Իշխանությունը յուրացնելու կասկածանքով կալանավորված «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը մի քանի օր առաջ առերեսվել է մեղադրյալներից մեկի եւ մի վկայի հետ, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ուշագրավ է, որ գործով քննիչը առերեսում է իրականացրել ոչ թե այն վկաների հետ, որոնց ցուցմունքի հիման վրա կալանավորվել է Սերոբ Գասպարյանը, այլ այն անձանց հետ, ովքեր ցուցմունք չեն տվել Գասպարյանի դեմ, անգամ չեն ճանաչում նրան, առավել եւս նրա կողմից իշխանությունը յուրացնելու պլանների մասին տեղյակ չեն։
«Օրեր առաջ առերես հարցաքննություններ են կատարվել Սերոբ Գասպարյանի եւ սույն գործով անցնող մեղադրյալներից մեկի եւ մեկ վկայի միջեւ։ Թեեւ առերես հարցաքննություններ նրանց միջեւ իրականացնելու կարիք չկար, քանի որ վերջիններիս ցուցմունքներում առհասարակ հակասություններ չկային։ Նրանք Սերոբ Գասպարյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունքներ չեն տվել, որ մի հատ էլ դրանով պայմանավորված քննիչը կատարեց առերեսում»,-նշեց Ալեքսանյանը։
Մեզ հայտնի դարձավ, որ մեղադրյալը գործով անցնող Երջանիկ Սիմոնյանն է, իսկ վկան Լուսինե Բեգլարյանը։ Վերջիններս առերեսման ժամանակ մեկ անգամ եւս ասել են, որ Գասպարյանն առնչություն չունի մեղասագրվող արարքի հետ։ Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ գործով քննիչը հրաժարվում է առանցքային վկաների հետ առերեսում իրականացնելուց։
«Մենք պնդել ենք, որ առերես հարցաքննություն կատարվի այն երկու վկաների հետ, որոնց կարծիքով Սերոբ Գասպարյանն ունի առնչություն մեղադրանքի հետ, բայց վարույթն իրականացնող քննիչը համառորեն շարունակում է մերժել միջնորդությունները։ Մերժում է, քանի որ ճշմարտությունը մեկն է՝ Սերոբ Գասպարյանն առնչություն չունի գործի հետ։ Շատ լավ հասկանում են, որ առերես հարցաքննության ժամանակ այդ վկաների հայտնած կարծիքը պարզապես էլ ավելի կզրոյացվի, կփոշիացվի, եւ մենք, ըստ էության, մեղադրանքի փլուզում կունենաք։ Ընդամենը աղմուկ բարձրացնելու համար կարված քրեական գործ է, ուրիշ ոչինչ։ Այս երկու վկաների հետ առերեսում չիրականացնելու նպատակն է՝ Սերոբ Գասպարյանին էլ ավելի երկար կալանքի տակ պահելը»,-ասաց պաշտպանը։
Մենք գրել էինք, որ մի քանի տարեց խոպանչիների տված ցուցմունքների հիման վրա արդեն շուրջ 4 ամիս է կալանավորված է Սերոբ Գասպարյանը, 2 այլ անձ, եւս 4 հոգի հետախուզման մեջ են։
Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանում զորավարժությունների մեկնած մի խումբ մարդկանց մասին է, որոնք, ըստ ԱԱԾ մեղադրանքի, պետք է հետո վերադառնային Հայաստան եւ իշխանափոխություն իրականացնեին։ Կալանավորվածներից մյուսն արցախցի Արմեն Մնացականյանն է, որը զբաղեցրել է զինվորական ծառայության բարձր սպայական պաշտոն, ունի համապատասխան զինվորական կոչում։ Արմեն Մնացականյանը Ռոստովից Հայաստան էր եկել իր հարազատ եղբոր որդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով, նրան այդ ժամանակ են կալանավորել։