ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարներից բրիգադի գեներալ Էսմայիլ Քովսարին հայտարարել է, թե
Հորմոզի նեղուցի փակելը միշտ էլ եղել է տարբերակներից մեկը, որը հնարավոր է։
Նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Իրանը վճռականորեն նման որոշում կկայացնի և դրա հնարավորությունը դիտարկվում է։
Հորմուզի նեղուցը, որի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը՝ Արաբական Միացյալ Էմիրություններին և մի փոքր մասը՝ Օմանին, էներգակիրների գազի ու նավթի մատակարարման հիմնական ճանապարհն է երրորդ երկրներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին ու այն արգելափակելու որոշումը, եթե կայացվի, լրջագույն խնդիրներ կարող է ստեղծել։
Այս հնարավորությունը տեսականորեն բացառված չէ և այն Իրանի պաշտոնական դոկտրինում մշտապես հաշվի է առնվում։
«Նեղուցի եռյակ կղզիները` Մեծ Թոնբ, Փոքր Թոմբ Աբու Մուսան ռազմավարական հույժ կարևոր նշանակություն ունեն։ Իրանը այնտեղ բազաներ ունի և ամբողջովին վերահսկում է երթևեկը նեղուցից և ցանկացած պահի կարող խոցել ցանկացած նավ կամ արգելել նրանց անցումը։
Նեղուցում խորությունը շատ ցածր է ու ընդամենը 3-5 նավ, եթե պայթեցվի ու դրանք սուզվեն, երթևեկությունը կդադարի։ Այս հնարավորությունը տեսականորեն կա, եւ երբ իրավիճակը սրվում է, Իրանը մշտապես ակնարկում է, որ ցանկացած պահի կարող է դադարեցնել նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցով, ինչը աշխարհի մակարդակով էներգետիկ լուրջ ճգնաժամ կստեղծի, որովհետեւ նավթի գրեթե 60 տոկոսն այս նեղուցով է տեղափոխվում»,- մեզ հետ զրույցում ասաց իրանագետ Արամ Շահնազարյանը։
Նրա կարծիքով, Իրանի կողմից դա կլինի ծայրահեղ քայլ։ «Չեմ կարծում, որ հասել է այն պահը, երբ Իրանը կարող է գնալ նման ծայրահեղ քայլի, մանավանդ, որ այնուամենայնիվ, իրենք չեն ցանկանա, որ էսկալացիան սրանից ավելի սրվի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։