Ձմեռային զորակոչն ընթացքի մեջ է։ Նախկին տարիների նման, զինակոչիկների ծնողները բանակի քեֆ են կազմակերպում, բարի ծառայություն եւ բարի վերադարձ են մաղթում: Զինակոչիկները, նրանց հարազատներն ուրախանում են, որ այս տարի զինակոչվածները ոչ թե 2, այլ մեկուկես տարի են ծառայելու: Պաշտպանության նախարար Ս․ Պապիկյանը հայտարարել է, թե պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մեկուկես տարի դարձնելու հետեւանքով զինված ուժերի ծառայողների թիվը չի կրճատվելու: Սակայն նախարարը կա՛մ չի կարողանում հաշվել, կա՛մ էլ մոլորեցնում է հանրությանը: Վարժական հավաքների մասնակիցների թվի որոշակի ավելացումը չի լուծելու պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման հետեւանքով բանակի թիվը լրացնելու խնդիրը: 44-օրյա պատերազմից հետո փոխվել է բանակի նկատմամբ իշխանության վերաբերմունքը:
Նախկինում հերոսներ էին համարվում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տվածները, իսկ այժմ Ն․ Փաշինյանն ազգի հերոս հռչակել է հարկատուներին: Սակայն հարկ վճարելը ոչ թե հերոսություն է , այլ՝ պարտավորություն, որը չկատարելն առաջացնում է պատասխանատվություն, տուգանքներ: 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան 5 տարի անց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքված չէ, Ի․ Ալիեւը Հայաստանի հասցեին պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում: Ադրբեջանն ավելացրել է ռազմական բյուջեն, մեծ քանակությամբ զենքեր է գնում, ավելացնում սեփական ռազմական արտադրությունը, պարբերաբար զորավարժություններ է անցկացնում, այդ թվում՝ այլ երկրների զինուժի հետ: Ո՞ւմ դեմ է զինվում, զորավարժություններ անցկացնում Ադրբեջանը, ո՞ւմ դեմ կարող է իր ռազմական պոտենցիալով պատերազմել, ո՞ր երկրի հետ չկարգավորված հակամարտություն ունի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն չկա, կա տեւական հրադադար, որը ցանկացած ժամանակ Ադրբեջանը կարողէ խախտել: Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը՝ այդ վտանգին դիմակայելու համար:
Ն․ Փաշինյանը մինչեւ 44-օրյա պատերազմը բանակի բարեփոխումները եւ հզորացումն առաջնահերթություն էր համարում: Ներկայում նա Հայաստանի անվտանգության ապահովման համար այդքան էլ չի կարեւորում բանակի դերը: Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի բանակը պետք է լինի անվտանգության ապահովման վերջին գործիքը: Նրա պատկերացմամբ՝ եթե այն դառնում է առաջին կամ նույնիսկ երկրորդ, նշանակում է՝ անվտանգություն չկա: Փաշինյանը հայտարարել է․ «Ինչքան իրենից առաջ դու այլ գործիքներ ունես, ընդ որում, եթե վերջինը 6-րդն է, դա արդեն վատ է, դա նշանակում է, որ դու բանակից առաջ ունես 5 այլ անվտանգության գործիք: Դու պետք է այնպես անես, որ բանակը լինի 15-րդը, 20-րդը, 50-րդը, 100-րդը»: «Եթե մեր ռազմավարությունն այն է, որ մենք պետք է ուժեղ բանակ ունենանք, համեմատաբար, մի պայմանական հակառակորդից, համեմատությամբ, իսկ ո՞րն է լինելու մեր արձագանքը, եթե պարզվի, որ մի պայմանական հակառակորդն ունի իր հետ եւս երեք կամ չորս գերուժեղ ներգրավված կողմ. ստացվելու է, որ մեր ռազմավարությունները զրո՞ են, ոչ մի բան չարժե՞ն»:
Փաշինյանի այս հայտարարությունները հիմնավոր չեն, անտրամաբանական են: Անվտանգության մյուս գործիքներն ամենեւին չեն փոխարինում, այլընտրանք չեն բանակին, դրանք զուգահեռ են գործում, իսկ բանակի ուժեղությունը կամ թուլությունն իրապես ստուգվում է պատերազմում դրանց մասնակցությամբ, արդյունքներով: Հայաստանի բանակը զորավարժություններ չի անցկացնում, իսկ ինչպե՞ս է բանակում բարեփոխումների վիճակը: Այդ բարեփոխումների մեջ դեր ունի զինծառայողների ատեստացիան։ 2025թ․ դեկտեմբերի 24-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել Պնախարար Ս․ Պապիկյանին․ «2025 թվականին պաշտպանության նախարարության զինծառայողներից քանի՞սն է դիմել ատեստավորման նպատակով, նրանցից քանի՞սն է անցել ատեստավորումը, դրա արդյունքում քանիսի աշխատավարձը որքանով է ավելացել»: Հունվարի 5-ին ՊՆ-ից պատասխանել են․ «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:
Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում»: Տավուշի մարզում ծառայող պայմանագրային զինծառայողները հայտնեցին, որ վերջերս մարզից ատեստացիայի մասնակցած զինծառայողների մոտ մեկ տասնյակ անդամ ունեցող խմբից միայն մեկն է անցել ատեստավորումը: Ատեստավորմանը մասնակցած պայմանագրային զինծառայողներն ասացին, որ ատեստացիայի ընթացքում քննություն են հանձնում կրակային, շարային, ֆիզիկական պատրաստվածությունից եւ իրենց մասնագիտությունից, դրական են համարվում այդ քննություններից ստացած 3, 4 եւ 5 գնահատականները: Ֆիզիկական պատրաստվածության քննության ժամանակ մինչեւ 35 տարեկան զինծառայողները վազում են 3 կմ, իսկ 35-ից բարձր տարիք ունեցողները՝ 1 կմ։
Զինծառայողները դժգոհեցին, որ ատեստացիայի արդյունքը հաշվարկվում է ոչ թե բոլոր՝ 4 քննությունից ստացած գնահատականների միջինացված ցուցանիշը, այլ այդ 4 քննությունից մեկից ստացած, 4 գնահատականների մեջ ամենացածր գնահատականը։ Ատեստացիայից 3 գնահատական ստացած պայմանագրային զինծառայողի աշխատավարձն ավելանում է 130 հազար դրամով, 4 գնահատական ստացածինը՝ 260 հազարով, 5 գնահատական ստացածինը՝ 280 հազար դրամով: Պայմանագրայինները պատմեցին, որ մարտական հենակետում կողք-կողքի ծառայող, ատեստացիա անցած եւ չանցած զինծառայողների միջեւ որոշ դեպքերում լարվածություն է առաջանում: Երբ հենակետում ինչ-որ գործ անելու կարիք է լինում, ատեստացիա չանցածներն ասում են ատեստացիա անցածին․ «Ինձնից կրկնակի շատ աշխատավարձ ես ստանում, դու էլ արա այդ գործը»։ Թե մարտական հենակետում նման վեճն ինչ հետեւանքներ կարող է ունենալ, դժվար չէ պատկերացնելը: