Հասարակություն

Մենք ինքնագործունեությամբ զբաղվելու ցանկություն չունենք 

Մենք ինքնագործունեությամբ զբաղվելու ցանկություն չունենք 

Մեծամորի «Այգեգործական» ընկերությունը, որը մի քանի տարի առաջ միացել էր Արմավիրի մարզի գյուղ Մայիսյանին, հետո խոշորացված համայնքի կազմում՝ Արմավիր համայնքին, այսօր փոթորկված էր։ Գյուղում մայիսի 13-ն է՝ ոռոգման ջրերը դեռ միացված չեն։ Մինչդեռ Կառավարության որոշումով մայիսի 1-ից Հայաստանի բոլոր խորքային հորերը պետք է լինեին միացված։ Մեզ հրավիրել էին գյուղ, որպեսզի լուսաբանենք խնդիրը։ Մեր նկարահանման պահին գյուղացիները հավաքվել էին ժողովի՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ոչ միայն ոռոգման ջրի խնդրով, այլ նաև տարբեր հարցերով։ Բողոքի ակցիային ներկա էին նաև խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը, որն այս պաշտոնին է 2021 թվականի դեկտեմբեր 5-ից հետո և Մայիսյան համայնքի ղեկավար Գրիշա Արշակյանը։ 

Գյուղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ, եթե մինչև 2018 թվականը Արմավիր ՋՕԸ-ն ոռոգման ջրի համար պայմանագիր էր կնքել «Այգեգործական» ընկերության նախագահի հետ, ապա՝ վերջին 4 տարիների ընթացքում Արմավիր ՋՕԸ-ն պայմանագիր է կապել ինչ-որ անհատի հետ։ Վերջինս գյուղացիների կողմից արված վճարների դիմաց տվել է անդորրագրեր, որոնք անօրինական են՝ այսինքն, առանց կնիքի են։ Կան մարդիկ էլ, որոնց մինչ օրս անգամ այդ անդորրագրերը չի տրվել: 

Մեր այն հարցին, թե համայնքապետարանում, ինքը՝ Կարեն Մկրտչյանը տեղյա՞կ է, արդյոք այս խնդրին, վերջինս ասաց.«Մենք այս պահին կոնկրետ, հստակ անդրադառնում ենք մարդկանց խնդիրները վերհանելով, մարդկանց ջուր տալով: Հետագայում ամեն ինչ կպարզվի, ինչի մասին է խոսքը: Այո, հետևողական եմ լինելու: Մինչև հաստիքները կբացվի՝ օրենքով սահմանված կարգով մարդկանց կտանք ջուր: Ոնց որ Հայաստանի Հանրապետության օրենքն է ասում՝ մենք ինքնագործունեությամբ զբաղվելու ոչ ցանկություն ունենք, ոչ էլ առհասարակ նման գործողություններ ենք անում: Ես այդ փաստաթղթաշրջանառությանը ծանոթ չեմ: Այսօր ինձ ինչ ասում են, բանավոր հիմքով ասում են, ես չեմ անդրադարձել այդ թեմային, որովհետև դեռ ծանոթ չեմ: Այս պահին այս աշխատանքներն ենք անում, որպեսզի մարդիկ չբողոքեն»: Մեր նկարահանման պահին միացվեցին ոռոգման ջրերի չորս խորքային հորերը։ Պաշտոնյաները հերթով շրջում էին բնակիչների տներով ստուգում ոռոգման ցանցի հետ կապված խնդիրները։ 

«Hraparak.am- ը գյուղացիներից տեղեկացավ նաև, որ խնդիր ունեն նաեւ ամառանոցների սեփականաշնորհման, օրինականացման հետ կապված։ Համայնքի ղեկավար Գրիշա Արշակյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Մենք հիմա երկու ճանապարհ ունենք սեփականաշնորհման աշխատանքներն իրականացնելու՝ մեկը, որ ՀԱԷԿ-ը, որ ցուցակներ է մեզ տրամադրել հողամասերը տրամադրելու վերաբերյալ, մոտավորապես 1000-ից 500 այգեգործական տնտեսության անուն է առկա։ Մնացածի համար չկա։ Ըստ տրամադրված առկա ցուցակի 500 այգեգործներ մեխանիկորեն կարող են սեփականաշնորհել իրենց տնտեսությունը։ Իսկ նրանց, ում անունները չկա՝ դատարանի միջոցով պետք է լուծեն այս խնդիրը»։ Պաշտոնյաները խոստացան, որ մոտակա օրերին բոլոր բարձրացված հարցերն իրենց լուծումը կստանան։ Ավագանու նիստ կհրավիրվի, կբացվի երկու հաստիք՝ ջրի բաշխման և վճարման աշխատանքներն արդեն օրինական ճանապարհով իրականացնելու համար: Hraparak.am-ը հետևողական է լինելու այս թեմային: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image