«Չպետք է առաջնորդվել «այլընտրանք չկա» առաջնորդությամբ, այսինքն, այլընտրանք չկա այն գործելաոճին, որ հիմա մենք պետք է որդեգրենք», «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի կողմից ՀՀ տարածքները հանձնելու մասին տրվող մեկնաբանություներին, ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Եթե մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, մենք իսկապես ստեղծում ենք իրավիճակ, երբ շանտաժի տակ գործելուն այլընտրանք չի մնում։ Բայց ես կարծում եմ, որ դա ոչ միայն չի բխում Հայաստանի շահից, դա ոչ միայն անվտանգություն չէ, որքան էլ շատերը փորձում են նենգափոխել, թե հակառակի մասին խոսողները, համաձայնության դեմ պայքարողները, քննադատողները, ընդդիմախոսները պատերազմ են հրահրում կամ պատերազմ են բերում։ Դա պարզ նենգափոխում է, որը բացարձակ կապ չունի իրականության հետ և հակառակը, պատերազմի ճանապարհը հենց այն է, որ դու գործում ես շանտաժի տակ, երբ դու թույլ ես տալիս մտածել, որ շանտաժով քեզ հետ խոսելը այն լեզուն է, այն տարբերակն է, որ միանգամայն ընդունելի է քեզ համար։ Ես կարծում եմ, որ սա որևէ կերպ չի կարող համապատասխանել պետության շահին և անվտանգությանը»,-ասաց Բադալյանը։
Անդրադառնալով շրջանառվող քննարկումներին, որ Հայաստանն ի վերջո վերածվելու է Էրմենիստանի, արդյոք հույս կա՞, որ այդ գործընթացներն ինչ-որ մի կետում կկանգնեն, ասաց, որ ցավոք չի տեսնում այս պահին ներքին պրոցեսներ, որոնք թույլ կտան խոսել իրավիճակի շոշափելի փոփոխության, առարկայական հեռանկարի մասին, եթե խոսենք ներքին պրոցեսներից։
«Ես չեմ պնդում, որ խորապես պատկերացնում եմ ներքին ռեսուրսները և ամենևին չեմ բացառում իրավիճակի փոփոխություն, այդուհանդերձ, ես չեմ տեսնում այդ պրոցեսը, մի շարք պատճառներից ելնելով, որքան էլ անկասկած տեսնում եմ նաև իրավիճակը փոխելու ուղղությամբ աշխատող, պայքարող, ձգտող, իսկապես անկեղծ տրամադրված մարդկանց և խմբերի։ Եթե խոսում ենք արդեն աշխարհաքաղաքական դասավորության մասին, այսինքն, արդյոք Հայաստանը կանցնի՞ Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության տակ, այստեղ ես կարծում եմ, իրավիճակը և հնարավոր զարգացումների սցենարները բավականին բարդ են և բազմաշերտ։ Այս աշխարհաքաղաքական մակարդակում, իհարկե, հարցերը կլուծի կամ կկանխորոշի, այսպես ասած, համաշխարհային պատերազմը, թե իր ուղիղ, թե հիբրիդային դրսևորումներով։ Սա կախված է նրանից, թե Ռուսաստանն ինչ վիճակում կլինի, Իրանը ինչ վիճակում կլինի, Արևմուտքի գործողությունները։ Այսինքն, այստեղ բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է, թե ստատուս քվոյի իմաստով Կովկասն ինչպիսի ազդեցության գոտիների կբաժանվի կամ ինչպիսի ուժերի հարաբերակցություն կձևավորի Կովկասում»,-ասաց Բադալյանը։
Մեզ համար գերկարևոր է, որպեսզի Հայաստանը բարձրացնի իր սուբյեկտությունը, որպեսզի այս կարևորագույն ու բախտորոշ հարցերը չմնան հենց միայն աշխարհաքաղաքական կենտրոնների միջև հարաբերությունների քմահաճույքին կամ թե ինչ ուղղությամբ և ոնց կփչեն քամիները։
«Եվ սա է, որ հրամայական է դարձնում Հայաստանում, ի վերջո, այդ հասարակական, քաղաքական ներուժի որակական փոփոխությունը, որ մենք նաև փոխենք մեր սուբյեկտության ներուժը»,-ասաց Հակոբ Բադալյանը։