Մենք օրեր առաջ գրել էինք, որ ՔՊ փակ նիստում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է հայկական արբանյակի խնդիրը, ասել, որ շատ վատ ծրագիր են մշակել իր նախորդները, որի արդյունքում բյուջեից 8 միլիոն դոլար է մսխվել։ Թերեւս մեր հրապարակումը «հետեւանքներ» է ունեցել սփյուռքի նախկին նախարար, Աննա Հակոբյանի հիմնադրամի նախկին տնօրեն Մխիթար Հայրապետյանի համար, եւ նախօրեին նա ԱԺ-ում լրագրողների հետ վիճաբանության մեջ է մտել, մասնավորապես` «Հրապարակի» լրագրողի հետ «ռազբորկա» սկսել, հայտարարել, որ արբանյակը լավ վիճակում է, ծառայում է իր նպատակին, եւ լրագրողները հորինում են, թե 8 միլիոն դոլարը մսխվել է: Անգամ կոչ է արել` պատասխանատու գտնվել բառերն ընտրելիս եւ այլն: Այս ամենը հեռարձակվել է մի շարք կայքերով, եւ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրառում է արել, որ ԲՏԱ նախարարը դեմագոգիայի մաստեր-կլաս ցուցադրեց եւ ուղղակի ֆռռացրեց լրագրողներին: Մենք մի քանի հարց ուղղեցինք Կարեն Վրթանեսյանին:
- Դուք գրել եք, որ ասում է՝ «արբանյակի արած լուսանկարները տեսել եմ», բա չե՞ք հարցնում, թե ինչու հանրությանը 2,5 տարում Հայաստանի (ներառյալ Արցախի) միանշանակ տեղորոշվող գեթ մեկ լուսանկար չեք ներկայացրել։ Ի՞նչ եք կարծում՝ նման լուսանկարներ արվե՞լ են, թե՞ Մխիթար Հայրապետյանը ստում է: Եվ եթե այդ արբանյակը ոչ մի բանի պիտանի չէ, ինչո՞ւ են 8 միլիոն դոլար հատկացրել դրան: Մի՞թե դա պետական փողերի մսխում չէ:
- Նախ եկեք հիշենք, թե երբ իսպանական արտադրության արբանյակի մասին տեղեկություն հրապարակվեց, ի դեպ, սկզբնական շրջանում այն միանգամայն անհասկանալի էր, գովազդում էին որպես հայկական արտադրանքի առաջին արբանյակ, որը պատրաստվել է Իսպանիայում, հետո խոստովանեցին, որ այն իրականում գնել են Իսպանիայից, եւ դա «մեծ ձեռքբերում» է: Երկուշաբթի օրն այդ անձնավորությունը` Մխիթարը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջապես այն կառավարում են հայ մասնագետները: Անընդհատ ասում էին` շուտով կառավարումն անցնելու է հայկական կողմին: 2022 թվականի կեսերից այդ մասին են խոսում, եթե այդքան ժամանակ հայկական կողմին չէր անցել կառավարումը, ի՞նչն էր պատճառը, ինչո՞ւ այն ժամանակ չէին ասում այդ մասին: Միակ, այսպես ասած, օգուտը, որը կարողանում են 8 միլիոն դոլար ծախսելուց հետո ներկայացնել, ի դեպ, այդտեղ էլ վստահ չենք, որ չեն ստում, այն է, թե հայ մասնագետները կսովորեն արբանյակ կառավարել: Բայց եկեք հիշենք, թե ինչ էին ասում ամենասկզբում․ նախ ասում էին, որ այդ արբանյակը լուսանկարում է: Ասեմ, որ արտադրողի կողմից հրապարակված լուսանկարները բավականին ցածր խտության են, Google Earth-ն ավելի լավ է նկարում, քան նրանց 8 միլիոնանոց արբանյակը, ի դեպ, Google Earth-ն անվճար է: Ասում են` սա մեր արբանյակն է, եւ կարող ենք օպերատիվ պատկերներ ստանալ, այսինքն` շեշտը դնում են նրա վրա, որ, օրինակ, գյուղատնտեսական ինչ-որ աշխատանքների կարող են հետեւել, կամ` ավտոճանապարհների, սակայն ոչ պաշտոնական քարոզչությամբ` պրոիշխանական, օրինակ՝ Perfect TV-ի նման աղբյուրներն ասում էին, որ արբանյակը լուծելու է ռազմական խնդիրներ, նույնիսկ մի նյութ էին հրապարակել, որ այդ արբանյակը քանդել է Իլհամ Ալիեւի տունը: Փորձում են մարդկանց մոտ տպավորություն եւ ակնկալիքներ ստեղծել, թե իբր այդ արբանյակը հրաշագործ գործիք է: Հատկանշական է, որ դա արվում էր 2022 թվականին` Դիմադրության շարժման օրերին: Նպատակը, ըստ էության, մարդկանց այդ շարժումից շեղելն էր, իշխանական մեդիադաշտն այդ օրերին լցված էր արբանյակի հեքիաթով: Ի՞նչ եղավ հետո, այդպես էլ գեթ մեկ լուսանկար այդ արբանյակից չհրապարակվեց, որը հստակ ապացուցելի կլիներ, որ նկարահանումը Հայաստանում է տեղի ունեցել: Կան լուսանկարներ, վիդեոներ այն մասին, թե ինչպես է արբանյակը պտտվում, բայց պրակտիկ օգտագործելի որեւիցե լուսանկար այդպես էլ չի հրապարակվել: Մի անգամ իբրեւ պրեզենտացիա արեցին, մի քանի լուսանկար էլ դրեցին, բայց, չգիտես ինչու, մեդիան այդպես էլ չտեսավ այդ լուսանկարները` չտրամադրեցին: Պրեզենտացիայից` պատին կցված լուսանկարների հիման վրա այդպես էլ Հայաստանում նման տարածք չգտանք: Այդ ժամանակ էլ խուսափողական ձեւակերպումներ տվեցին եւ չհստակեցրին, թե Հայաստանի որ տարածքներում է եղել նկարահանումը: Այստեղ մեծ հարց է առաջանում․ եթե իսպանական կայքում գրված է, որ հազարավոր լուսանկարներ են ստացել Իսպանիայից, իսկ որտե՞ղ մնացին Հայաստանի լուսանկարները, այդ դեպքում ի՞նչ արբանյակ է, ի՞նչ ուղեծրով է թռչում այն:
- Այսինքն` արբանյակի հետ կապված բոլոր ասպեկտներում իշխանությունները, մեղմ ասած, ստում են:
- Ստում են, մանիպուլացնում են, կոպիտ ասած` հասարակությանը ֆռռացնում են, եւ մեկ կարեւոր բան էլ ասեմ․ Մխիթար Հայրապետյանն ասում է` հարցում ուղարկեք գրավոր: Նմանատիպ հարցումներ եղել են, եւ ամեն անգամ պատասխանի փոխարեն նշում են, որ գաղտնի ինֆորմացիա է, եւ ոչինչ չեն ասում: Իրականում սա քաղաքացիական արբանյակ է, որեւէ ռազմական ֆունկցիա չի կատարում: Այսպիսի պարամետրերով արբանյակներ արեւմտյան զարգացած երկրներում, օրինակ` ԱՄՆ-ում, դպրոցներում երեխաներն են հավաքում եւ ուղարկում տիեզերք: ԱՄՆ-ում կա նման պետական ծրագիր՝ այդ ոլորտում կրթությունը զարգացնելու համար: Ես չեմ ասում, թե արբանյակ հավաքելը վատ բան է, թեկուզ նման կիսախաղալիք արբանյակը, սակայն այստեղ հարց է առաջանում` ինչի՞ վրա է այսքան գումար ծախսվել, արդյո՞ք ծախսված գումարները ծախսվել են ըստ նշանակության: Մենք չունենք նման վստահություն: Նախարար աշխատող այդ անձը լրագրողների հետ խոսեց բավականին ամբարտավան կերպով, համարյա թե վիրավորեց, կոպտեց, սպառնաց, բայց ոչ մի պատասխան չտվեց: Մենք, որպես հասարակություն, այդպես էլ չստացանք պատասխան` քրեական գործ, ի վերջո, կա՞, թե՞ ոչ, նա, ըստ էության, «ոչ» չասաց:
- Իսկ այլ երկրներում նման արբանյակների ստեղծման համար որքա՞ն գումար է ծախսվում:
- Շատ բան կախված է նրանից, թե ինչ սարքեր են օգտագործվել, դժվար է ասելը, թե այս դեպքում ինչ սարքեր են օգտագործվել, բայց նման արբանյակները չեն կարող մեկ միլիոն դոլարից ավելի արժեք ունենալ: Վախենամ, որ այս ոլորտի մասնագետները վախենում են խոսել այս մասին, քանի որ հասկանում են, որ իշխանությունները միանգամից սկսելու են ճնշումներ գործադրել իրենց վրա: Օրինակ, առաջին արբանյակի մասին էլ հարց տրվեց, բայց խոսվեց երկրորդ արբանյակի մասին, մարդիկ լավ չեն տիրապետում ինֆորմացիային, իսկ իշխանությունն օգտվում է առիթից: Ամեն դեպքում հարցն այն է, թե ինչու Հայաստանի տարածքից նկարներ չեն հրապարակվում: Ինչո՞ւ են գաղտնի պահում: Մենք՝ որպես հարկատու, պետք է իմանանք, թե ինչու է այդքան գումար ծախսվել, ինչի համար: Իշխանությունների եւ այդ Մխիթարի պարտականությունն է բացատրություն տալը, եւ թող նրանց չթվա, թե լրագրողների հետ ամբարտավան խոսելով կարող են այս թեման ցրել, լղոզել ու մոռացության տալ: