Մի դիտարկում անեմ։ Դուք Փաշինյանին թերագնահատում եք։ Գիտե՞ք ինչ վտանգավոր է, երբ թերագնահատում եք հակառակորդին, իսկ Փաշինյանն ամենամեղմ գնահատականով՝ Հայաստան աշխարհի հակառակ կողմն է։ Արևմուտքում մեր «հերն անիծելուց հետո» , նա մեր ուշադրությունը կենտրոնացնում է իր ուտելու կամ մի այլ անհեթեթ քայլի վրա։
Վերջին օրինակը բերեմ։ Փարիզ է մեկնում, երկիրն արհավիրքի մեջ է, ու մարդիկ սպասում են օրախնդիր լուծումների։ Իսկ նա այնտեղից գրում է․ «Հեծանվային լուսաբացն այսօր Փարիզում է։ Առավոտյան ժամը վեցն անց կեսի, յոթի կողմերը Փարիզի փողոցները պարզապես լցված են թարմ թխվող կրուասանի հոտերով»։ Ուշադիր հետևում եմ շարքային քաղաքացիների արձագանքին և փորձում ընդհանրացնել նրանց կարծիքը։ Նրանք դա ընդունում են որպես չտեսություն և որկրամոլություն ունեցող մարդու գրառում։ Դրա շուրջն են ծավալում իրենց գնահատականները։ Մոտավորապես այսպիսի ամբողջացնող գնահատականներ, որոնք զետեղված են նրա ֆեյսբուքյան էջում․ «Սրա ուշքն ու միտքը կերնա», «Մենակ լափն ա հետաքրքիր»․․․ Մարդկանց արձագանքի մեջ զգում եմ այն խոր ատելությունը, զզվանքը, հիասթափությունը, որ տածում են ղեկավար կոչեցյալի նկատմամբ։ Քննարկում են նրա հակումները, անլրջությունը, անպատասխանատվությունը։
Քննարկում են ինչ ասես, բայց ոչ այն հարցը, թե նրա ֆռֆռալը ինչ է տվել, տալիս Հայաստանին։ Փաշինյանը Ելիսեյան պալատից էլ է տեսանյութ հրապարակել՝ իր ու Մակրոնի կնոջ «պաչ- պռոշտիի» դրվագով։ Էլի ուտելու մասին է գրում․ «Նախագահ Մակրոնի անունից Ելիսեյան պալատում ընթրիք՝ ի պատիվ Խաղաղության ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների»։ Նորից նույն գնահատականները, նույն արձագանքները, բայց ի ուրախություն մեզ, այլևս ընդդիմադիր մասսան մեծ մասամբ չի ներգրավվում այդ թեմայի մեջ։ Ջան, կեցցեներ են անում հիմնականում նրա ուղորդած «ծնծղաները»։ Զգացվում է, որ մարդիկ հոգնել են, շատ են հոգնել։ Ատելության խոսք անգամ հոգնում են ասել։ Իսկ գիտե՞ք դա ինչ է։ Հենց այստեղ է թաքնված ամենավտանգավոր հանգույցը, որը մենք հաճախ վրիպում ենք։ Փաշինյանը մարդկանց չի ուզում միայն կտրել, շեղել իրականությունից․ նա ուզում է, որ նրանք հոգնեն, դատարկվեն, ներքին ուժը կորցնեն։ Նրան դրսից հասկացրել են մի բան․ ատող մարդը երկար դիմացող մարդ չէ։ Մշտական զայրույթը սպառում, մաշում է ներսից։ Երբ մարդը միշտ շնչում է բարկությամբ, նա մի օր պարզապես կոլապսի մեջ է ընկնում՝ հոգով, մտքով, պայքարով։ Փաշինյանը չի փորձում տանելի դառնալ՝ երբեք։ Նա նույնիսկ չի փորձում համոզել։ Նրա նպատակը այլ է՝ հասնել այն կետին, երբ դու այլևս ուժ չես ունենա նույնիսկ ատելու։ Հենց այդ պահին դու կդառնաս անգործության, հուսահատության ու անտարբերության բանտարկյալ։ Նա մի անթաքույց հոգեբանական տեխնիկա է կիրառում։ Շարունակաբար դրդում է ձեզ ատել իրեն, որպեսզի դուք մոռանաք մտածել իր քայլերի հետևանքների մասին։ Որպեսզի քննարկեք ոչ թե՝ «Ի՞նչ է բերում Հայաստանին այս քաղաքականությունը», այլ՝ «Էս մարդը ինչո՞ւ միշտ ուտելու մասին է խոսում»։ Նորմալ ղեկավարը, երբ հանրությունը քննադատում է, կուղղվի։ Նա դա չի անում, որովհետև անտարբեր, թույլ հանրությանը նա ծնկի է բերելու թշնամու առաջ։
Սա պարզապես հասարակական մանիպուլյացիա չէ։ Սա հոգեկան ինտոքսիկացիա,
հոգեբանական քայքայում է։ Ժողովրդական լեզվով ասած՝
Փաշինյանը գժվցնում է ձեզ՝ որպեսզի դուք հոգնեք ու այլևս չկարողանաք դիմադրել։
Երբ մարդը հոգնում է ատելությունից, նա դադարում է պայքարել։ Ահա թե ինչ ճանապարհով է Փաշինյանը փորձում հասնել իր նպատակին։