Այս տարի ստացվեց այնպես, որ համարյա ողջ հուլիս-օգոստոսը ես Եվրոպայում էի, սկզբում՝ Գերմանիայում, հետո՝ Մոլդովայում, ապա՝ Իտալիայում: Գերմանիայում կենտրոնական իրադարձությունը, ինչի առիթով գնացել էի, Deutsche Welle-ի Գլոբալ մեդիա ֆորումն էր (GMF): Մոլդովա մեկնելու առիթը Մոլդովայի եվրաինտեգրման ընթացքին ծանոթանալու եւ հոդվածաշարով անդրադառնալու մի նախագիծ էր, ինչի առիթով էլ հանդիպումներ ունեցա թե՛ նախագահի աշխատակազմի պաշտոնյաների, թե՛ քաղաքական փորձագետների, մշակույթի, կրթության, բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Ամենից անսպասելին հայտնագործեցի, թե հայերն ինչ ծանրակշիռ դերակատարում են ունեցել Մոլդովայում՝ անցյալ դարերում, ինչպես է Քիշնեւի Հին քաղաքի (որն այսօր էլ Քիշնեւի այցեքարտն է, այդտեղ են գտնվում քաղաքի համարյա բոլոր տեսարժան վայրերը, գլխավոր քաղաքական, մշակութային, կրթական հաստատությունները) մեկ քառորդից ավելին զբաղեցրել Армянское подворье-ն եւ ինչ աշխույժ ու կենսահաստատ համայնք ունենք մերօրյա Մոլդովայում:
Քանի որ սովորություն չունեմ ճանապարհորդելու ընթացքում նաեւ գրել, միշտ գրել եմ արտերկրից վերադառնալուց հետո, Գերմանիայի մասին մտադրվել էի գրել օգոստոսին՝ ճանապարհորդությունից վերադառնալուց հետո, Մոլդովայի մասին՝ սեպտեմբերին, երբ Երեւանում կյանքը վերադարձած կլինի աշխատանքային հուն, Մոլդովայում էլ մոտեցած կլինեն 28.09.2025թ․ վճռորոշ խորհրդարանական ընտրությունները: Սակայն որոշեցի Բոննի, Քյոլնի, Հաննովերի, Մագդեբուրգի եւ, իհարկե, Deutsche Welle Global Media Forum 2025-ի մասին պատմող ճանապարհորդակահ նոթերը գրել հիմա։
Դորտմունդ մեկնեցի միայն այն պատճառով, որ Երեւանից ուղիղ չվերթ կար. Wizz Air-ի թռիչք էր, եւ Priority կատեգորիայի համար էլ գինը 100 եվրոյի չէր հասնում։ Դորտմունդ հասա երեկոյան, հաջորդ օրը մեկնելու էի Բոնն: Եթե չլիներ լոգիստիկ նպատակահարմարությունը, չեմ պատկերացնում, թե իմ մտքով երբեւէ կանցներ այդ քաղաքում լինել։ Դորտմունդն արդյունաբերական քաղաք է, որ աշխարհին հայտնի է առավելապես իր սպորտային նկարագրով ու ֆուտբոլային թիմով: Բավական է ասել, որ հենց Դորտմունդի կենտրոնի ամենանկատելի շինություններից մեկը Ֆուտբոլի թանգարանն է, որը մեծ չափերի շինություն էր: Հանդիպակաց գտնվում էր նույնպիսի մի շինություն, որտեղ ժամանակակից արվեստին առնչվող հաստատություններ էին, այդ թվում՝ ներկայիս կերպարվեստի, թե վիզուալ ստեղծագործությունների թանգարան:
Դորտմունդում, սակայն, ոչ այնքան նկատելի էր, թե ինչ կա, որքան այն, թե ինչ չկա: Ի տարբերություն Գերմանիայի այլ մեծ քաղաքների, Դորտմունդում չկար Հին քաղաք, չկային քիչ թե շատ պահպանված կամ վերականգնված միջնադարյան շենքեր: Չկար Alter markt, այն տոնավաճառ կամ շուկա կոչվող հատվածը քաղաքի կենտրոնում, որտեղ մի քանի (իսկ երբեմն՝ տասնյակ) տաղավարներից կամ մեքենաների՝ վաճառակետի վերածված թափքերից ծաղիկ, թարմ միրգ, բանջարեղեն, մսամթերք, կաթնամթերք, հացաբուլկեղեն, քաղցրավենիք են վաճառվում: Լայպցիգում, օրինակ, մութն ընկնելուց հետո markt-ի հատվածն ավելի մարդաշատ է դառնում, քանի որ մինչեւ կեսգիշեր հնչում է երաժշտություն, մարդիկ գալիս են զրուցելու, գարեջուր խմելու, պարելու: Համարյա ամեն երեկոն վերածվում է տոնախմբության:
Իմ ընկալման մեջ այդ ամենօրյա markt-ներն ու երեկոյան հավաքույթները գերմանական քաղաքների այցեքարտն են, այն բնորոշն ու հաստատունը, որ կրկնվում են դարեր, որքան էլ փոխվեն ժամանակները, տեխնոլոգիաները, սոցիալական հաղորդակցման միջոցները:
Մինչդեռ Դորտմունդի կենտրոնում, որքան հասկացա, markt ու fest չկա։ Կան արագ սննդի կետեր, հաճախ՝ թուրքական, որոնք աշխատեցնում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիա ժամանած թուրքական աշխատանքային միգրանտների սերունդները: Նրանք ո՛չ գերմանական հասարակությանն են կարողացել ինտեգրվել, ո՛չ էլ Թուրքիա են վերադարձել, մնացել են Գերմանիայում եւ զբաղված են հատուկ որակավորում չպահանջող աշխատանքով՝ տաքսի ծառայություն, արագ սնունդ եւ այլն: Մեծ հաշվով՝ մերօրյա գետտո:
Միակ հաստատունը, հպարտորեն կանգունն ու ժամանակին հաղթողը Դորտմունդում, ըստ իս, միջնադարից եկող գոթական եկեղեցիներն են: Դրանք շատ չեն՝ մի քանիսն են, բայց հատկապես 2 գլխավոր եկեղեցիները՝ Saint Reinold’s Church (Reinoldikirche) եւ Saint Mary’s Church (Marienkirche) տեսնելու համար արժե Դորտմունդում լինել: Ինչով են այդ եկեղեցիներն առանձնահատուկ: Արտաքին ճարտարապետության եւ ներքին հարդարման առումով՝ ոչնչով: Նյութական ու տեսանելի համարյա ոչինչ չկա, որ Դորտմունդի Reinoldikirche-ն եւ Marienkirche-ն տարբերի Գերմանիայի հարյուրավոր այլ միջնադարյան եկեղեցիներից՝ նույն գոթական ճարտարապետությունը, բարձրաբերձ աշտարակները…
Տարբերություն ստեղծողը Reinoldikirche-ի եւ հատկապես Marienkirche-ի (որը Դորտմունդի ամենահին եկեղեցին է՝ կառուցված 12-13-րդ դարերում) աուրան էր: Դժվար է բացատրել, թե ինչու, բայց այդ երկու եկեղեցում էլ դժվար է պատկերացնել մարդկանց խոնարհաբար Աստծուն դիմելիս, պաշտպանություն, օգնություն հայցելիս: Այդտեղ ավելի հավանական է միջնադարյան ասպետների ձեռնադրման ինչ-որ արարողություն ակնկալելը։ Այնպիսի անբացատրելի հզոր, ինքնահաստատ աուրա կա այդ 2 եկեղեցում, որ ոչ թե խոնարհության է տրամադրում, այլ՝ մարտնչելու, ասպետականության, խաչակրության…
Նման աուրայի զգացողություն ես երբեք չէի ունեցել՝ նույնիսկ Եվրոպայի ասպետական օրդենների գլխավոր եկեղեցիներում, նույնիսկ Իսրայել-Պաղեստինի տարածքում խաչակիրների կառուցած ու վերակառուցած եկեղեցիներում: Մինչդեռ Դորտմունդի այդ 2 եկեղեցում ուղղակի թվում էր՝ շրջվես, ինչ-որ խաչակիր ասպետի ձեռնադրման ես ականատես լինելու: Այդպիսի հզոր ասպետականության աուրա… Եվ պատկերացրեք՝ զարմանքս ուր հասավ, երբ խորանի մոտ իսկապես քանդակված միջնադարյան ասպետի արձան տեսա՝ զինահագուստով, սուրը ձեռքին… Ես գիտակցում եմ, որ դարեր առաջ, խաչակրաց պատերազմների ժամանակ Reinoldkirche-ում էլ, Marienkirche-ում էլ, ինչպես Արեւմտյան Եվրոպայի տասնյակ ու տասնյակ այլ եկեղեցիներում եւ տաճարներում, կարող էին քրիստոնեական սրբավայրերի ու քրիստոնյաների պաշտպանության համար խաչակիր ասպետներ ձեռնադրվել ու Սուրբ Երկիր մեկնել, բայց որ աուրան դարերով այդպես պահպանվի… Ապշեցնող տպավորություն էր ու զգացողություն: Ամեն պարագայում, սուրը ձեռքին ասպետի արձանը խորանի մոտ նկարեցի, որպես նյութեղեն ապացույց Դորտմունդի եկեղեցիներում պահպանված խաչակիրների ու ասպետականության ոգեղեն աուրայի: Որպես առհավատչյա եւ մարմնացում այդ աուրայի:
Անշուշտ, հրաշալի էր, որ հանգամանքների բերումով Դորտմունդում եղա, քաղաքի կենտրոնական հատվածին ծանոթացա, Reinoldikirche-ն եւ Marienkirche-ն հայտնագործեցի: Եթե այնպես համընկներ, որ նաեւ երգեհոնային համերգ ունկնդրեի Reinoldikirche-ում, ամեն ինչ կատարյալ կլիներ: Սակայն մեկնում էի Բոնն, որտեղ հուլիսի 7-8-ին կայանալու էր Deutsche Welle Global Media Forum-ը: Դա ամենամյա միջոցառում է, որի մասին՝ հաջորդիվ: Նախ՝ մի քանի տող Բոննի, նրա պալատների, համալսարանի եւ Բեթհովենի թանգարանի մասին։ Բոննը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչեւ 1989-ին Բեռլինի պատի փլուզումը եւ Գերմանիաների հետագա միավորումը եղել է Արեւմտյան Գերմանիայի (Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության) մայրաքաղաքը: Այդ կարգավիճակը թելադրել է բազմաթիվ կառավարական շինությունների կառուցում, հաղորդակցային, լոգիստիկ, կազմակերպչական ենթակառուցվածքներ, որոնց նոր կիրառություն է գտնվել 1991-ին Գերմանիաների վերամիավորումից եւ Բեռլինի՝ մայրաքաղաք հռչակվելուց հետո: Նախկին կառավարական շենքերը, մասնավորապես՝ ԳՖՀ հին եւ նոր խորհրդարանների շենքերը, տրվել են ՄԱԿ-ին, եւ դրանցում այսօր գործում են ՄԱԿ-ի 2 տասնյակից ավելի կառույցներ: Կարելի է ասել, Բոննը Գերմանիայի մայրաքաղաքից վերածվել է ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանի:
Սակայն Բոննի դիմագիծը ստեղծողը թե՛ ԳՖՀ-ի ու ՄԱԿ-ի ստեղծումից առաջ, թե՛ մեր օրերում եղել եւ մնում են կանաչապատ տարածքները, Հին քաղաքը՝ իր ամենօրյա տոնավաճառով, երկհարկ-եռահարկ, պաստելային գույների, բարրոկոյի դեկորներով գեղեցկատես շենքերը, Քյոլնի-Բոննի արքեպիսկոպոսների կառուցած ու նրանց նստավայր ծառայած շքեղ ու սքանչելի պալատները, որոնք հետագա դարերում տրվել են եւ այսօր պատկանում են Բոննի համալսարանին եւ, իհարկե, Բեթհովենի անվան հետ կապված վայրերը՝ թանգարանից մինչեւ հրապարակ, հուշարձան ու համերգասրահ: Բոննը աշխարհի մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդավայրն է, այդքանով էլ՝ երաժշտասերների հավերժական ուխտագնացության վայրը:
