Հասարակություն

«Կեղծիք, կեղծիք, կեղծիք կեղծիքի հետեւից, հետո կեղծիքը փակելու համար կեղծիք»

«Կեղծիք, կեղծիք, կեղծիք կեղծիքի հետեւից, հետո կեղծիքը փակելու համար կեղծիք»

Բանակում ծառայելու առումով հասարակության մեջ առկա՝ «կեղծիք, կեղծիք, կեղծիք կեղծիքի հետևից, հետո կեղծիքը փակելու համար կեղծիք…» ասողն ու այն դատապարտողը մոռանում է, որ կեղծիք կոչված երևույթի հեղինակներից մեկն ինքն է: Այս դեպքի համար է ասված՝ իսկ ովքե՞ր են դատավորները: Երևի մոռացել է, որ ընտանեկան օրաթերթի սեփականատեր և գլխավոր խմբագիր լինելով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա և համատեղության կարգով բարձրաստիճան պաշտոնյա Միքայել Մինասյանի նոր ծնված երեխայի համար ոսկուց պատրաստված և ադամանդակուռ ծծակ էր «հայտնաբերել»: Ու աննորմալ այդ կեղծիքը տարածել էր Հայաստանով մեկ: Մոռանում է, որ 2018-ի գարնանային իրադարձությունների ընթացքում, մարդկանց հիմարացնելու նպատակով, հերոսի կեղծ պապ էր մեջտեղ գցում և կամ ոստիկան Աշոտի կեղծ տատ:  

Ավելին, ՀՀ վարչապետի պաշտոնում պատերազմի խայտառակ պարտության մեղավոր լինելով՝ սեփական մեղքն ընդունելու փոխարեն փորձեց այն հեռացնել իրենից՝ տարածելով մնացած բոլորի վրա՝ զինվորից մինչև գեներալ: Հիշենք վերջինիս կնոջ կողմից բարձրաձայնած՝ 11 000 դասալիքների հեքիաթը, որը փոխառնվել էր թշնամի երկրի ղեկավարից: Մոռանում է, որ փոխանակ հենց սկզբից ընդուներ արհեստական արբանյակի կամ իրենց քարոզչությամբ ներկայացված    ՝ համարյա թե տիեզերական էպոպեայի, մեղմ ասած, զավեշտը, շարունակում էր այդ անհեթեթությամբ մարդկանց ուղեղների լվացումը: Նույնն էլ ԱՆԻՖ կոչված կառույցի կամ հայկական ավիացիայի զարգացման առումով: Եվ դա այն դեպքում, երբ իր կողմից պաշտոնի նշանակված՝ ընդամենը ավիացիոն տոմսավաճառի փորձառություն ունեցող «սիրուն աղջիկն» անիծեց այդ ոլորտի հերը: Ու այդ անձը դատապարտում է այլոց կողմից «կեղծիք, կեղծիք, կեղծիք կեղծիքի հետևից, հետո կեղծիքը փակելու համար կեղծիք…» անելու երևույթը:

Հիսնամյա այդ մարդը չի գիտակցում, որ իր իշխանության կողմից հանրությանը «մատուցված» համատարած կեղծիքի պայմաններում մարդիկ պետք է դիմեն նույն կողծիքին, որպեսզի իրենց զավակներին ազատեն «ինքնիշխան» երկրի «անվտանգ ու բարեկարգ» դիրքերում ծառայելու պարտավորությունից: Բողոքելով այդ հարցում՝ չի գիտակցում, որ զինվորական վարժանքների անվան ներքո քաղաքացիական անձանց, առանց լուրջ ֆիզիկական ու, ինչու չէ, հոգեբանական պատրաստության, դիրքեր հասցնելը ևս կեղծիք է: Ինչը փորձում են շղարշել հայրենիքին ծառայելու անվան ներքո: Մոռացել է, որ վերջին պատերազմում իբրև թե կամավոր Արցախ մեկնած որդին իրականում մոր և թիկնապահների հետ շրջում էր ռմբապաստարաններով: Համացանցը պահպանել է դրա վերաբերյալ վկայությունները, որոնցից մեկն էլ ներկայացված է հոդվածին կից լուսանկարում: 

Կեղծիքն, իհարկե, լավ բան չէ՝ երբ այն կիրառվում է կենցաղային մակարդակում: Բայց կեղծիքը դառնում է վտանգավոր, երբ օգտագործվում է պետական մակարդակով: Ու այն անհրաժեշտ է արմատախիլ անել: Բայց եթե առկա է իշխանություն, որը փողոցից եկել է կեղծիքով, կեզծիքով շարունակում է իր գոյությունը, ապա դրա վերացումն անհնար է, եթե, իհարկե, պատմության աղբարկղ չի նետվում դրա հովանավոր իշխանությունը: Կկարողանանք դա անել՝ կազատվենք նաև կեղծիքից՝ համապատասխան աշխատանքի դեպքում: Չկարողանանք դա անել՝ կեղծիքը կուղեկցի մեզ՝ եթե, իհարկե, հրաշք պատահի և այս իշխանության պարագայում պահպանվի հայոց պետականությունը:

Կեղծիքի առումով. եթե ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, որի համար վերջինս դատվում է, ապա ինչո՞ւ չի դատվում ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը, որի, մեղմ ասած, սխալ հրամանատարության պատճառով մենք խայտառակ պարտություն կրեցինք պատերազմում՝ տալով բազմահազար զոհեր: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image