Տարածաշրջանի 3 երկրներից միայն Հայաստանն է, որ կարծես խոր նիրհի մեջ է ու չի զգում աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների քամին։ Նոր՝ բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման այս բարդ փուլում Հայաստանի իշխանությունը, հավանաբար, որոշել է տարածաշրջանում «տարբերվող» երկրի տիտղոսը վաստակել՝ գնալով տարածաշրջանային միտումներին հակառակ։
Մինչ Ադրբեջանը փորձում է ուղղակիորեն չասոցացվել ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Հյուսիսի հետ՝ երկու բեւեռներից օգուտ քաղել, մինչ Վրաստանն ազգային շահերի սպասարկման սուվերեն պետութուն ունենալու նպատակով հրաժարվում է արեւմտյան հրահանգիչների քաղաքական շահերը Հարավային Կովկասում սպասարկողի դերակատարումից՝ ընդհուպ մինչեւ ԵԽԽՎ-ն լքելու քայլ է անում, Փաշինյանի իշխանությունը Հայաստանը տանում է հերթական արկածախնդրության, ԵՄ անդամակցության ճանապարհով։
Իսկ Հարավային Կովկասում գործոն հանդիսացող երկրները` Ռուսաստանն ու Իրանը, չդադարող զգուշացումներ են հնչեցնում այդ քաղաքականության վտանգավոր հետեւանքների մասին, արհեստականորեն օրակարգ է բերվում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության նախագիծը, ԱՄՆ նախկին վարչակազմի հետ ստորագրվում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, ու մեկ տարով երկարաձգվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը, որին թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը ոչ միանշանակ են վերաբերվում։
Պետք չէ մեծ ստրատեգ ու դիվանագետ լինել՝ հասկանալու համար, որ սա ձախողված քաղաքականություն է, երբ հարավկովկասյան 3 պետություններից 2-ը գնում են մի ճանապարհով, իսկ մեկը՝ այլ, ակնհայտ է, որ տարածաշրջանում նժարը թեքվելու է այն խաղացողի կողմը, որն այն երկուսի հետ սերտ հարաբերություններ ունի։ Արդեն կանխատեսումներ կան, որ Պուտին-Թրամփ մեծ առեւտրում Թրամփը Հարավային Կովկասը թողնելու է որպես ավանդական ռուսական վերահսկողության գոտի, որտեղ Ռուսաստանն իր հաշիվները կկարգավորի տարածաշրջանի մյուս խաղացողների՝ Իրանի ու Թուրքիայի հետ։
«Բոլորի համար հասկանալի է, որ այս իշխանությունները վարում են մի քաղաքականություն, որը հակասում է տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների շահերին։ ԵՄ դիտորդներից Իրանը դժգոհ է, Ռուսաստանը դժգոհ է, հասկանալի պատճառներով՝ Թուրքիան ու Ադրբեջանը՝ նույնպես։ Հայաստանի իշխանությունն իրեն օտարում է այս տարածաշրջանից, եւ զուտ տարածաշրջանի խաղացողների հակասական շահերն են, որոնք ժամանակավորապես թույլ են տալիս, որ Հայաստանը մեծ հարված չստանա։ Ցավոք, ես կարծում եմ, որ սա ժամանակավոր բալանս է, որովհետեւ, եթե Հայաստանը շարունակի նույն քաղաքականությունը, իսկ տարածաշրջանի երկրներն ինչ-որ հայտարարի գան, Հայաստանին ուղղված հարվածը շատ ուժգին է լինելու»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում վերլուծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նա բացատրում է՝ աշխարհում տենդենցը հիմա բոլորովին այլ է։ Նույն ԱՄՆ-ում իշխանության եկավ մի գործիչ, որը հրաժարվում է Արեւմուտքի միասնական կոնցեպտից ու առաջ է քաշում ԱՄՆ-ի՝ որպես թիվ մեկ գերհզոր երկրի գաղափարը, այն դեպքում, երբ նախկինում ԱՄՆ-ն հավաքական Արեւմուտքի գաղափարական առաջնորդն էր ու հանդես էր գալիս այն դիրքորոշմամբ, թե ամբողջ աշխարհը պետք է նույն ճանապարհով գնա։
«Հիմա Թրամփն առաջնահերթ է համարում ԱՄՆ ազգային շահերը, մոտավորապես նույն տենդենցը կա նաեւ Եվրոպայում՝ Սլովակիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, որտեղ Լը Պենն է թափ հավաքում, Գերմանիայում, որտեղ գալիք ընտրություններին սենսացիա կգրանցվի։ Այս քաղաքականությունն օբյեկտիվ պրոցես է, աշխարհը գնում է դեպի բազմաբեւեռ համակարգ, որտեղ Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը փորձում են ալտերնատիվ բեւեռ ձեւավորել՝ անգամ այն հակասությունների պայմաններում, որ կան Հնդկաստանի ու Չինաստանի միջեւ։ Այս պրոցեսն ազդում է նաեւ մյուս երկրների վրա՝ Թուրքիան փորձում է ՌԴ-ի ու Արեւմուտքի միջեւ բալանսավորված քաղաքականություն վարել, նրա համար կարեւորը թուրքական աշխարհի ձեւավորումն է ու արաբական աշխարհում ազդեցությունը մեծացնելը։ Ադրբեջանը համարում է իրեն թուրքական աշխարհի հանգուցային կենտրոնը, որը կարող է միավորել Թուրքիային Կենտրոնական աշխարհի թուրքալեզու ժողովուրդների հետ, այսինքն՝ նա եւս Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ բալանսավորված քաղաքականության կոնցեպտի մեջ է։ Վրաստանը նույնպես այդ իրողությունը հաշվի է առնում եւ փորձում է օգտվել Չինաստանի «մեկ ճանապարհ` մեկ ուղի» ծրագրից, փորձում է վարել ինքնուրույն քաղաքականություն, եւ եթե նախկինում Վրաստանը, իրեն համարելով եվրոպական ընտանիքի մաս, գտնում էր, որ առաջնահերթ պետք է միասնական Եվրոպայի շահը սպասարկի, այսօրվա Վրաստանի իշխանությունն ասում է՝ մենք կողմնակից ենք դեպի Եվրոպա գնալուն, բայց գլխավորը պետք է լինի Վրաստանի շահը։ Միակ երկիրը, որը տարածաշրջանային իմաստով անհասկանալի քաղաքականություն է վարում, Հայաստանն է»,- բացատրում է Բոզոյանը։
Մեր զրուցակիցը շեշտում է՝ Հայաստանը եվրոպական ուղղության տեսանկյունից վատ աշխարհագրական դիրք ունի, չունի ելք դեպի Սեւ ծով, ունի չորս ցամաքային ճանապարհ, որից երկուսը փակ են, մեկն Իրանով է, որը ԵՄ-ի հետ ոչ մի կապ չունի, մյուսը՝ Վրաստանով, որը փորձում է վարել բալանսավորված քաղաքականություն, ու այս պայմաններում Փաշինյանի քաղաքականությունը, ըստ նրա, ուղղակի ավանտյուրիզմ է, որը պայմանավորված չէ տգիտությամբ։
«Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե այս 6 տարիներին ինչ խայտառակ արդյունքներ է գրանցել, եւ հասկանում է, որ հաջորդ ընտրություններում դատապարտված է ու կորցնելու է իշխանությունը։ Հայաստանի պատմությունը ցույց է տվել, որ ինչ-որ փուլից հետո երկրի ղեկավարները հեռացել են, բայց, ի տարբերություն մյուս երեքի, Փաշինյանի օրոք ահռելի կորուստներ են եղել՝ Արցախի կորուստ, էթնիկ զտում, ավելի քան 5 հազար զոհված երիտասարդներ, շուրջ 10 հազար հաշմանդամ․․․ Նման արդյունք որեւէ նախագահ չի ունեցել, եւ Փաշինյանը հասկանում է, որ, ի տարբերություն մյուսների, որոնք կարող էին իշխանություն կորցնել եւ խաղաղ ճանապարհով հեռանալ, ինքն այդ շանսը չունի, ուստի փորձում է ամեն ինչ անել, որ Հայաստան չլինի, որտեղ իրեն չեն դատի, եւ իր գործողությունները չեն դիտվի որպես դավաճանական»,- շարունակում է Բոզոյանը՝ շեշտելով, որ դրա միակ տարբերակն այն կարող է լինել, որ Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերվի` թուրքական ազդեցության ներքո դրվի։ Նա համոզված է՝ Փաշինյանի համար սա անձնական անվտանգության խնդիր է՝ Հայաստանի գոյությունը սպառնում է նրա անձնական անվտանգությանը, ու հենց սա է նրա ողբերգությունը։
«Այսպիսի խզում աշխարհում շատ քիչ երկրներում է լինում, այդպես էր, օրինակ, Հիտլերի վիճակը 1945-ից հետո։ Փաշինյանն այդ խզման արդյունքում վարում է մի քաղաքականություն, որը շոկի մեջ է գցում հասարակությանը։ Հասկանո՞ւմ եք, հիմա հասարակությունը փորձում է ապացուցել, որ ցեղասպանություն եղել է, բայց քաղաքագիտական վերլուծություն չի արվում, թե այդ թեզերն ինչու են դաշտ նետվում Փաշինյանի կողմից, մարդիկ ոչ թե պատճառից, այլ հետեւանքներից են խոսում, բայց ոչ ոք չի ասում, որ այդ անձը պարզապես իր անվտանգության խնդիրն է լուծում եւ դրա համար պատրաստ է զոհաբերել 3 միլիոն մարդու»,- եզրափակում է Երվանդ Բոզոյանը՝ հավելելով․ սա այն փաստի արձանագրումն է, որ Հայաստանում, ցավոք, լուրջ քաղաքական համակարգ երբեք գոյություն չի ունեցել։