Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հստակ հայտարարեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները բավարարելու է՝ այդ մասով իրավիճակը սթափ գնահատող մարդկանց համար թերեւս որեւէ նորություն չկար: Նորություն չէր նաեւ այն, որ ցանկացած զիջման գնացող Փաշինյանը կիրականացներ Ալիեւի նաեւ մյուս քմահաճույքը, այն է՝ միջանցքի երկայնքով հայ սահմանապահների բացակայությունը կապահովեր: Դրանում համոզվելու համար բավական է նայել ասուլիսի այն հատվածը, որտեղ Փաշինյանը խոսում է սահմանապահների տեղակայման հավանականության մասին: Նա անգամ փորձում էր «միջանցք» բառի հետ մեզ հաշտեցնել՝ այն զուգորդելով Հյուսիս-Հարավ միջանցքի հետ:
Փաշինյանի ասուլիսից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ է ունենում Ստեփանակերտում եւ իր հայտարարությամբ պարզապես ոչնչացնում Փաշինյանին ու նրա ասածները հերքում: Ալիեւը հայկական Ստեփանակերտում էր հավաքել տասնյակ երկրների լրագրողների ու փորձագետների եւ նրանց առաջ խոսում էր «Զանգեզուրի միջանցքի» ու «խաղաղության պայմանագրի» նախաստորագրման մասին։ «Նույն այդ Փաշինյանը 2019 թվականի ամռանը՝ այստեղ, մեծ հանրահավաքում ասաց՝ Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ։ Ու դրանով ինքն իր ձեռքով իր դժվարին կյանքի տակ ստորագրեց»,- ծաղրալից ծիծաղով հայտարարեց Ալիեւը, իսկ ներկաները բուռն ծափահարություններով ողջունեցին նրա այդ հայտարարությունը:
Ալիեւի հայտարարությանը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի խոսնակի՝ Նազելի Բաղդասարյանի հարցազրույցն «Արմենպրես» պետական գործակալությանը, որը, ենթադրաբար, պատասխան էր Իլհամ Ալիեւին, սակայն բովանդակությամբ հակասում էր Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսին արված որոշ հայտարարությունների: Նկատելի էր, որ տեքստը մանրակրկիտ մշակված եւ համաձայնեցված է: Նաեւ պետք է արձանագրենք, որ Փաշինյանն իր ասուլիսից հետո հերթական անգամ «զադնի է դրել»:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Բաղդասարյանի արած հայտարարություններին, պատասխանեց մեր հարցին` ի վերջո, ո՞ւմ հավատալ՝ Ալիեւի՞ն, թե՞ Նազելի Բաղդասարյանին․ «Առնվազն նորմալ չէ, երբ որ պետության ղեկավարի մամուլի քարտուղարը պետության ղեկավարի կարծիքին հակադրվող տեսակետ է արտահայտում: Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ողջ լեյտմոտիվը հենց միջանցքային տրամաբանության լոբբինգն էր: Ի՞նչ էր նա ասում, նա նույնիսկ արտապատվիրակումը «Զվարթնոց» օդանավակայանի, ջրային համակարգի, երկաթուղու եւ Սյունիքի ճանապարհի հետ նույնացրեց: Այսինքն, բա որ արտապատվիրակման պլյուսների մասին չէր խոսում Փաշինյանը, բա ինչի՞ մասին էր խոսում: Ավելին ասեմ․ նա ասաց, որ մեզ մոտ այդ ռեժիմը պիտի գործի՝ ըստ էության ամերիկյան առաջարկից բխող, բայց Ադրբեջանում այն չի գործելու, որովհետեւ իրենք արդեն պատրաստի երկաթուղի ունեն՝ նման բան էլ է ասել: Ես ուզում եմ հասկանալ՝ Նազելի Բաղդասարյանն ո՞ւմ է հերքել, որովհետեւ նա Ալիեւի մամուլի խոսնակը չէ, իսկ Ալիեւին նման դեպքերում պատշաճ կլիներ, որ պատասխաներ, օրինակ, մեր ԱԳՆ-ն, եթե ինչ-որ պարզաբանելու բան կար»։
Որպեսզի հասկանանք, թե ում էր հերքում Նազելի Բաղդասարյանը, շատ բան անել պետք չէ, նկատում է քաղաքագետը, դրա համար ընդամենը պետք է համեմատել Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու Նազելի Բաղդասարյանի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցը: «Եվ ակնհայտ կլինի, որ արդեն վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներն են ընդդիմախոսում իրենց շեֆին»,- ասաց Սուրենյանցը: Հարցին՝ իսկ գուցե հենց Փաշինյանի հրահանգո՞վ է այդ բովանդակությամբ հարցազրույց տվել Բաղդասարյանը, Սուրենյանցն ասաց՝ իհարկե, հնարավոր է: Եթե մի մարդ կարող է կանգնել ու ասել, որ իր ավտոշարասյունը չի վթարի ենթարկել հղի կնոջը, վարչապետի ավտոշարասյունն է վթարի ենթարկել, մի մարդ, եթե կանգնում եւ ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու գործերին չի խառնվում՝ Եկեղեցու հետեւորդ Նիկոլ Փաշինյանն է խառնվում, դեռ պարզել է պետք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նն է Նազելի Բաղդասարյանին հանձնարարություն տվել, թե՞ ոչմիթիզական ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ նկատեց քաղաքագետը:
«Ինքը յոթ տարի աշխատավարձ է ստանում՝ հասարակությանը մոլորության մեջ գցելու՝ օտար օրակարգեր սպասարկելու եւ մեր հասարակությանը մոլորության մեջ գցելու համար»,- ասաց քաղաքագետը եւ հավելեց, որ Ալիեւի վերջին հայտարարությունից հետո Փաշինյանն ու իր թիմը հասկացան, որ նույնիսկ իրենց զիջումների պարագայում Ալիեւը ոչինչ զիջել չի պատրաստվում: «Ավելին, ոչ միայն չի պատրաստվում, Ալիեւը ծաղրում է իրեն, ի ամոթ բոլորիս, մեր ազգային արժանապատվության հաշվին, մեր տառապանքի հաշվին Ալիեւը ծաղրում է իրեն: Այդ կադրերը տեսնելուց ես գետինն էի մտել: Նիկոլ Փաշինյանը համարձակություն չունի իր շուրթերով Ալիեւին պատասխանի, Նազելի Բաղդասարյանի շուրթերով է պատասխանում, առանց հասկանալու, որ Նազելի Բաղդասարյանի շուրթերով ինքն ավելի շուտ իրեն է հերքում, քան պատասխանում է Իլհամ Ալիեւին»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը: