«Ռիմդանի անցումը կարող է նաև Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքը միացնել Ռուսաստանին, Կենտրոնական Ասիային ու Եվրոպային»
Ռիմդանի սահմանային անցումն (Իրանի և Պակիստանի սայմանին) արդյունավետ դեր է խաղում Իրանի և այլ երկրների միջև առևտրային ուղիների բարելավման մեջ, որը կարող է նաև Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքը (CPEC) միացնել Ռուսաստանին, Կենտրոնական Ասիային ու Եվրոպային:
Իրանական «Իռնա» լրատվական գործակալությանն է ասել Չաբահարի ազատ առևտրային գոտու գործադիր տնօրեն Աբդոլ Ռահիմ Քուրդին։
Քուրդին նշել է, որ Ռիմդանի սահմանային անցումը ոչ միայն Իրանը կապել է Պակիստանի Իսլամական Հանրապետությանը, այլև՝ Իրանի հարավ-արևելյան Չաբահար շրջանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ու Պակիստանի հետ:
Նշելով այն փաստը, որ Չինաստանն ու Պակիստանը զարգացնում են տնտեսական միջանցք, որը կապում է Չինաստանի արևմտյան Կաշի քաղաքը (Սինծյան-Ույղուրական Ինքնավար Շրջան) և Պակիստանի հարավարևմտյան նավահանգստային Գվադար քաղաքը (Բելուջիստան նահանգ)՝ Քուրդին ասել է, որ Ռիմդանը դարպաս է դեպի ասիական տնտեսություններ:
Ըստ նրա՝ սահմանային անցումը համարվում է կարևոր կամուրջ Չաբահար ու Գվադար տարանցման կետերի միջև, որը նաև ռազմավարական սահման է Պակիստանի և Իրանի միջև:
Քուրդին հավելել է, որ Չաբահարի ազատ առևտրի գոտու զարգացման ծրագիր պատրաստելու համար Իրանի իշխանությունները մեծապես կարևորել են Պակիստանի հսկայական շուկան`իր բնակչության և ռազմավարական իրադրությունը հաշվի առնելով:
Զարգացման ծրագրի նպատակներից մեկն այն է, որ Չաբահարի շրջանի ներուժը պետք է օգտագործվի `հիմք ստեղծելու Պակիստանի շուկաներում Իրանի լուրջ ներկայության համար: