Գիտե՞ք որն է հոգևորի ուժը․ երբ տեսնում ես, որ հոգևոր անձն ունի այն ներքին ուժը, որը դու չունես, բայց ուզում ես ունենալ և ձգտում ես։ Այդ ուժը, հավատացեք, փոխանցվում է։ Այս օրերին բանտում գտնվող մեր հոգևոր հայրերը դա ապացուցեցին, և հավատավոր մարդը, որը կանգուն է մնում, նրանց հոգևոր ամրության շնորհիվ է։ Այսօր, քանի որ ամենախոցելի վիճակում Միքայել Աջապահյանն է, նրա մասին կխոսեմ։ Խոցելի բառը աշխարհիկ լեզվով է, եթե կարդա, թող ների, դժվար է բարձրանալ աշխարհիկից ու խոսել հոգևոր լեզվով։ Երբ նրան ձերբակալեցին, քույրը արտասվելով ասաց․ «․․․ Բայց ինքը վատառողջ է, մի նայեք, որ խրոխտ- խրոխտ խոսում է»։ Գիտե՞ք ինչ կար նրա բառերի մեջ, երբ ասում էր, որ հազար ու մի հիվանդություն ունի, բայց խրորտ- խրոխտ խոսում է։ Սա է հենց հոգևոր ուժը, երբ մարդ չի ընկրկում անգամ հիվանդության առաջ։
Մերօրյա «սրբազանների» վախը, գայթակղությունը մոլորեցրեց հանրությանը։ Մարդիկ, որ միշտ մտածում էին, որ Եկեղեցին անխոցելի է, խոցվեց։ Մարդիկ, ումից օրհնություն էին ստացել տարակուսեցին՝ սրա՞նք են մեր հոգևորականները։ Սա էր պառակտողի գերնպատակը՝ հեղինակազրել Եկեղեցին, թուլացնել հավատավորներին։ Շատերից եմ լսել՝ էլ ո՞նց հավատանք։ Նրանց ուժ էին տալիս, փրկում այն Սրբազանները, որոնք բանտի մեջ անգամ չէին նվնվում։ Բանտի մեջ անգամ փառք էին տալիս Աստծուն։ Միքայել Սրբազանի խոսքերը զորություն էր նրանց համար։ Բանտային մղձավանջում գրում է․
Փառք Ամենակալին, Սուրբ Հոգու զորությամբ առույգ եմ, կայտառ և ուրախ Աստուծով:
Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց և՛ Աստծուն, և իմ հավիտենական հայրենիքին և իմ սիրելի ժողովրդին:
Առաջ Աստված …
«Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:»:
Սա էլ Սաղմոսաց գրքից՝ ուղղված անօրեններին:
Մի՞թե սա չէ ուժը, որ փոխանցվում է մեզ։ Եվ այսօր, երբ նա տեղափոխվեց հիվանդանոց՝ վիրահատվելու, համոզված եմ, որ ինքը էլի խրոխտ է, առույգ ու երջանիկ, որովհետև իր հետ է Ամենակարողը։ Եվ հենց այստեղ է հոգեբանական ամենախորը կետը․ երբ մարդը տեսնում է ոչ թե անպարտելի մարմին, այլ անընկճելի հոգի, ներսում ինչ-որ բան ուղղվում է։ Վախը դադարում է ղեկավարել, հուսահատությունը լռում է ։ Այդ պահին մարդը հասկանում է, որ ուժը չկոտրվելու համար է, երբ այդ ուժը լուռ է, բայց վարակիչ, անտեսանելի, բայց շոշափելի։ Եվ եթե այսօր մենք դեռ կարողանում ենք չընկնել, չդավաճանել մեր հավատին ու մեր ներսի լույսին, դա հենց այդ փոխանցված ուժի շնորհիվ է․ ուժ, որ ծնվում է փորձության մեջ և ապրում մեր սրտերում՝ որպես հույս, որպես դիմադրություն, որպես հավատ։