Որքան մոտենում են Երեւանի ընտրությունները, այնքան հաճախակի են դառնում իրավապահների կողմից տարածվող հաղորդագրությունները` տարբեր հանցագործությունների բացահայտման, ապօրինի գույքի բռնագրավման գործերով: Մանավանդ` նախկին իշխանությունների ներկայացուցիչների մասին:
Երեկ տեղեկացանք, որ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, նրա ամուսինն ու որդիները՝ Էդուարդ Վաղարշակի Հակոբյանն ու Վաղարշակ Էդուարդի Հակոբյանը, Ստեփան Էդուարդի Հակոբյանը, նրանց փոխկապակցված անձ Ադելա Համբարձումի Ստեփանյանն ու Բրիտանիայում գրանցված «ՕՇԸՆ ՓԸՍԻՖԻՔ ԳԼՈԲԸԼ ՓՐՈՓԸՐԹԻԶ ԼԻՄԻԹԻԴ» ԲՎԿ ընկերությունը հրավիրվել են դատախազություն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով իրականացված ուսումնասիրության շրջանակներում բացատրություններ տալու, դիրքորոշում հայտնելու։ Նշենք, որ այս ընկերությունը գրանցված է Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում եւ պատկանում է Հասմիկ Պողոսյանի հարսին՝ Ֆրանչեսկա Կուտուրուպին։ Թե ինչ գույքի վերաբերյալ է կատարվել ուսումնասիրությունը, ծանուցման մեջ չի նշվում, սակայն նշենք, որ այս ընկերության անունն առկա է նաեւ ԱՕԿՍ-ի շենքին վերաբերող քրեական գործում, որով անցնում են Հասմիկ Պողոսյանն ու այս պահին մեկ այլ գործով կալանավորված Արմեն Սմբատյանը։
Երեկ դատախազությունը հաղորդագրություն տարածեց նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի մասին: Ըստ հաղորդագրության՝ նա Երիտասարդական պալատի հողամասն օրենքի խախտմամբ է օտարել, եւ դատախազը 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել: Հաղորդագրության մեջ նկարագրված է, թե Երեւանի քաղաքապետն ինչպես է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարել պետական սեփականություն հանդիսացող տարածքը` իր կադաստրային արժեքից ցածր գնով: Ըստ դատախազության՝ հողամասի կադաստրային արժեքը եղել է 805 մլն 623 հազար դրամ, մինչդեռ օտարվել է 62 մլն 973 հազար 405 դրամով եւ «Երեւան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս»: