Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով անցնող առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի վերաբերյալ նախնական դատական լսումների փուլն անցել է։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Անդրադառնալով նախաքննությանը՝ նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը անաչառությամբ առանձնակի աչքի չի ընկել․ «Նյութերում առկա են մեր բացարկաներն՝ ուղղված վարույթն իրականացնող քննիչին»։
Գևորգ Սիմոնյանի նկատմամբ այժմ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց․ «Մենք բողոքարկել ենք դրա դեմ, դատարանը բավարարեց, խափանման միջոցը մեկ ժամով վերացրին, նոր ձևակերպումներով նոր մեղադրանք առաջադրեցին, եւ անհիմն ընտրեցին խափանման միջոց, իբր թե, Գևորգ Սիմոնյանը կարող է փախուստի դիմել, բայց ամբողջ նախաքննության ընթացքում դատարաններում երբեւէ քննչական մարմինների կողմից փախուստի վերաբերյալ մտահոգություն չի եղել,բացի դրանից դատարաններն են արձանագրել, որ փախուստի վտանգ չկա, հետագայում Վերաքննիչ դատարանն հիմնավոր կասկածի բացակայությամբ է ազատ արձակել, հետևաբար կալանքի հիմք նույնիսկ չի քննարկվել»։
Դատարանն այս գործով լսելու է 423 վկայի , այսինքն՝ սա չավարտվող գործերի շարքին է դասվելու, հնարավոր է 10 տարուց ավելի տևի այս գործի դատավարությունը։ Փաստաբանն այս մասով ասում է․ «Առնվազն մարդիկ կարող են օգտվել իրենց արձակուրդի իրավունքից, դատախազ, դատավոր ունեն պարտադիր տարեկան դասընթացներ, օրն ու ժամերը իրենք չեն ընտրում, դեռ ես չեմ ասում, որ 2-3 տարի այս գործով զբաղվենք դատավորը փոխադրվի այլ տարածք։ Այս մեր պայմաններում, երբ դատական գործերը տեղի-անտեղի հետաձգվում են, երբեմն՝ նույնիսկ մեր պատճառով, օրինակ, մարդ են ձերբակալում, 3 օր հրատապ գործողություններ պետք է անել, եւ այլն, ստացվում է, որ մեկ-մեկ էլ մեր պատճառով է հետաձգվում»։
Հարցադրմանը, այսինքն ստացվում է, որ եթե, այս գործը 10 տարի քննվի դատարանում, Գևորգ Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցով պայմանավորված, դա ազատ տեղաշարժի եւ այլնի խնդիրներ կունենա․ «Մենք մի անգամ ենք անհրաժեշտություն ունեցել, որ նա երկրից մեկնի, հիմա մասնավոր սեկտորում է աշխատում, դրա հետ կապված անհրաժեշտություն էր եղել գործուղման մեկնելու, դատարանը գտել էր, որ դա բավարար չէ, բայց, այնուամենայնիվ, իրավունքի սահմանափակումը չի կարող այդքան երկար տևել, եթե վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությանը նայենք, ապա իրենք ասում են՝ այո, այդպես էլ պետք է լինի, բայց դե դա ողջամիտ չի լինի»։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:
2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Երևանի ներկայիս փոխքաղաքապետը կալանքի տակ էր շուրջ երկու ամիս։