Քաղաքականություն

«Վարդանիկ»-ից այն կողմ չանցան․ ՔՊ-ի բեմից կրկին թիրախում է Ղուկասյանը․ տեսանյութ, լուսանկարներ

«Վարդանիկ»-ից այն կողմ չանցան․ ՔՊ-ի բեմից կրկին թիրախում է Ղուկասյանը․ տեսանյութ, լուսանկարներ

Գյումրու Վարդանանց հրապարակում այս պահին ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանրահավաքը Շիրակի մարզում։

Հանրահավաքին մասնակցում են կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև մարզային և տեղական պաշտոնյաներ։ Ելույթների ընթացքում ուշադրության կենտրոնում ոչ միայն ՔՊ-ի նախընտրական ուղերձներն էին, այլև ընդդիմադիր դաշտի հասցեին հնչող քննադատությունները։

Մարզպետի ելույթից հետո բեմ բարձրացած Նազելի Բաղդասարյանը, կրկին անդրադարձավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը իրենց կողմից կալանավորված է, քաղաքապետին հիշատակեց «Վարդանիկ» ձևակերպմամբ։

Բաղդասարյանը խոսեց նախկին տարիների իրադարձությունների մասին՝ հերթական անգամ անդրադառնալով անկախության առաջին տարիներից հետո քաղաքում առկա խնդիրներին և դրանց պատասխանատվությունը վերագրելով Ղուկասյանին։

Նկատենք, որ ՔՊ֊ականների ելույթում գերակշռում են քաղաքական գնահատականներն ու ընդդիմախոսների հասցեին հնչող մեղադրանքները։ Հնչող ելույթների զգալի մասը ավելի շատ ուղղված է ընդդիմադիր ուժերին քննադատելուն, քան ՔՊ-ի ծրագրերն ու առաջիկա անելիքները ներկայացնելուն։ Միևնույն ժամանակ, նկատելի է, որ այս անգամ իշխանությանը հաջողվել է նախորդ հավաքների համեմատ ավելի մեծ մասնակցություն ապահովել։

Վարդանանց հրապարակում, այս պահին հավաքվել են ավելի քան 2 հազար մարդ։ Ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ հավաքի մարդաշատությունն ապահովելու համար օգտագործվել են վարչական ռեսուրսներ, հրապարակ են ժամանել նաև մարզի տարբեր համայնքներից աշխատակիցներ։ Հանրահավաքի տարածքում մեծ թիվ են կազմում նաև քաղաքացիական համազգեստով ոստիկանները։

Ուշագրավ է նաև բեմահարթակի տեղադրությունը։ Եթե նախորդ խոշոր հանրահավաքների ժամանակ բեմը սովորաբար տեղադրվում էր Վարդանանց հրապարակի խորքային հատվածում, ապա այս անգամ այն զգալիորեն առաջ է բերված։ Արդյունքում՝ հավաքված մարդկանց զբաղեցրած տարածքը տեսողականորեն ավելի խիտ և մարդաշատ է երևում։ Հրապարակում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ նույնպես քննարկում էին այդ հանգամանքը՝ փորձելով հասկանալ, թե ինչու է բեմահարթակն այս անգամ սովորականից առաջ տեղադրված։ Նրանց մի մասի կարծիքով՝ նման դասավորությունը նպաստում է ավելի լեփ-լեցուն հանրահավաքի տպավորության ստեղծմանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image