Եկեղեցու շուրջ իշխանության կողմից կազմակերպված գրոհները հանրային ընկալման մեջ չեն տեղավորվում։ Իշխանության կողմից բաց պայքար է մղվում Եկեղեցու դեմ՝ արատավորելով, հայհոյելով, բռնի գործողություններ կազմակերպելով։ Այս ֆոնի վրա հրապարակվում է եկեղեցականին խայտառակող տեսանյութ, հետո հայտարարվում է, որ քրեական գործ է հարուցվել նրա անձնական կյանքը խախտողների դեմ։ Թղթի վրա սա կարծես օրենքի պահպանում է, բայց իրականությունը բոլորին ուրիշ բան է ասում։
Հիշեցնեմ, որ տեսանյութի բովանդակությունը արդեն լսել էինք Փաշինյանից, որը հարված էր եկեղեցուն ու հոգևորականին։ Իշխանությունը հենց այդ գործին էր լծված ու հանրությունը դա տեսնում, դրա մեջ ապրում է։
Հասարակության մեջ ձևավորվում է բացասական ֆոն։ Եկեղեցու հեղինակությունը վնասվում է։ Սա համընկնում է իշխանության երկարաժամկետ հակաեկեղեցական խոսքի ու գործողությունների հետ։ Հիմա Եկեղեցին խայտառակելուց հետո քրեական գործ հարուցել են, որ ի՞նչ։ Ստացվում է մի այսպիսի բան։ Սկզբում խայտառակում են, հետո «խիստ հուզվում» խայտառակվելու համար։ Ինչու՞ եք հուզվել,- ուզում եմ հարցնել։ Դուք դա չէի՞ք ուզում։ Հանրությունն ինքն իրեն հարց է տալիս՝ Եթե պաշտպանում եք, ինչո՞ւ չկանխեցիք մինչև տարածվելը։
Պետությունն այդ ընթացքում չի փորձում կանխել տարածումը, իսկ մինչ այդ պետության գլխին նստածը հայտարարում էր տեսանյութի կարճ բովանդակության մասին։ Ո՞նց կարող է հանրությունը չմտածել՝ մի՞թե սա էլ հերթական խաղը չէ՝ եկեղեցուն հարվածելու համար։ Վստահությունը չի ստեղծվում կեղծ հայտարարությամբ։ Վստահությունը ստեղծվում է, երբ քայլերը իրար հետ լոգիկա, տրամաբանություն ունեն։ Այստեղ հանրությունը հենց այդ լոգիկան չի տեսնում։ Ամենավերին մակարդակով հայտարարում եք տեսանյութի համառոտ բովանդակությունը, հետո փորձում գտնել, թե ով է հրապարակել։ Լավ, մեզ գժի տե՞ղ եք դրել։ Տեսանյութի մասին Փաշինյանը համառոտ պատմել էր, ՔԿ-ն ու՞մ է ման գալիս։