ՀՀ ներկայիս իշխանությունները պատերազմ տերմինն ամեն անգամ օգտագործում են ի շահ իրենց: Մեկ մատ են թափ տալիս սեփական ժողվորդի վրա, թե տեսեք՝ եթե այսինչ բանը չզիջենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի: Եթե զգում են, որ պատերազմի վտանգը վնասում է իրենց հեղինակությանը եւ մարդիկ մտածում են` փոխենք այս իշխանություններին, որ պատերազմի վտանգը վերանա, անմիջապես հայտարարում են, որ պատերազմի վտանգ չկա, ոչ մի պատերազմ էլ չի լինելու՝ գնում ենք «խաղաղության» Ադրբեջանի հետ:
Ազատամարտիկ Աշոտ Սևյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ այս իշխանությունը «պատերազմով շանտաժի» է մարդկանց ենթարկում:
«Իրենց գործողությունները հակահայ բնույթ են կրում: Հավատացեք, եթե Ալիևը լիներ Հայաստանի վարչապետ, այդքան վնաս չէր տա մեզ: Իրենց արած քայլերը ինչի՞ մասին են խոսում, Փաշինյանն այսօր փորձում է նորից ու նորից պատերազմն ու Սահմանադրությունը «գցել» ժողովրդի գրպանը: Մարդն ընդունել է, որ Սահմանադրությունը փոխելու է, սակայն ոչ ոք դրա թույլտվությունը չի տվել: Ինքը չի ընտրվել, որ ինքը պիտի Սահմանադրություն փոխի ու նման բաներ: Դրանով ինքը Ալիևին քարտ բլանշ է տալիս ու իր համար փրկության օղակ ստանում: Ինքը պիտի Սյունիքը տա, տալու է այդ ձև, այսինքն երկու տարբերակում էլ ինքը ճիշտ է դուրս գալու, ինքը հաղթող է լինելու»,-ասաց Սևյանը:
Ազատամարտիկը կարծում է, որ Սահմանադրությունը հանրաքվեով չի անցնի, քանի որ ժողովուրդն իր համաձյանությունը չի տա փաշինյանական Սահմանադրությանը: Հետևաբար, Ադրբեջանն էլ մեկնաբանելու է, թե տեսեք, Հայաստանը ռևանշիստ է, իմ տարածքների նկատմամբ պահանջ ունի ու հարձակվելու է՝ կարծում է Սևյանը:
«Փաշինյանը ջրից չոր դուրս կգա, թե Սյունիքը կհանձնի, թե ժողովրդին կմեղադրի, թե մեղավորը դուք եք: Ինքը երկարատև մտածված խաղ է խաղում, ինքը բերում է պատերազմի, ինքը խոստացել է հանձնել ու ամեն ինչ կանի, որ խոստումը պահի: Հանձնելու լավագույն տարբերակը ո՞րն է, որ ինքը չոր դուրս գա ու փորձի նորից նախկիններ գտնել, մեղավորներ գտնել: Հիմա նախկիններ չկան, այդ երգը արդեն չի անցնում, ինքը հիմա մեղադրելու է ժողովրդին, որ դուք եք մեղավոր՝ չարեցիք այսպես՝ սենց եղավ: Ինքը փորձում է ձգել իր իշխանությունը, որովհետև գիտի` որ օրն իշխանություն չունեցավ՝ այդ օրն արդեն ինքը գոյություն չի ունենալու: Ինքը ամեն կերպ փորձելու է պահել իր իշխանությունը: Վաղը ինքը կարող է նույնիսկ իր կնոջը, այսինքն, իր հետ ապրողին կալանավորել, որ ցույց տա, թե տեսեք` ես մեղավոր չեմ՝ ինքը դրան էլ է պատրաստ: Եթե հիշում եք, ինքը սեփական երեխային ոչխարի տեղ ուզում էր տալ Ադրբեջանին: Ինքն ամեն ինչի էլ պատրաստ է` հանուն աթոռի»,-ասաց Սևյանը:
Փաշինյանը կամաց-կամաց Հայաստանը տանում է վերջնական կործանման՝ պետք է խելքի գալ ու պատրաստվել պատերազմի, այլապես կործանվելու ենք՝ ահազանգում է ազատամարտիկ Աշոտ Սևյանը: