Քաղաքականություն

Եթե 18 պատգամավոր ունենանք, մի ժամ հետո հարցը կլուծվի. Սաղաթելյան (տեսանյութ)

Եթե 18 պատգամավոր ունենանք, մի ժամ հետո հարցը կլուծվի. Սաղաթելյան (տեսանյութ)

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները այս պահին մտել են Ազգային ժողով, այնտեղ սպասեն ՔՊ-ական 18 պատգամավորի, որպեսզի իբրև թե նրանք գան ու ստորագրեն Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու նախաձեռնության տակ, քանի որ հենց 18 ձայն է պակասում դրա համար: Իշխան Սաղաթելյանն էլ ասաց, որ իրենք պատրաստ են մինչև վերջ գնալ, որ այդ գործընթացը իրականացվի: Սաղաթելյանը, սակայն, ժողովրդին չբացատրեց, որ եթե նույնիսկ այդ 18 ՔՊ-ականը գա և ստորագրի իրենց նախաձեռնության տակ, այն ԱԺ նիստերի օրակարգ կարող է մտնել ոչ շուտ, քան 48 ժամ հետո և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Այսինքն` ԱԺ դարպասների մոտ հավաքված ժողովուրդը դեռ առնվազն երկու օր էլ պիտի այդպես կանգնած մնա Բաղրամյան պողոտայում` հույսով, որ ՔՊ-ականները նիստ կանեն ու ինքնակամ կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու նախաձեռնությանը:

Hraparak.am-ը քիչ առաջ այսքանը հիշեցրեց ԱԺ մուտքի մոտ ճեպազրույց տվող Իշխան Սաղաթելյանին` հարցնելով, թե ինչո՞ւ իրենք այստեղ հավաքված ժողովրդին այդքանը չեն բացատրում, որ Փաշինյանին հեռացնելու գործընթացը իրավական առումով կմեկնարկի երկու օր հետո միայն:

Սաղաթելյանն ասաց, որ այս պահին գլխավոր խնդիրը այդ 18 հոգու համաձայնությունն է, եթե դա լինի, մնացածը, ըստ նրա, տեխնիկական խնդիր է:

Նորից հարցրինք` ինչո՞ւ ազնիվ չեն գտնվում ու ժողովրդին պարզ չեն բացատրում, որ գործընթացը մեկնարկելու է երկու օր հետո միայն, իսկ այդ ընթացքում հնարավոր է` ՔՊ-ն հակաքայլեր ձեռնարկի:

Այստեղ Սաղաթելյանը, չունենալով մեր հարցին հստակ պատասխան, սկսեց ձայնը բարձրացնել ու թեման տանել այլ ուղղությամբ. «Ես շատ ազնիվ եմ, ու մանիպուլյացիա մի արեք, ժողովրդին մի խաբեք, ասեք` թեկնածու, թեկնածու»:

Նրան հիշեցրինք, որ մենք թեկնածուի անուն չենք տվել, որից հետո Սաղաթելյանը նորից կրկնեց. «Ես շատ կոնկրետ ասում եմ, թե խնդիրը որն ա` եթե 18 հոգի ունենում ենք, բոլոր խնդիրները լուծվում ա»:

Նորից պնդեցինք, որ եթե այդ 18 հոգին հայտնվի, միևնույն է, գործընթացը 48 ժամ հետո է մեկնարկելու:

«Եթե էդ 18-ը ունենանք, ես Ձեզ ասում եմ` մի ժամ հետո լուծվելու ա»,-նորից նույնը կրկնեց Սաղաթելյանը` այդպես էլ չասելով, թե ինչպե՞ս է մի ժամ հետո լուծվելու խնդիրը, եթե օրենքով երկու օր հետո նոր պետք է մեկնարկի գործընթացը:

Այդ պահին Իշխան Սաղաթելյանի կողքը հավաքված քաղաքացիները սկսեցին բաղավել մեզ վրա, որովհետև պարզվեց` մեր հարցը, որ բացառապես իրենց շահերից էր բխում, իրենց դուր չէր եկել, կամ չէին հասկացել հարցի էությունը, որովհետև այդտեղ հավաքված պատգամավորները, ինչպես հասկացանք, իրենց ամեն ինչ պարզ ու հստակ չէին բացատրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image