Մշակույթ

Սա Երեւանի առաջին ուրախ արձանն է

Սա Երեւանի առաջին ուրախ արձանն է

Երեւանում երեկ մեծ հանդիսավորությամբ տեղադրվեց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանը: 2.8 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է Երեւանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց: Արձանը կանգնեցվել է մեծանուն արտիստի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով։

ՀՀ կառավարության որոշմամբ 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների իրականացման համար: Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ արձանի գաղափարն ու Մանարյանի կերպարը «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից է, երբ Մանարյանի հերոսը մոտոցիկլետով սլանում է, իսկ նրա ձեռքին հենց իր տիկնիկն է` «Անհաղթ աքլորը» ներկայացումից. «Մնացածը քանդակագործի ֆանտազիան էր` ինչպես որ ինքը դա որոշեց ու լուծեց: Արձանը մի քիչ էլ Դոն Կիխոտի ձեւ ունի, որովհետեւ դա իր սիրած կերպարներից էր, Սանչո Պանսայի տեղն էլ ազատ է, ցանկացողները մի կողմից կարող են նստել էշի վրա, մյուս կողմից` ձիու վրա»,-նկատում է Բաբայանը: 

Ինչ վերաբերում է նրան, որ արձանախմբում իր կերպարն էլ կա եւ փաստորեն Երվանդ Մանարյանի կողքին իրեն էլ են քանդակել, Բաբայանը նկատեց. «Դա ոչ այնքան իմ կերպարն է, որքան հավաքական մի կերպար, մարդիկ կան` Ֆորսին են տեսնում, որոշներն էլ Շերենցին են նմանեցնում, բայց դա, կարծում եմ` այդքան էլ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ սա, իմ կարծիքով Երեւանի առաջին ուրախ արձանն է, մենք սիրում ենք մահարձաններ, որոնք ոչ մի հետաքրքրություն չեն առաջացնում: Սա կենդանի արձան է եւ մայրաքաղաքը պետք է ապրի ուրախությունով»,-ամփոփեց Ռ. Բաբայանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image