Քաղաքականություն

Ինչպես է Արմեն Սարգսյանը բացատրում իր ինքնակամ «հանձնվելը»

Ինչպես է Արմեն Սարգսյանը բացատրում իր ինքնակամ «հանձնվելը»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որ պարբերաբար դժգոհում է Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների սահմանափակ լինելուց, հունիսի 24-ին ստորագրեց մի օրենք, որով էլ ավելի նվազեցին նրա լիազորությունները։ Նա ինքն իրեն զրկեց սահմանադրական փոփոխություններն այսուհետ ստորագրելու լիազորությունից։ Մենք հունիսի 24-ից առաջ հարցեր էինք ուղղել ՀՀ նախագահին, սակայն պատասխաններն ստացանք օրենքը ստորագրելուց մի քանի օր անց։ Դրանցից ակնհայտ է դառնում, որ գործող իշխանությունները վաղուց էին սկսել այս խաղը, նա էլ որոշել է ինքնակամ հանձնվել։

- Պարոն նախագահ, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ «Իմ քայլը» խմբակցությունը հունիսի 22-ին ընդունած օրենքով փաստացի զրկեց Ձեզ՝ որպես ՀՀ նախագահի, Ձեր ամենակարեւոր լիազորություններից մեկից՝ օրենքները ստորագրելու լիազորությունից։

- Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Իհարկե, հանրապետության նախագահը չի զրկվել օրենքներն ստորագրելու մասով իր հայեցողական սահմանադրական լիազորությունից:

- Արդյոք սա Ձեր հանդեպ իշխանությունների կողմից անվստահության դրսեւորում եւ Ձեզ գործընթացներից վերջնականապես դուրս մղելու փո՞րձ չէ։

- Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով եւ գործում է Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում:

- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այդ օրը հայտարարեց, որ այս նախաձեռնությունը քննարկվել է նախագահի եւ նրա աշխատակազմի հետ, եւ հենց Ձեր աշխատակազմն է իրենց մատնանշել այս լուծումը։ Իսկապե՞ս Դուք եք հուշել, որ Ձեզ զրկեն օրենքներ ստորագրելու լիազորությունից, եթե այո, ապա ինչո՞ւ։

- Այս հարցի առումով հարկ ենք համարում փաստել, որ դեռեւս սույն թվականի հունվարի 30-ին պատգամավոր Վահագն Հովակիմյանի դիմումի հիման վրա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով հեղինակ Վահագն Հովակիմյանը, մասնավորապես, առաջարկում էր. ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ» ու «այն» բառերը»: Նույն նախագծի հիմնավորման հատվածում (շրջանառության մեջ դրված ԱԺ նախագահի կողմից) տվյալ փոփոխության վերաբերյալ նշված է հետեւյալը.

««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով ՀՀ նախագահին տրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների տեքստը ստորագրելու եւ հրապարակելու լիազորություն:

Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ: Տե՛ս ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասը: Օրենքով ՀՀ նախագահին չի կարող տրվել այնպիսի լիազորություն, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ»: Ըստ հրապարակային տվյալների, վերոնշյալ նախագիծն ու դրա հետ ներկայացված այլ օրենքների նախագծերը հեղինակ Վահագն Հովակիմյանի կողմից հետագայում հետ են վերցվել: 

Պետք է արձանագրել, որ հունիսի 22-ին նույն պատգամավորի՝ Վահագն Հովակիմյանի կողմից պետաիրավական հանձնաժողովի նիստում առաջարկվել է օրենքների նախագծերի փաթեթում կրկին ներառել դեռ 2020թ. հունվարի 30-ին առաջին անգամ իր կողմից շրջանառության մեջ դրված համապատասխան օրենսդրական կարգավորումը՝ ըստ էության, նույն հիմնավորումներով:
Նշեք նաեւ, որ դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ վերջին մի քանի ամսում ձեւավորվել են աշխատանքային հարաբերություններ Ազգային ժողովի եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, երբ տարբեր օրենսդրական նախաձեռնություններից առաջ տեղի են ունենում տեսական քննարկումներ, որոնք ընդունվում են ի գիտություն:

Հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացվել էր, որ ԱԺ-ն իր լիազորությունների սահմաններում հնարավոր է հունիսի 22-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի քննարկմանը ներկայացնի նաեւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, եւ այդ փաստն ընդունվել է նախագահի աշխատակազմի կողմից ի գիտություն: Հարկ է արձանագրել, որ հանրապետության նախագահն ու նախագահի աշխատակազմը տեղեկացվել են կայացված վերջնական որոշումների մասին ուղիղ եթերով հեռարձակմամբ:

- Ինչպե՞ս եք վերաբերվում խորհրդարանի մեծամասնություն կազմող խմբակցության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծին, որն ընդդիմության կողմից որակվեց որպես սահմանադրական կարգի տապալում կամ սահմանադրական հեղաշրջում։

- Սահմանադրության փոփոխությունների ընդունման ընթացակարգերը, Սահմանադրության փոփոխություններում տեղ գտած կարգավորումները եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը տարբեր մեկնաբանությունների են արժանացել իրավաբանական հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից, երբեմն՝ իրարամերժ: Այդ տարատեսակ մեկնաբանությունները համարվել են մտահոգիչ, եւ դրանք ներկայացվել են հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից ԱԺ համապատասխան ներկայացուցիչներին:

ՀԳ․ Նկատենք՝ Արմեն Սարգսյանի իրավաբանական վարչությունը, որ կազմել է այս պատասխանները, հիմնվում է դեռեւս հունվարի 30-ին պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծի եւ դրանում տեղ գտած հիմնավորումների վրա, որոնք մեկ անգամ հետ են կանչվել, ապա հունիսի 22-ին ներկայացվել։ Հիմնավորումներից պարզ է դառնում, որ 2015-ին ընդունված Սահմանադրության մեջ կարծես թե սողանցք կա նախագահի լիազորությունների մասով, որն անհամապատասխանության մեջ է մտնում «ԱԺ կանոնակարգ» օրենքի հետ։ Ըստ նախագահականի՝ Արմեն Սարգսյանը երբեք էլ սահմանադրական փոփոխություններ ստորագրելու լիազորություն չի ունեցել, ինչը նախատեսվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով։ Ու հիմա «Իմ քայլը» դա է փորձել «շտկել»՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքով եւս նախագահին զրկելով այդ լիազորությունից։ Նախագահականից, փաստորեն, հենց այդպես են մեկնաբանում՝ համակերպվելով այն մտքի հետ, որ նախագահը միայն օրենքներ ստորագրելու լիազորություն ունի, ո՛չ սահմանադրական փոփոխությունների։

Բայց պետք է նկատել, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանադրական օրենք է, եւ այդ օրենքով է Արմեն Սարգսյանին տրվել սահմանադրական փոփոխություններ ստորագրելու լիազորություն, որը բխում է նաեւ Սահմանադրությունից։ Այսինքն՝ թեպետ նախագահի տվյալ լիազորությունը Սահմանադրությամբ բառացի կարգավորված չէ, բայց այն կարգավորված է «ԱԺ կանոնակարգ» օրենքով, որը փոխեցին իմքայլականները։ Բացի այդ, սահմանադրական փոփոխությունները եւս օրենք են՝ կարծում են իրավաբանները, որոնք պետք է ստորագրի Արմեն Սարգսյանը։ Կա Սահմանադրության մեջ առկա դրույթներից բխող տրամաբանություն, որը եւս խեղվել է։ Մասնավորապես՝ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է․ «ԱԺ որոշումները, հայտարարությունները եւ ուղերձները ստորագրում եւ հրապարակում է ԱԺ նախագահը»։ Այսինքն՝ ԱԺ նախագահին է վերապահված ավելի ցածր կարգի նորմատիվ իրավական ակտերի ու փաստաթղթերի ստորագրումը։

Իսկ հանրապետության նախագահին վերապահված է ավելի կարեւոր գործառույթ՝ օրենքների ստորագրումը։ Հիմա հարց է առաջանում՝ սահմանադրական փոփոխություններն օրե՞նք են, թե՞ որոշում, ուղերձ կամ հայտարարություն։ Եվ ամենակարեւորը՝ ինչո՞ւ է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգի միջեւ առկա ենթադրյալ անհամապատասխանությունը վերացնել ի հաշիվ նախագահի լիազորությունների կրճատման, նույն հաջողությամբ կարող էին հակառակն անել։ Ու այս ամենի հետ, փաստորեն, լուռումունջ համակերպվել են Արմեն Սարգսյանն ու նրա իրավաբանական վարչությունը։ Իսկ հեղափոխությունից հետո խոսվում էր, որ վարչապետի լիազորությունները նվազեցվելու են, մյուս ինստիտուտներինը՝ ավելացվեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image