Նոյեմբերի 9-ից մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարվանից կանցկացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Թղթային եղանակով իրականացվելու է միայն «Եզդիերեն», «Պարսկերեն» եւ «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը:
Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6 հազար մանկավարժ։ Երեւանում եւ ՀՀ բոլոր մարզերում ձեւավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով։ Ատեստավորումների մեկնարկի օրը՝ նոյեմբերի 9-ին, տեղի է ունեցել «Ինֆորմատիկա» եւ «Աշխարհագրություն» առարկաների, իսկ նոյեմբերի 10-ին՝ «Անգլերեն» եւ «Ռուսաց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը։
ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանը, ատեստավորման մեկնարկի հետ կապված, իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ուսուցիչներին՝ նշելով, որ ինֆորմատիկայի եւ աշխարհագրության ավելի քան 350 ուսուցիչ էլեկտրոնային եղանակով անցել է ատեստավորումը, որոնցից շատերը հաջող արդյունք են գրանցել։ Ապա համոզմունք է հայտնել, որ ուսուցիչներն անձամբ են համոզվել, որ «էլեկտրոնային ծրագիրը դյուրին է՝ առանց որեւէ հավելյալ բարդության, եւ օգնում է իրենց ավելի շատ ժամանակ տրամադրել առաջադրանքներին»։ Մինչդեռ հենց նախարարի գրառման տակ բազմաթիվ ուսուցիչներ դժգոհություն են հայտնել թե՛ էլեկտրոնային ձեւաչափի, թե՛ աշխարհագրության թեստերի եւ թե՛ այլ տեխնիկական խնդիրների առնչությամբ։
Ուսուցիչների դիտարկումներից մեկը վերաբերում է աշխարհագրության թեստերին ու դրանցում առկա բացթողումներին․ «Աշխարհագրության ատեստավորման 2022թ․ նույն բացթողումները շարունակել են այս տարի։ Աշխարհագրությունը ճշգրիտ ձեւակերպումներ պահանջող առարկա է, ի՞նչ անել՝ ամեն տարի գնալ ատեստավորման, այնուհետ սկսել բողոքարկման գործընթա՞ց։ Իսկ հնարավոր չէ՞ 1 տարվա ընթացքում կազմել նորմալ աշխարհագրական թեստ, թե՞ մենք ամեն տարի ստիպված ենք անցնել այդ ամենի միջով։ Աշխարհագրագետների անունից խնդրում եմ՝ ԳԹԿ-ն համալրել բանիմաց եւ գիտակ մասնագետներով, որ ոչ թե ուսուցչին «հաղթելու» թեստ կազմեն, այլ՝ գիտելիք ստուգելու»։ Դարձյալ աշխարհագրության թեստերին ու ատեստավորման նրբություններին է անդրադարձել մեկ այլ օգտատեր․ «Տիկին Անդրեասյան, աշխարհագրության թեստը վերանայելու խիստ կարիք կա։ Առնվազն արդարացի չէ, երբ թեստը չի համապատասխանում ուղեցույցով տրված չափանիշներին, մինչեւ վերջին օրը նորմալ չի գործել vexams.emis.am կայքը, իսկ թեստի ծայրահեղ անտրամաբանական հարցերի մասով հանգամանորեն ուսումնասիրության պետք է գնալ։ Ինչո՞ւ է ուսուցիչը ստիպված լրացնել մի բան, որը դպրոցի հետ ոչ մի կապ չի ունեցել, չունի եւ չի ունենալու։ Այս դեպքում հարցականները շատ են։ Ատեստավորումն առավելապես կոտրում, քան ոգեշնչում է մասնագետներին։ Մի քանիսը կոգեշնչվեն, մեծ մասը կաշխատի առանց դրա»։
Ատեստավորման առաջին երկու օրերին քիչ չեն եղել նաեւ տեխնիկական խնդիրները, որոնք հավելյալ դժվարություններ են ստեղծել ուսուցիչների համար․ «Այսօր մասնակցում էի աշխարհագրության կամավոր ատեստավորմանը, մոտ 20 րոպե անց 14 առաջադրանք կատարելուց հետո առաջացավ տեխնիկական խնդիր, հանձնաժողովի անդամին խնդրեցի օգնել։ Նա մոտեցավ համակարգչին եւ սեղմեց ինչ-որ կոճակ, ստացվեց, որ ես ավարտել եմ։ Ապա դիմեց համապատասխան մարմիններին, որպեսզի թույլ տան՝ շարունակեմ աշխատանքս, սակայն մերժեցին։ Ես փորձեցի զանգի միջոցով համապատասխան կառույցներին տեղեկացնել խնդրի մասին, սակայն աշխատանքային օր չլինելու պատճառով հարցը մնաց չպարզաբանված»։
Ուսուցիչներից շատերը մատնանշել են նաեւ ջեռուցման հետ կապված խնդիր, քանի որ ատեստավորումներն անցկացվում են շաբաթ-կիրակի օրերին, ստացվում է՝ քննական կենտրոնները չեն ջեռուցվում, իսկ 3 ժամ ատեստավորմանը մասնակցող ուսուցչի համար դա առողջական խնդիրներ է ստեղծում․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր առարկաների մասով քննության օրերը ոչ աշխատանքային օրեր են, խնդրում եմ հետեւողական լինեք, որպեսզի ատեստացիայի օրերին քննական կենտրոնները ջեռուցվեն: Ջեռուցման բացակայությունն արդեն իսկ արհեստական խոչընդոտ է՝ ամեն բան տապալելու համար»:
Ծրագրային մեկ այլ խնդիր մատնանշել է անգլերենի կամավոր ատեստավորման մասնակից ուսուցիչ։ «Երեկ մասնակցել եմ անգլերեն լեզվի կամավոր ատեստավորմանը եւ հավաքել 90,77% (ի դեպ, 2022թ. հավաքել եմ 93,4%): Իմ նշած 4 առաջադրանքների պատասխանները ծրագիրը չի պահպանել, եւ նաեւ թեստում մեկ հարցն էլ ունի 2 ճիշտ պատասխան, որից ես ընտրել եմ ոչ ձեր կողմից ընտրված ճիշտ պատասխանը։ Խնդրում եմ վերանայել արդյունքները եւ շտկել ծրագրային նման խնդիրները»,-նախարարին նման խնդրանքով դիմել է մանկավարժներից մեկը։
Ատեստավորման թղթայինից էլեկտրոնայինին անցման առնչությամբ նաեւ առաջարկ է արվել․ «Հարգելի տիկին Անդրեասյան, ճիշտ կլինի՝ նախապես թղթային տարբերակ էլ ունենա հանձնաժողովը, այդ պահին ճիշտ կլինի անմիջապես անցում կատարել թղթայինին, որովհետեւ ոչ ոք ապահովագրված չէ, մանավանդ՝ եթե ջեռուցում էլ չկա, համակարգիչները հաստատ կկախեն»։ Ի դեպ, անգլերենի ատեստավորմանը մասնակցած շատ ուսուցիչներ նշել են, որ պատրաստվում են բողոքարկել արդյունքները, քանի որ 14, 15 առաջադրանքներն էլ համակարգով չեն երեւացել կամ ներառված չեն եղել թեստում։ Օգտատերերի թվում կան նաեւ այնպիսիք, ովքեր գոհ են թե՛ կազմակերպչական հարցերից, թե՛ թեստերի որակից։ «Շնորհակալություն՝ պատշաճ կազմակերպելու համար։ Միանշանակ, այս տարբերակով ավելի հեշտ է, քանի որ թղթային տարբերակով այնքան ենք թերթում էջերը, հոգնում ենք, էլ չասեմ, որ վերջին խաչերը դնել այլեւս չկա, եւ ամենակարեւորը՝ հենց ավարտում ես թեստը, անմիջապես իմանում ես ստացածդ միավորը»,- նկատել է օգտատերը։