայաստանի Եվրոպական կուսակցությունները հայտարարեցին, որ միասնական «Եվրադաշինք» անվամբ դաշինքով հանդես կգան Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին և որպես թեկնածու առաջադրեցին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին։
«Եվրադաշինք»-ի անկեղծությանը Գյումրրիում այնքան էլ չեն հավատում։ Կասկածներ կան, որ նրանց ի հայտ գալով՝ իշխանության կողմից երևանյան սցենարն է խաղարկվելու։
Այսպիսով, եթե ամփոփենք Գյումրու ՏԻՄ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի եւ թեկնածուների թիվը, այս պահին ինը քաղաքապետի թեկնածու կա։




