Էն որ Փաշինյանի համար տոն է, երբ Պուտինի ձեռքը սեղմում է, ակնհայտ է։ Պուտինը դեռ ձեռքը չսեղմած՝ ֆեյքերի ճառագայթումներն իսկույն հենց իր էջում աղմկում են (էջից եմ վերցրել)․
«Պուտինը ինչ ուրախա, որ Վարչապետս իրա ձեռքը սեղմումա»,
«Սրտանց չէի ուզի, որ այդ անարժանի հետ խոսեիք…»,
«Ասում են՝ շան հետ ընկերություն արա, բայց փեդը ձեռիցդ մի քից»,
«Այ տենց համ կուրախանաք, համ կխառնվեք մեր հզորին տեսնելուց»։
ՌԴ նախագահի վերաբերյալ վիրավորական գրառումները չեմ տեղադրում․ այստեղ զննող աչք էլ պետք չէ՝ հասկանալու համար, որ Փաշինյանը հերթական անգամ իր հայելային անդրադարձն է գործի դրել՝ ցույց տալու, թե ժողովուրդը, իբր, դեմ է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Մյուս կողմից էլ՝ նույն հայելու առաջ կանգնած արդարանում է ժողովրդի առաջ՝ թե ինչու է հանդիպում Պուտինին։
Չէ՞ որ Պուտինին բարև տվողներին համարում է գործակալներ։ Բայց դե, ինքը կասի՝ ժողովուրդն է գրում, ես ի՞նչ անեմ։ Ժողովուրդը չի գրում․ դա իր հայելային անդրադարձն է, ութ տարվա փորձարկված գործիքը։ Հայելի, որ խոսում է, գոռում է, վիրավորում է ու վերջում էլ քեզ արդարացնում։ Այդպես է անում, որ ասես՝ «ի՞նչ անեմ, սիրելի Պուտին, տես, ժողովուրդը չի ուզում, որ քեզ հետ հանդիպեմ, բայց ես հզոր եմ, ժողովրդից էլ հզոր, հակառակ եմ գնում նրա կարծիքին»։ Սա արդեն քաղաքական հերոսություն է, գրեթե էպոս։ Մնում է՝ ձեռքը սեղմելուց հետո մեդալ էլ կախեն։ Թե ինչու ինձ խաղաղության մեդալ չտվիր՝ չհասկացա։
Իսկ իրականում ժողովուրդը նույնիսկ չգիտի՝ ինչ է Նիկոլ Փաշինյանի ուզածը։ Միայն տեսնում է, որ երկիրը ադրբեջանա-թուրքական ռելսերի վրա դրած տանում է անդունդ, իսկ Փաշինյանը բոլորի հետ լավ է, որ ամեն մեկն իր ուղղությամբ մի քիչ իրեն քաշի ընծայվող «բեռը»։
Երկիրը փայ-փայ է անում․ սա քեզ, սա քեզ, սա էլ քեզ։ Ինձնից մի նեղացեք, բոլորիդ էլ բաժին եմ հանում։ Մի բան սրան, մի բան նրան, մի ուրիշ բան էլ երրորդ կողմին։ Դուք էլ, խոսքը ժողովրդին է վերաբերվում, իրար միս կերեք՝ Նիկոլը եվրոպամե՞տ է, թե՞ թուրքամետ, ռուսամե՞տ է, թե՞ արևմտամետ։
Իսկ ինքը այդ ընթացքում սրտիկ է անում ու ասում՝ «հավասարակշռված քաղաքականություն եմ տանում»։ Մի ձեռքով մեկի ձեռքը սեղմում է, մյուս ձեռքով՝ մյուսին փայ է բաժանում, իսկ հայելին հետևից գոռում է․
«Պուտինը ինչ ուրախա, որ Վարչապետս իրա ձեռքը սեղմումա»։ Կոնկրետ նկարում հայելու դեր է կատարում Մհեր Գրիգորյանը։
Իսկ ո՞վ չի ուրախ, կասե՞ք։
Ո՞վ է հրաժարվում իր փայից։