Հասարակություն

Հրազդանի կալվածատերերը` Միքայելյանների ընտանիքը

Հրազդանի կալվածատերերը` Միքայելյանների ընտանիքը

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը եւ նրա որդիները` Չախչախ թագավորի օրինակով, Կոտայքի մարզում մեծ թվով հողերի, շինությունների, բիզնեսների սեփականատերեր են: Որ կողմ շարժվում ես, ասում են` սա Սասունինն է, նա Սեւակինն է: Ինքը` Սասուն Միքայելյանը, 1996-1999թթ. եղել է Հրազդանի քաղաքապետը, այնուհետեւ՝ 1995-2003թթ., ԱԺ պատգամավոր եւ, ինչպես ասում են, «սրսուռ նախկին» է, բայց տաքուկ տեղավորվել է նորերի ծոցում:

Միքայելյանների ներկայացրած հայտարարագրերում իրենց ունեցվածքի ոչ ամբողջական մասն է արտացոլված, բայց նկարագրվածն էլ քիչ չէ: 2017 թվականին պատգամավորական մանդատը ստանալու դրությամբ Սասուն Միքայելյանը հայտարարագրել է 14 շենք-շինություն եւ հողամաս: Նա 2022թ., հօգուտ համայնքապետ որդու, նվիրատվության եղանակով օտարել է միանձնյա սեփականություն հանդիսացող 4 հողամաս Ծաղկաձորում: Պարզվում է` 30 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում այս ընտանիքը ձեռքերը ծալած չի նստել. համայնքի գործերին զուգահեռ` նաեւ բավականին արժեքավոր ունեցվածք է դիզել ու, ըստ էության, Հրազդանի կալվածատերը դարձել: Պարզեցինք, որ Կոտայքի մարզի Հանքավան համայնքում գտնվող «Տաք ջուր» առողջարանային համալիրը եւս սեփականության իրավունքով պատկանում է Սեւակ Միքայելյանին: Մեր տեղեկություններով, վերջին տարիներին այդ տարածքն ընդլայնվել է: «Տաք ջուր» առողջարանային համալիրն այժմ կոչվում է «Լարգո ՎԻՆ» ՍՊԸ, որի տնօրենն է ընտանիքի բարեկամ Ավետիք Մեսրոպյանը:

Մենք հարցում էինք ուղարկել Ծաղկաձորի համայնքապետարան, թե որքան անշարժ գույք ունեն Սասուն ու Սեւակ Միքայելյանները Ծաղկաձոր խոշորացված համայնքում, ներառյալ` նաեւ Հանքավան համայնքը, եւ որքան հարկ են վճարում:

Այսպիսի պատասխան ենք ստացել.

«Ի պատասխան Ձեր գրության հայտնում ենք, որ Ծաղկաձոր համայնքի տարածքում «ԼԱՐԳՈ - ՎԻՆ» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը Ձեր կողմից նշված «Տաք ջուր» առողջարանային համալիրի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանին, եւ վերջին տարիների ընթաքում այն չի ընդլայնվել: Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափով «ԼԱՐԳՈ - ՎԻՆ» ՍՊԸ-ի կողմից համայնքի բյուջե է վճարվել 600.000 դրամ: Սեւակ Միքայելյանը Ծաղկաձորում ունի 0.04 հա բնակելի կառուցապատման, 0.4918 հա արտադրական նշանակության շինարարության, 0.233 հա այլ հողեր եւ 0.37501 հա հասարակական կառուցապատման հող: Սասուն Միքայելյանն ունի խոտhարք՝ 0.15537 հա»: Քաղաքապետարանը չի նշել, թե քանի անշարժ գույք ունեն Միքայելյանները Հանքավանում: Իսկ վճարված հարկերի մասով, օրինակ, Սեւակ Միքայելյանը 0,37501 հա հասարակական կառուցապատման տարածքի համար 2021թ. վճարել է 20 հազար 247 դրամ հարկ, 2022-ին՝ 26 հազար 508, 2023-ին՝ 30 հազար 921, 2024-ին՝ 44 հազար 173 դրամ: Սասուն Միքայելյանն իրեն պատկանող խոտhարքի՝ 0.15537 հա-ի համար 2021-2024թթ. ամեն տարի որպես հարկ մուծել է 625 դրամ: Քաղաքապետ Սեւակ Միքայելյանին է պատկանում «Լարգո ՎԻՆ» ՍՊԸ-ն, իսկ քաղաքապետի եղբայրը՝ Մեխակ Միքայելյանը, «ժառանգել» է Երեւան-Սեւան մայրուղում գտնվող գազալցակայանը, որն անվանել է «Լարգո ՎԻՆՉ» ՍՊԸ: Մեխակ Միքայելյանը 2019 թվականին հայտարարագրել է 14 հողամաս Հրազդան քաղաքում եւ 1 արտադրական նշանակության շինություն, եւս 1 արտադրական նշանակության շինություն էլ նվիրատվություն է ստացել: Ընդհանուր՝ հայտարարագրել է 10 հողամաս՝ Հրազդան քաղաքում եւ Արտավազ համայնքում, 1 հասարակական եւ 3 արտադրական նշանակության շինություն՝ Հրազդանում: Նշենք, որ Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը հոգում է, որ իր հարազատներն ու ընկերներն անգործ չմնան` նրանց տարբեր պաշտոնների է նշանակել: Նա նաեւ պարբերաբար ապահովում է նրանց մասնակցությունը հողերի աճուրդներին: Թեեւ Հրազդանում խոսում են, որ աճուրդներում երբեմն նրա ընկերներն ու մտերիմներն են հաղթում, սակայն իրականում հողերը պատկանում են Միքայելյաններին, կամ` համասեփականատերեր են:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image