Ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան նոր հիստերիա է բարձրացրել՝ պնդելով, թե «վերջին ամիսներին Բաքվի և Թբիլիսիի միջև հարաբերություններում մտահոգիչ տեղաշարժ է նկատվել, որը ոչ թե առանձին բյուրոկրատական խափանումների, այլ մի շարք որոշումների արդյունք է, որոնք ակնարկում են Վրաստանի քաղաքական տրամաբանության փոփոխության մասին»։ «Վրացական սահմանին իրավիճակը մնում է լարված. սեպտեմբերից ի վեր ադրբեջանցի վարորդները բախվում են համակարգված ուշացումների։
Որոշ բեռնատարներ ամիսներ շարունակ չեն կարողանում մաքսազերծում անցնել, իսկ հարևան երկրի իշխանությունները չեն ցուցաբերել ո՛չ քաղաքական կամք, ո՛չ էլ կառավարման կարողություն՝ խնդիրը լուծելու համար։ Հատկանշական է, որ արդյունավետության փոխարեն մենք տեսնում ենք միայն ծիսական երաշխիքներ»,-գրում է իշխանամերձ Մինվալ-ը։
Ըստ պարբերականի, «Թբիլիսիի նոր քայլն ավելի անսպասելի է դարձնում, քանի որ այն տեղի է ունենում տարածաշրջանային տրանսպորտային ճարտարապետության քննարկումների ֆոնին։ Մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 28-ին, Գաբալայում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովների 12-րդ նիստը, որը վարում էին փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը։ Տեխնիկական հարցերից բացի, կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները»։
Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապի բացակայությունը Վրաստանի տարածքով տարանցումը դարձնում է միակ ուղին, ինչով էլ պայմանավորված է Թբիլիսիից Ադրբեջանի պահանջած սակագնային փոփոխությունը։ Միաժամանակ, բողոքում են՝ Վրաստանի սահմանած սակագինը Ադրբեջանի համար «անտրամաբանականորեն բարձր է»։ «Մեր տվյալներով՝ վրացական կողմը 111 կիլոմետրանոց հատվածի համար առաջարկել է 92 դոլար սակագին մեկ տոննայի համար, որը կազմում է 0,82 դոլար մեկ տոննայի համար մեկ կիլոմետրի համար։
Առաջին հայացքից սա կարող է ստանդարտ սակագին թվալ, բայց համեմատությունը ցույց է տալիս հակառակը։ Համեմատության համար՝ 680 կմ հեռավորության վրա՝ Յալամա կայարանից մինչև Բոյուկ-Քյասիկ կայարան, Ադրբեջանի տարածքով տեղափոխվող նմանատիպ բեռները արժեն 17 դոլար կամ 0,02 դոլար մեկ տոննայի համար մեկ կիլոմետրի համար։ Սա 40 անգամ ցածր է վրացական առաջարկվող սակագնից։ 40 անգամ տարբերությունը շուկայական պայմանների, այլ մտադրության ցուցանիշ չէ»,-բողոքում են մերձիշխանական աղբյուրները։
«Այս վարքագիծը անխուսափելիորեն զարմանք է առաջացնում։ Վրաստանը՝ մի երկիր, որը ժամանակակից պատմության կարևորագույն շրջաններում ապավինել էր Ադրբեջանի աջակցությանը, այժմ ցուցադրում է վարքագծի այնպիսի մոդել, որը հակասում է իր սեփական երկարաժամկետ շահերին։ Ոչ միայն այն պատճառով, որ դա խաթարում է հիմնական գործընկերոջ վստահությունը, այլև այն պատճառով, որ Վրաստանի ներկայիս լոգիստիկ մենաշնորհը այլևս միակ կենսունակ տարբերակն է։ Տարածաշրջանային կապի նախագծերը զարգանում են, և հին ճարտարապետությունը ուժային ճնշման միջոցով պահպանելու փորձերը միայն արագացնում են դրա քայքայումը»,-մեղադրանքի այսպիսի չափաբաժին է բերում ադրբեջանական իշխանական մամուլը։ Ավելին, Բաքվում պնդում են, որ «Այսօր Վրաստանը փաստացիորեն դեմ է խաղաղության և փոխշահավետ տնտեսական կապերի կայուն տարածաշրջանային ճարտարապետության ձևավորմանը: Այն ժամանակ, երբ Հարավային Կովկասն ունի եզակի հնարավորություն՝ հակամարտության տրամաբանությունից անցնելու զարգացման տրամաբանության, Թբիլիսիի վարքագիծը, կարծես, փորձ է դանդաղեցնելու այս անցումը»։
Ադրբեջանում հեռուն են գնացել և որոշել խրատել, ինչ-որ չափով նաև՝ հոխորտալ Վրաստանին․ «Թբիլիսին պետք է հասկանա, որ անհիմն խոչընդոտների քաղաքականությունը անխուսափելիորեն առաջացնում է հակազդեցություններ: Երկիրը, որի տնտեսության մեջ Բաքուն տասնամյակներ շարունակ մշտապես ներդրումներ է կատարել և աջակցել, չի կարող իրեն թույլ տալ Ադրբեջանի շահերը անտեսելու շքեղությունը: Պատասխանատվությունը պետությունների հասունության հիմնական չափանիշն է, և Վրաստանն այժմ անցնում է այս հասունության փորձությունը»։