Սակայն Բոննը չէր դառնա երաժշտության հետ ամենից շատ ասոցացվող քաղաքներից մեկն աշխարհում, եթե շնորհիվ Բեթհովենի երկրպագուների պահպանված չլիներ շենքը, անգամ սենյակը, որտեղ ծնվել է Բեթհովենը եւ ժամանակին գրող Ստեֆան Ցվայգը գնած, իսկ հետագայում Բեթհովենի թանգարանին վաճառած չլիներ կոմպոզիտորին պատկանած անձնական իրերի հարուստ հավաքածուն: Բարեբախտաբար, ճակատագիրն ու հանգամանքները բարեհաճ են գտնվել, 19-րդ դարում գնվել է շենքը, որտեղ ծնվել է Բեթհովենը, վերանորոգվել են հարկաբաժինները եւ վերջին հարկում գտնվող փոքրիկ, բայց շատ լուսավոր սենյակը, որտեղից սկսվել է Բեթհովենի երկրային կյանքը: Թեեւ չափահաս դառնալուց եւ Վիեննայում հաստատվելուց հետո Բեթհովենն այլեւս Բոնն չի վերադարձել, սակայն հետմահու Բոննում են հանգրվանել Բեթհովենի ձեռագրերը, նոտագրությունները, նամակները, գրիչները, տարբեր անձնական իրերը՝ դրամապանակներից ու սիգարների տուփերից մինչեւ շեփորի նմանվող լսողական սարքերը, Բրուտոսի արձանիկը (պետք է ենթադրել Կեսարի արձանիկ էլ է եղել, ուղղակի կորել է), դաշնամուրները, Բեթհովենի կենդանի բնորդմամբ քանդակված մի արձանիկ, որը լավագույն ու ճշգրիտ վերարտադրությունն է Բեթհովենի դիմագծերի, որ էության ու կեցվածքի նմանություն չունի Բեթհովենի՝ տարածված կարմիր փողկապով դիմանկարի հետ:
Բավական է ասել, որ Բեթհովենի տուն-թանգարանը Բոննում երեք հարկաբաժին ունի եւ երեւի երկու-երեք տասնյակ թեմատիկ սենյակներ, որոնցով շրջելիս Բեթհովենի ընտանիքից ու գերդաստանից մինչեւ կյանքի ու մահվան հանգամանքներ, մանրամասներ ու նորություններ ես բացահայտում: Բոնն այցելող ցանկացած երաժշտասերի համար այդ թանգարանն իրոք մշակութային ուխտագնացության վայր է:
Իսկ թանգարանից բացի, նաեւ Բեթհովենի անվան համերգասրահը կա՝ իր սիմֆոնիկ նվագախմբով, որը Բոննի այցեքարտերից է: Իսկ բեթհովենյան վայրերից հետո Բոննի համալսարանին պատկանող պալատները պետք է տեսնել, հատկապես Պոպելսդորֆի պալատը, որը շրջանաձեւ հատակագծով երկհարկանի, դեղին եւ սպիտակ գույների մեջ, բարոկկո, ավելի ճիշտ՝ ռոկոկո ոճի պալատ է: Այդ պալատն ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ ավելի պարզունակ ու ճոխություններից զուրկ տարբերակով վերականգնվել 1950-ականներին: Պալատի այգիներն այժմ Բոննի համալսարանի հոգածության ներքո գտնվող գիտա-գործնական դենդրոպարկ է, իսկ պալատում տեղակայված է Երկրաբանության ֆակուլտետի թանգարանը:
Սակայն նույնիսկ իր առաջնային կոչումից ու տեսքից այդքան հեռանալուց հետո էլ Պոպելսդորֆի պալատը դեռ հիացնում ու սքանչացնում է՝ այնքան կատարյալ են դրա ճարտարապետական մտահղացումը եւ իրագործումը:
UN Campus-ի թաղամասում ինձ ոչինչ այնպես չի հիացնում, ինչպես Հին քաղաքում ու պալատներում, բայց այդտեղ էլ մասշտաբի եւ կարեւորության հաստատություններ են, այդ թվում՝ Deutsche Welle-ն, որի մասին՝ հաջորդիվ։