Ոչ պաշտոնական այցով ԱՄՆ մեկնած Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նոր վարչակազմի հետ շփումների փոխարեն հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ է հանդիպել եւ հերթական մարազմատիկ մտքերը հայտնել՝ ըստ էության երկրորդելով իր կնոջը, որը ժամանակին հենց ԱՄՆ-ում ասել էր, թե պատերազմում ընկած տղաները զոհվել են հանուն ոչնչի։
Նախ հիշեցնենք, որ Վաշինգտոն Փաշինյանի այցի առիթը 5-րդ ամենամյա կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին, ապա Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելն է: Նա նաեւ հանդես է գալու ելույթով: Սակայն այցից առաջ իշխանական պրոպագանդան փորձում էր տպավորություն ստեղծել, թե Փաշինյանը վայելում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի աջակցությունը, եւ բարձր մակարդակի հանդիպում է նախատեսվում: Լուրեր կային, թե իշխանությունը փորձում է հասնել նրան, որ եթե ոչ Թրամփը, գոնե պետքարտուղար Ռուբիոն կամ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նրան ընդունեն, սակայն կարծես թե չի հաջողվել։
Մինչդեռ այցը տեղի է ունենում ԱՄՆ նախկին՝ Բայդենի վարչակազմի հետ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումից հետո: Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պանելային քննարկումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր իշխանությունը որոշել է վարել բալանսավորված եւ բալանսավորող արտաքին քաղաքականություն։ Ուստի ենթադրվում էր, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական հուշագիր ստորագրած պետության ղեկավարի այցը պետք է լիներ պաշտոնական, ոչ թե մասնավոր բնույթի, եւ բարձր մակարդակի առնվազն որեւէ հանդիպում պետք է լիներ։ Էլ չասած, որ, հետեւելով ՔՊ-ականների եւ նրանց սպասարկողների մեկնաբանություններին, կարելի էր կարծել, թե ԱՄՆ-ն ստանձնել է Հայաստանի եւ հայ ժողովրդի «փրկչի» առաքելությունը։
Իշխանական շրջանակներում, այդուհանդերձ, հույսը չեն կորցնում, որ առաջիկա օրերին Փաշինյանը որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպում կունենա, եւ դա կներկայացնեն իբրեւ ՀՀ իշխանություններին ԱՄՆ վարչակարգի աջակցություն, առայժմ, իբրեւ սփոփանք, տարածում են Փաշինյանի՝ Nahigian Strategies կազմակերպության նախագահ Քիթ Նահիգյանի հետ հանդիպման կադրերը, քանի որ Նահիգյաններն անձնական սերտ կապեր ունեն Դոնալդ Թրամփի հետ եւ ազդեցիկ դիրք՝ ԱՄՆ-ում։ Փաշինյանը մասնակցել է նաեւ Save Armenia կազմակերպության հրավիրած ընդունելությանը: Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի համանախագահ, Save Armenia-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է նրա այցը եւ ընդգծել կազմակերպության հանձնառությունը` աջակցելու Հայաստանին` իր օրակարգերն առաջ մղելու գործում: Նա նշել է, որ Save Armenia-ն նպատակ է հետապնդում՝ միավորել քրիստոնեական առաջնորդներին եւ այլ շահագրգիռ խմբերին` Հայաստանին օժանդակելու հարցում: Ուշագրավ է, որ հավաքին մասնակցել է նաեւ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը, որի հետ ողջագուրված լուսանկարը ներկայացված է պաշտոնական կայքում։
Ինչ վերաբերում է հայ համայնքի հետ հանդիպմանը՝ Փաշինյանն ուղիղ 20 րոպե անհասկանալի, անհեթեթ մտքեր է հայտնել, ընդ որում՝ պաշտոնական տեսանյութում միայն նրա ելույթն է` ներկաների հետ հարցուպատասխանից ոչինչ չկա։ Տեսանյութում վարչապետի հետ հանդիպմանը եկած ամերիկահայերը թեպետ նրան ծափերով են դիմավորում, լսում նրա խոսքն ու ծափերով ճանապարհում, բայց պարզ չէ, թե ինչ են նրանք ընթացքում խոսել։ Մինչդեռ այդ ժամին Հայաստանի դեսպանատան առջեւ ամերիկահայ երիտասարդները վարչապետին դիմավորել են «Ժողովրդավարությունը շեղվել է իր ուղուց», «Փախստականները մոռացված են», «Արցախին դավաճանել են» պաստառներով:
Իսկ ներսում Փաշինյանն ասում է, թե Հայաստանում տեղի է ունենում «գաղափարախոսական փոփոխություն»` տրանսֆորմացիա, հետո բացատրում է իր հայտնագործությունը․ «Ո՞րն է այդ գաղափարախոսությունն ու տրանսֆորմացիան, իմ ընկալմամբ, կարծիքով եւ համոզմամբ, Հայաստանի Հանրապետության այսպիսի մի ընկալում է եղել թե՛ ՀՀ-ում, թե՛ սփյուռքում, որ Հայաստանը մի հենման կետ է՝ ավելի բարձր ազգային նպատակների հասնելու համար, այդ նպատակները, իմ կարծիքով եւ համոզմամբ, կապված են մեր պատմական անցյալի հետ․․․ Գաղափարախոսությունը որ փոխվում է, այն է, որ ՀՀ-ն ինքն է ազգային բարձր նպատակ, եւ նա միջոց չէ՝ նպատակներին հասնելու համար։
Այս տրանսֆորմացիան տեղի է ունենում մեր անցած ճանապարհի բերումով, եւ, ցավոք, նախկինում դրա մասին չենք մտածել, բայց դա այն գաղափարախոսությունն է միայն, որ Հայաստանի լինելության շանսն է տալիս»։ Հետո շարունակում է․ «Իմ գնահատմամբ՝ 44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն, ․․․ես չէի ուզի սրանով գալ եզրակացության, որ մեր նահատակները․.․ իրենց հերոսությունը ոչնչի մասին է եղել, ես համաձայն չեմ եւ այդ թեմայի մասին էլ եմ շատ երկար մտածել, եւ ինձ մոտ ձեւավորվել է համոզմունք, որ այդ զոհողությունները Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար են եղել, եւ մենք հիմա պիտի կենտրոնանանք այդ զոհողությունն օգտագործելու վրա»։
Ասում է, որ ժամանակն է՝ դուրս գալ «նահատակի» դերից, որը մեզ համար սահմանել են որոշ երկրներ, եւ ժամանակն է, որ մենք որպես սովորական ժողովուրդ ապրենք․ «Նույն խոսակցությունն ունենում եմ ամենատարբեր ղեկավարների հետ, որոնց ասածը հետեւյալն է՝ գիտեք ինչ, այս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի, ձեր դերը նահատակն է, ժողովուրդ, ինչո՞ւ եք խառնվել իրար։ Երբ մենք ասում ենք՝ հա, հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, շատ դեպքերում դուք եք օգնել, որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ, ուզում ենք՝ ՀՀ-ում սովորական մարդն ապրի սովորական կյանքով՝ առավոտը վեր կենա, մի բաժակ սուրճ խմի, նորմալ տրանսպորտ լինի, գնա գործի, հետ գա տուն, տարին մի անգամ գնա ինչ-որ տեղ հանգստանալու, եւ իր դերը չլինի նահատակ ժողովրդի ներկայացուցիչ լինելը։ Նահատակ լինելու դերի դեմ մենք պայքարելու ենք եւ պայքարելու ենք հանուն սովորական կյանքով․․․ դա արդեն ուրիշ պարամետր է, սովորական բարեկեցիկ կյանքով ապրող սովորական երկիր լինելու։ Սա է այն գաղափարախոսության փոփոխությունը, որ տեղի է ունենում, ես այս գաղափարախոսությունն իրականություն դարձնելը համարում եմ մեր պատմական առաքելությունը»։
«Գնալով էլ ավելի է դժվարանում Փաշինյանի հայտարարություններում պատճառահետեւանքային կապ գտնելը, նախադասությունը` եթե բարդ համադասական է, ապա վերջը, վստահաբար, հակասում է սկզբին»,- ասում է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, պարզաբանելով․ «Ամերիկահայերի դիմաց ասում է, թե մեզ նահատակի տեղ են դրել, պարտադրել են, իբր հասկացրել են, կոդեր տվել, որ մենք նահատակ ու ցեղասպանված պետք է լինենք՝ մոռանալով, որ ընդամենը երկու օր առաջ ինքը գրառում էր արել, որ մենք պետք է վերլուծենք, ինքներս մեզ հասկանանք՝ գուցե ցեղասպանության մեխանիկան մեր ներսո՞ւմ է։ Ակնհայտ է, չէ՞, որ մարդը խոսում է, մտորում է իր գրառման մեջ, որ մենք գուցե ցեղասպանվող ազգ ենք եւ դիմակայելու համար պիտի հանձնվենք, հետո էլ ասում է` այդ կոդերը տարիներ շարունակ մեզ փորձել են դրսից պարտադրել։ Հասկանալի է, որ տրամաբանություն չկա, ալոգիզմ իրավիճակ է։ Իսկ ամենազարհուրելի խոստովանությունը՝ «44-օրյա պարտությունից հետո ձեռք բերեցինք ինքնիշխանություն ունենալու իրավունք»: Սրանով խոստովանում է, որ այդ պարտությունն իր իշխանությունը պահելու գինն է եղել, ես կարծում եմ, այս խոստովանությունը եւս, որպես լրջագույն մեղադրանք, պետք է ներառել մեղադրական այն թեզերի շարքում, որոնք, հուսամ, առաջիկայում ուղղվելու են քաղաքական այս թիմի շարքերին»։
Զոհրաբյանը երկար տարիներ աշխատելով Փաշինյանի հետ եւ լավ ճանաչելով նրան, վստահեցնում է՝ ինքը փակուղու մեջ է․ «Որովհետեւ միայն փակուղու մեջ գտնվող մարդը կարող է աշխատելու փոխարեն այսքան իրարամերժ բաներ խոսել, ճաշ եփել, ձվածեղ անել, կնոջ հետ փոդքաստ անել, փորձել վերադարձնել իրեն տեւական ժամանակ սիրող, իսկ հիմա դժոխային ատելությամբ ատող հանրության էմպատիան` ապրումակցումն իր հանդեպ, որովհետեւ բոլոր պոպուլիստների նարկոտիկը ժողովրդի սերն է։ Փաշինյանն այսօր կորցրել է իր ամենամեծ նարկոտիկը, ժողովուրդը նրան եւ նրա կնոջն ատում է, ու դրա համար ինքն այսպիսի փակուղային վիճակում է։ Դրան գումարած աշխարհաքաղաքական փակուղին, որի մեջ ինքը գցել է Հայաստանը եւ դրանով փորձում է աշխարհաքաղաքական շպագատների միջոցով պահել իր եւ ընտանիքի անվտանգությունը, բերել են, ահա` այս իրավիճակին, երբ մարդն անում է հայտարարություններ, որոնց մի մասն ուղղակի հակասում է իր մեկ ժամ առաջ արված հայտարարությանը, իսկ մի մասն էլ ուղղակի հերթական մեղադրական ցուցմունքն է իր դեմ»։