Այսօր ժամը 15։00-ին Մասիվի դատարանում տեղի կունենա ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի գործով դատական նիստը։ Երեկ հայտնի դարձավ, որ Ղազարյանին կանչել են ՀՀ Քննչական կոմիտե եւ մեղադրանք առաջադրել հրապարակային քննադատության խոսքի համար։ Ինչպես «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ մեղադրանքի հիմքում իբր ՍԴ դատավորների մասին արատավոր տեղեկություններ տարածելն է։ Մեղադրանքի հիմքում նաեւ Էդգար Ղազարյանի քննադատություններն են, ուղիղ եթերների ընթացքում նրա կողմից հնչեցված արտահայտությունները, որ Սահմանադրական դատարանը չեզոքացրել է Անկախության հռչակագիրը, որի իրավունքը չուներ, իսկ այդ որոշումը կայացնող դատավորները կամ տգետ են, կամ դավաճան։ Կամ՝ այն արտահայտությունը, որ Վահե Գրիգրյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։
Ինչո՞ւ իշխանությունները որոշեցին կենտրոնանալ հենց Էդգար Ղազարյանի վրա։ «Այս հակաժողովրդավարական ռեժիմը էդգար Ղազարյանի վրա է կենտրոնացել, որովհետեւ նա ամենաարդյունավետ, փաստարկված քննադատներից է եւ նրան լռեցնելու խնդիրը հակաիրավական, բռնապետական ռեժիմի համար տրամաբանական է»,-ասաց Մելիքյանը։
Ավելի վաղ Էդգար Ղազարյանը գրել էր, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե եւ մանրամասներ հայտնել։
«Հանցավոր իշխանությունները հանգիստ չունեն ինձնից
Այսօր երեկոյան կրկին անգամ հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Անկեղծ ասած չեմ կարողանում մտաբերել, թե ինչ ծանր հանցագործություն եմ գործել, որ հրատապ կարգով որոշել են վատ եղանակային պայմաններում, ոչ աշխատանքային ժամին ինձ հրավիրել հարցաքննության»,-գրել էր նա։
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունն» այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրենից ներկայացնում է ժողովրդավարական ավանդական չափորոշիչներով չարգելված քննադատական խոսքը լռեցնելու հակաիրավական նոր գործիքակազմի ներդրման փորձ։ ««Հաջողության» դեպքում այն հետագայում կարող է կիրառվել ընդդիմադիր հայացքներ ունեցող գործնականում ցանկացած անձի նկատմամբ։
Ուստի «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հույժ կարևոր է համարում այդ փորձի խափանումը հանրային իրազեկման, իրավական փաստարկման և օրենքով չարգելված այլ միջոցներով։
Նշվածի հիման վրա մենք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով»,-գրված է հայտարարության մեջ։