Ինչքան էլ որ ԿԳՄՍ նախարարը վստահեցնի, թե կրթական բարեփոխումները հաջողել են, եւ «կրթության ոլորտում ունենք որակի բարելավման ցուցանիշներ», այդուհանդերձ, որոշ թվեր ու ցուցանիշներ խոսուն են ինքնին: Հենց միայն այս տարվա աշխատանքային առաջին տասնօրյակում ԿԳՄՍՆ-ի կայքէջում հրապարակվել է 121 մրցույթի հայտարարություն` Երեւանի ու ՀՀ մարզերի դպրոցների տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հետաքրքրական է, որ նույն ժամանակահատվածում քաղաքապետարանն էլ 16 մրցույթի հայտարարություն է հրապարակել իր ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենների թափուր պաշտոնի տեղի համար: Սակայն այս թվերով չի սահմանափակվում հանրակրթական ոլորտի պատկերը, մի քանի տասնյակի հասնող մրցութային հայտարարություններ (տնօրենների թափուր պաշտոնի տեղի համար) տեղադրվել են նաեւ դեկտեմբերի վերջին: Մեծ հաշվով, այս պատկերը զարմանալի չէ, քանի որ դեռ անցած տարվա սեպտեմբերին ԿԳՄՍՆ-ն հայտնեց, որ շուրջ 300-ից ավելի դպրոց չունի տնօրեն:
Փորձագետների կարծիքով, խնդիրը պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի նշանակման եւ բողոքարկման նոր կարգի մեջ է, որը կառավարությունը հաստատեց անցած տարի:
Կառավարման նոր համակարգով նախատեսված է դպրոցի տնօրենների ընտրության եւ նշանակման եռափուլ համակարգ, ինչպես նաեւ հետագայում տնօրենների գործունեության ամենամյա մոնիթորինգի եւ ատեստավորման համակարգ:
Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Դրական շեմը հաղթահարած ծրագրերի հեղինակ հավակնորդները մասնակցում են հարցազրույցի լիազոր մարմնի շրջանակում, որի արդյունքներով էլ տեղի է ունենում նշանակումը։ Սակայն կարգի կիրարկման ընթացքում պարզվել է, որ կան դեպքեր, երբ զարգացման ծրագրերը չեն բավարարում նվազագույն պահանջներին, եւ երբեմն բացակայում է ինքնուրույն աշխատանքը։ Այս խնդիրների կարգավորման նպատակով նոր կարգով առաջարկվել է մի քանի մեխանիզմ: Առաջինն արտագրության փաստի հայտնաբերման մեխանիզմն է, որը գործարկվել է անցած տարվանից։
Ի դեպ, նախորդ տարում, համաձայն ԿԳՄՍՆ-ի, 853 դպրոցի զարգացման ծրագրի փորձաքննություն է իրականացվել, դրական եզրակացություն ստացել է ընդամենը 99-ը, իսկ այդ 99-ից էլ միայն 44-ն է հարցազրույցից հետո դրական եզրակացություն ստացել: Ու դա այն դեպքում, որ 300-ից ավելի դպրոց չունի տնօրեն։
Մասնագետների եւ հենց տնօրենի պաշտոնի հավակնորդների կարծիքով, այն պահանջը, որ դրվել է նախարարության կողմից, ոչ իրատեսական է, քանի որ չի կարելի մեկ մարդուց պահանջել այդպիսի ծավալի փաստաթուղթ։ Տնօրեններից շատերը չեն սովորել եւ չգիտեն զարգացման ծրագիր գրել:
Ուստի հենց դրանով է պայմանավորված, որ հավակնորդներն այլ ճանապարհներ են գտնում՝ հաղթահարելու զարգացման ծրագիր գրելու պատնեշը։ Տնօրեն դառնալ ցանկացողները դիմում են տարատեսակ քայլերի, որոնցից մեկն արհեստական բանականությունն Է, ում հրահանգում են իրենց փոխարեն ծրագիր գրել։ Չնայած գործադիրը զարգացման ծրագրերի ինքնատիպությունը ստուգող «անտիպլագիատի» ծրագիր ունի, բայց արհեստական բանականության մասնակցությունը պարզել դեռեւս չի ստացվում։ Ինչպես նաեւ, list.am-ում վճարովի ծառայություններ են առաջարկում՝ դպրոցի զարգացման ծրագիր գրելու համար, մասնավորապես՝ 450 հազար դրամի դիմաց հաղթող, մրցունակ ծրագիր։