Քաղաքականություն

Իսրայել-Իրան պատերազմը թևակոխում է նոր փուլ

Իսրայել-Իրան պատերազմը թևակոխում է նոր փուլ

Թեհրանում այս պահին իրավիճակը հարաբերական անդորր է, տպավորություն է, թե խաղաղություն է փոթորկից առաջ,  բայց Թավրիզի ուղղությամբ նոր հարձակման մասին ինֆորմացիա կա։ 

Այս մասին Թեհրանից «Հրապարակ»-ին հաղորդում է հայկական «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, իրանագետ Արամ Շահնազարյանը։

Նրա փոխանցմամբ, իրանական ԶԼՄ-ներով տեղեկություն է շրջանառվում, որ Թեհրանը մտադիր չէ վաղը մասնակցել Մասկատում նախատեսված Իրան-ԱՄՆ բանակցությունների հերթական փուլին։ Այս պահի գլխավոր նորությունն այս տեղեկությունն է, որը պաշտոնապես դեռ չի հաստատվել։

Բացի այս, Իրանի պետական ռադիոհոռուստատեսության լրատվական գործակալությունը քարտեզ է տարածել, որտեղ տեսնում ենք, որ Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանից, որտեղից տեղի են ունենում բացառապես ներքին թռիչքները, քաղաքացիական ինքնաթիռները տարհանվում են` ինքնաթիռների անվտանգության ապահովման համար։ Ինքնաթիռները տեղափոխվում են իսրայելական ԱԹՍ-ների շառավղից հեռու վայր։

«Մենք սա պետք է դիտարկենք այն լուրի ֆոնին, որ առավոտյան Թավրիզի ուղղությամբ գործողությունները հիմնականում կենտրոնացված են եղել նավթամշակման ենթակառուցվածքների ուղղությամբ։ Այս ամենը համադրելով` կարող ենք ենթադրել, որ որոշակի փոփոխություն կա Իսրայելի մարտավարության մեջ։ Նրա թիրախում բացի ռազմական ու միջուկային օբյեկտներից, սկսել են հայտնվել տնտեսական նշանակության ենթակառուցվածքները։ Մեհրաբադից այս տեղափոխումը նշանակում է, որ  Իրանը փորձում է նվազագույնի հասցնել իր տնտեսական ու ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ հարվածները։ Երեկ Իսրայելը հայտարարել էր, որ թիրախավորելու է Իրանի տնտեսական ու էներգետիկ ենթակառուցվածքները, իսկ Իրանը սպառնացել էր, որ նման գործողությունների դեպքում իսպառ կվերացնի Իսրայելի բոլոր նմանատիպ ենթակառուցվածքները։ Կարծում եմ` պատերազմն իր բնույթով նոր փուլ է տեղափոխվում, որտեղ ռազմական ու ատոմային ենթակառուցվածքներից բացի, սկսելու են թիրախավորել տնտեսական,  տրանսպորտային, էներգետիկ ու արդյունաբերական ենթակառուցվածքները, ինչը անմիջական ազդեցություն է ունենալու հասարակությունների առօրյա կյանքի վրա»,-բացատրում է մեր զրուցակիցը։

Տեղեկություն կա, որ Թեհրանից  հյուսիս-արևելք գտնվող Ղազմին քաղաքն է դրոնային հարձակման տակ, որտեղ կա արդյունաբերական հսկա ավան։ Վնասների մասին առայժմ չի հաղորդվում։

Մեր զրուցակիցը շեշտում է` Իրանի տարածքի ընդարձակությունը և ենթակառուցվածքների ցրվածությունը ողջ երկրի տարածքում նկատի առնելով, Իսրայելի համար հեշտ չի լինի այդ խնդիրը լուծել, ի տարբերություն Իրանի` հաշվի առնելով Իսրայելի փոքր տարածքը, որտեղ նմանատիպ բոլոր ենթակառուցվածքները ափամերձ հատվածում են կենտրոնացված ` Հայֆայից մինչև Թել Ավիվ ու մի քիչ դեպի հարավ։ Այս առումով Իսրայելն ավելի խոցելի է ու եթե երեկվա ծավալով Իրանը սկսի խոցել այդ օբյեկտները, Իսրայելը կաթվածահար կարող է լինել, ինչը կբերի հասարակության շրջանում խառնաշփոթի։

Լուսանկարներում Թավրիզի նավթամշակման կենտրոնն է երևում`  իսրայելական հարվածներից հետո։

Ըստ պաշտոնական տեղեկատվության` լուրջ վնասներ չկան։ Կենտրոնը շարունակում է իր աշխատանքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image