Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ ու ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից իրականացվել է Հանրային կարծիքի ուսումնասիրություն-հետազոտություն (հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից):
Տվյալները հավաքվել են 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցման մեթոդով։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,503 ՀՀ քաղաքացիներից եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, որոնք այժմ բնակվում են Հայաստանում եւ կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ։
Հեռախոսահամարներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգահարելու եղանակով։ Ընտրանքը ներառում է բոլոր հնարավոր բջջային հեռախոսահամարները (բոլոր օպերատորները), եւ չաշխատող կամ գոյություն չունեցող համարները գրանցվել են, եթե դրանց զանգ է կատարվել դաշտային աշխատանքների ընթացքում։ Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 19% է: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։
Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գեւորգ Պողոսյանը նախ անդրադառնում է իրականացված սոցիոլոգիական հարցման բովանդակությանն ու մեթոդաբանությանը․ «Իրենց հարցումը եղել է բջջային հեռախոսով, իսկ մենք գիտենք, որ մեր երկրում բջջային հեռախոսների քանակն ավելի շատ է, քան նույնիսկ բնակչության թիվը, որովհետեւ, բացի նրանից, որ մարդ կա՝ 2-3 հատ բջջային ունի, նաեւ բոլոր օֆիսները, սրճարանները, հիմնարկներն ունեն բջջային հեռախոսներ։ Դրա համար բջջայինի քանակը չի համապատասխանում բնակչության տարիքասեռային համամասնությանը, ու, ինչպես իրենք նշել են, ստիպված են եղել տվյալները կշռել, այսինքն՝ վերահաշվարկել են ստացված նյութերը, որպեսզի համապատասխանեցնեն մեր բնակչության տարիքասեռային կառուցվածքին»։
Պողոսյանի կարծիքով՝ լուրջ խնդիր է բջջայինով հարցում անցկացնելը, ավելին՝ նույնիսկ սխալ․ «Որովհետեւ, եթե ֆիքսված կապի հեռախոսով եք հարցում անցկացնում, ապա գոնե համոզված եք, որ զանգել եք Գորիս կամ Վանաձոր, իսկ բջջայինի դեպքում պետք է հավատաք այն ամենին, ինչը ձեզ ասվում է, օրինակ՝ կարող է ասել, որ Գորիսում է ապրում, բայց պարզվի, որ 2 տարի արդեն Երեւանում է ապրում ու գրանցված է այստեղ։ Սա տարածքային առումով արդեն շեղում է մտցնում, ու դու համոզված չես, որ բոլոր մարզերի դեպքում համապատասխան քանակի մարդ ես հարցրել, իսկ դա ստեղծում է ընտրանքի շեղում»։
Բջջայինով հարցումներ անցկացնելը վստահելի չէ նաեւ մեկ այլ առումով․ «Հայաստանում բջջայինով քաղաքական հարցումներ անցկացնելը սխալ է, որովհետեւ մտավախություն կա մարդկանց մոտ, որ կարող են իրենց ձայնագրել, գաղտնալսել, հետո իրենք կարող են ինչ-որ սեւ ցուցակներում հայտնվել։ Իսկ ոչ քաղաքական հարցումներն արդեն այլ հարց են, եթե հարցնում ես՝ ինչպես եք անցկացրել ամառը կամ ինչ եք ուտում։ Մինչդեռ սա իր բովանդակությամբ ամբողջովին քաղաքական հարցում է, որտեղ անուններ են նշվում, իսկ մարդիկ խուսափում են անուններ տալուց։ Դեմառդեմ հարցումը՝ տուն այցելությամբ, հավաստիության այլ ցուցանիշ է, որովհետեւ գիտեք, թե հարցումը որտեղ եք անցկացնում, եւ տեսնում եք, թե ում հետ եք անցկացնում»։
Ո՞րն է պատճառը, որ վերջին տարիներին քաղաքական հարցումները հիմնականում հենց հեռախոսով են արվում։ «2 հիմնական պատճառ կա, նախ՝ քովիդից հետո, երբ բոլորն անցան հեռավար ուսուցման, հաղորդակցման ու հարցումների, դա մնացորդային եկել է մինչ օրս, եւ հետո՝ հեռախոսային հարցումները շատ ավելի էժան են, բայց նաեւ արդյունքներն էլ են էժան լինում, եւ գիտամեթոդական տեսանկյունից դրանց արժեքն ավելի ցածր է։ Ի դեպ, դրա մասին վկայում է հենց այն, որ իրենք էլ նշում են, որ իրենց հարցման մասնակցության ցուցանիշը 19 տոկոս է, այսինքն՝ 100 հոգուց միայն 19-ն են համաձայնել պատասխանել։ Դեմառդեմ հարցումներում մենք նախկինում ունեինք 60-65, նույնիսկ՝ 70 տոկոս մասնակցություն»։