Հարցազրույց

«Հրապարակ». Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ ոչ թե խաղացող է, այլ՝ խաղարկվող

«Հրապարակ». Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ ոչ թե խաղացող է, այլ՝ խաղարկվող

«Հրապարակ»-ի զրուցակիցը քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն է:

- Դատելով վերջին իրադարձություններից՝ ապաշրջափակման վերաբերյալ Փաշինյանի հոդված, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի հրաժարական եւ այլն, տպավորություն է, թե իշխանությունն առաջիկայում նոր զիջումների է գնալու: Այս շտապողականությունը պայմանավորվա՞ծ է գեոպոլիտիկ տեղաշարժերով:

- Մինչեւ ռեգիոնալ եւ ավելի լայն տարածաշրջանային պրոցեսներին անդրադառնալը ուզում եմ շեշտել, որ աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ փոխհարաբերությունները, նրանց կենտրոնացվածությունը եւ ներգրավվածությունը աշխարհաքաղաքական գործընթացների մեջ Թրամփի երդմնակալությունից հետո կտրուկ փոխվել է, եւ 2025թ. աշխարհաքաղաքական իրավիճակը որեւէ կերպ չի կարելի համեմատել 2024թ. իրավիճակի հետ: Այո, արագությունն ավելացել է, որովհետեւ փոխվել են նաեւ աշխարհաքաղաքական կենտրոնների փոխադարձ ընկալումները: Թրամփի քաղաքականությունն իր ազդեցությունն է ունենում նաեւ ռեգիոնալ մակարդակների վրա, եթե մինչ այդ աշխարհը սովոր էր եւ ուներ աշխատանքի մի օրակարգ, որտեղ բոլորն իրենց քաղաքական շահերը համաձայնեցնում էին ընդհանուր քաղաքական Արեւմուտքի շահերի հետ, եւ դա մեկ գլոբալ աշխարհաքաղաքականություն էր, այսօր ռեգիոնալ առումով պետությունները շատ ավելի մեծ լիազորություններ եւ սուվերենություն են վերցրել: Բնականաբար, դա ազդելու է մեր ռեգիոնի վրա: Որքան էլ ՀՀ իշխանությունը փորձեց ցույց տալ, թե ռազմավարական համաձայնագիր է կնքում Արեւմուտքի հետ, այնուամենայնիվ, դա մնում է եւ դեռ մնալու է թղթի վրա: Հայաստանի վրա անդրադարձ ունեցող ռեակցիաները, այս առումով, բավականին ուժեղ են: ԱՄՆ-ի դեմոկրատական ադմինիստրացիայի  ուղենիշներն ու քաղաքականությունը մեր ռեգիոնի վրա բավականին հստակ էին, Բլինքենի արձանագրումները վկայում էին, որ նրանք կողմ են «ներքին միջանցքին»: ՀՀ իշխանությունն այդ ժամանակահատվածում՝ ի դեմս Արեւմուտքի եւ Բայդենի ադմինիստրացիայի, ուներ գործընկեր: Այսօր իրողություններն այլ են, ՀՀ վերաբերյալ որեւէ ուղենիշ Թրամփի ադմինիստրացիայից այս 2 ամիսների ընթացքում չենք լսել, այսինքն անհայտ է, թե ինչպիսին է ՀՀ նկատմամբ մշակվող քաղաքականությունը: Մյուս կողմից, այն Արեւմուտքը, որը գոյություն ուներ, այսօր այլեւս չկա, բայց Հայաստանը շարունակում է իր ուղղությունը դեպի այդ Արեւմուտք, եւ սա խնդիրներ է առաջացնում: Ձախողվեց Փաշինյանի տխրահռչակ այցն ԱՄՆ, եւ Հայաստանն այլեւս,  հավաքական Արեւմուտքի բացակայության պայմաններում, դեպի Արեւմուտք քաղաքական կուրս որդեգրելու մշակված քաղաքականություն չունի, որովհետեւ ինքը՝ Արեւմուտքը, այլեւս բազմաբեւեռ է: Նույնը վերաբերում է նաեւ եվրաինտեգրման գործընթացին: ԵՄ-ն, հիշեցնեմ, նախեւառաջ տնտեսական միություն է, չնայած նրան, որ շատ հաճախ այն ներկայացվում է որպես արժեքների ու քաղաքականության ուղենիշ, բայց դա այդպես չէ: Մենք տեւական ժամանակ է՝ ԵԽ անդամ ենք, որը Եվրոպայի հիմնական քաղաքական, արժեքային խարիսխն է: ԵՄ-ն տնտեսական միություն է, եւ նույն տրամաբանությամբ, մենք գնում ենք դեպի ԵՄ՝ առանց ճշտելու՝ արդյոք այնտեղ որեւէ մեկն այն ֆորմատով, որով աշխատում է միությունը, ունի՞ մեզ ընդունելու հնարավորություն, եւ երկրորդ, առհասարակ՝ նման ցանկություն գոյություն ունի՞, թե՞ ոչ: Փաշինյանը փորձում է ինչ-որ քաղաքականություն իրականացնել, որի գնորդը կհայտնվի հետագայում, այլ ոչ թե ունի մշակված քաղաքականություն, որն ունի վերջնարդյունք, որի շահառուն լինելու են ՀՀ-ն եւ ՀՀ քաղաքացին: Սա քաղաքագիտության մեջ կոչվում է իներցիոն քաղաքականություն, որը չունի նպատակ եւ վերջնարդյունք, բայց գործընթացի տեսանելիության ապահովման առումով հարմար գործիք է:

- Վերջին օրերին ՀՀ իշխանությունը կաշվից դուրս է գալիս՝ համոզելու, որ պատրաստ է Ադրբեջանին նոր զիջումներ անել, բայց Ադրբեջանից չկա ազդակ: Ձեր նշած գեոպոլիտիկ տրանսֆորմացիան հաշվի առնելով, Թուրքիան ու Ադրբեջանը կօգտվե՞ն այս վիճակից, քանի դեռ դրանց ազդեցությունը մեր տարածաշրջան չի հասել:

- Ոչ թե կօգտվեն, այլ օգտվում են, եւ մենք ամեն օր տեսնում ենք այդ գործընթացը, մենք դա տեսնում ենք Փաշինյանի  արտահայտած մտքերով՝ զիջողականությունը, հանձնվողականությունը, կեղծ խաղաղասիրական ոճը խոսում են այն  մասին, որ նա անմիջականորեն գործում է թուրք-ադրբեջանական պարտադրանքի ու նարատիվների ներքո: Նրանք հողի վրա կանգնած են եւ նահանջի որեւէ տրամադրվածություն չունեն:

- Կա՞ ռիսկ, որ այս ընթացքում Հարավային Կովկասում թուրք-բրիտանական ջանքերով սադրանք կարող է հրահրվել:

- Թուրք-բրիտանական ջանքերի անմիջական եւ ռեգիոնալ ներկայացուցիչն Ադրբեջանն է, եւ այս բոլոր քաղաքական պլանավորումներն անմիջականորեն արվում են Ադրբեջանի ձեռամբ: Որքան էլ ցույց տրվի, թե գոյություն ունեն բանակցություններ, իրականում գոյություն չունեն խաղաղության գործընթաց եւ իրական բանակցություններ: Դա Փաշինյանի կողմից ցանկալին որպես իրողություն ներկայացնել է: Նա շատ կուզենար ունենալ որեւէ փաստաթուղթ, որը կներկայացներ որպես հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունք, բայց արդեն 3-րդ տարին է՝ դա չկա, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նահանջի տեղ չունի եւ նահանջի բացառումն Ադրբեջանը ցույց է տալիս շատ հստակ եւ նույնիսկ ազնիվ: Ամբողջ մանիպուլյացիան տեղի է ունենում ՀՀ իշխանության կողմից՝ հետապնդելով մեկ նպատակ՝ որքան հնարավոր է, այդ նարատիվներով պահպանել իշխանությունը եւ դրանք օգտագործել ընտրական պրոցեսում՝ ձգտելով հասնել սեփական իշխանության վերարտադրությանը:

- Իսկ սադրանքի հավանականությո՞ւնը:

- Սադրանք ասելով, մենք նկատի ունենք ռազմական բախում, որն արդեն Ադրբեջանի կողմից մի քանի անգամ փորձված օպերացիա է, երբ հայկական կողմը մեղադրվում է սադրանքների, ռազմական օպերացիաների պլանավորման մեջ: Սա տեսանելի է այն առումով, որ Ադրբեջանը գնալով իր հռետորաբանությունը սրում է եւ կոնկրետացնում՝ ասելով, որ, այսպես կոչված, միջանցքին այլընտրանք ուղղակի գոյություն չունի, եւ մնացած ամեն բան, որը տարբեր խաչմերուկների միջոցով Փաշինյանը փորձում է ներկայացնել, ուղղակիորեն ոչ միայն մերժվում է, այլեւ ոչ էլ ի գիտություն է ընդունվում՝ նույն այդ բանակցային պրոցեսում եւ որեւէ միջազգային հարթակում: Փաստացի, իրավիճակը փակուղային է, ու այն պետք է ստանա որեւէ լուծում, եւ շատ մեծ է հավանականությունը, որ այդ լուծումն Ադրբեջանը տեսնում է ռազմական ինտերվենցիայի առումով, որի ուղղությամբ տանում է շատ լուրջ տնային աշխատանք՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական:

- Իսկ ռուսական գործոնի ազդեցությունն ինչպիսի՞ն կարող է լինել:

- Ուկրաինական քեյսով մենք գործ ունենք դեռեւս չմեկնարկած բանակցությունների հետ: Այս ամբողջ նախապատրաստական ժամանակահատվածում որոշակի դիրքավորումներ ու ճշգրտումներ են իրականացվում, որը հողի վրա արտացոլվում է՝ թե ռուսական ռազմուժը որքան է խորանում դեպի Ուկրաինա, նրա կանգ առնելու կարմիր գիծը որտեղ է, արդյո՞ք ԱՄՆ-ն համաձայն է այդ կարմիր գծի հետ, որտեղ կանգնելու է ՌԴ-ն: Ուկրաինայում խաղաղության հնարավորությունն այսօր գտնվում է միայն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ձեռքում, որոշողը նրանք են լինելու, որովհետեւ փաստացի բանակցություններ սկսելու, պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն, Եվրոպան այստեղ երկրորդ խաղացող է եւ առանց ԱՄՆ-ի ռեալ պոլիտիկում որեւէ հնարավորություն չունի: Այդ մասին են վկայում նաեւ Զելենսկու այցերը դեպի Եվրոպա, որտեղ նրան բոլորը աջակցություն էին հայտնում, բայց դրանից հետո հորդորում, որ վերականգնի Թրամփի հետ հարաբերությունները: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, Հարավային Կովկասին ուշադրություն դարձնելու շատ բարձր եւ ռեալ հնարավորությունը կլինի այն ժամանակ, երբ Ուկրաինայի առումով հողի վրա կտեսնենք հրադադարի եւ խաղաղության արդյունքները: Դա տեղի կունենա շատ արագ, ավելին, Ռուսաստանն արդեն իսկ որոշակի տնային աշխատանք է կատարում՝ իր հայացքը մեր ռեգիոն ուղղելու առումով, ինչի մասին վկայում են Լավրովի այցերը Թեհրան եւ Ստամբուլ՝ որոշակի տրամադրությունների ստուգման եւ ակնկալիքների պարզաբանման նպատակով: Այնպես որ, մենք գտնվում ենք շատ լուրջ գործընթացում, որտեղ Հայաստանն իր խոսքի ազդեցության ու սոլիդության առումով այնքան թույլ է, որ ոչ թե խաղացող է, այլ՝ խաղարկվող:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image