Սահմանադրական դատարանում, կարծես, այնքան էլ լուրջ չեն վերաբերվում այն փաստին, որ ընտրություններից անմիջապես առաջ 10 հազար դրամով բարձրացվել են թոշակները, այն դեպքում, երբ այդ ծախսը պետական բյուջեով նախատեսված չէր։ Կամ այն, որ հենց ընտրություններից առաջ հանրությանը «խաղացրին» համընդհանուր բժշկական ապահովագրության թեմայով։
Այնպիսի տպավորություն է, թե արդարադատությունը դեռ չի գտել այն «չափման միավորը», որով կարելի է գնահատել, թե սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդու ընտրության վրա որքան ազդեցություն կարող է ունենալ նույնիսկ 10 հազար դրամը կամ պետության կողմից տրված հերթական խոստումը։
Բայց, կարծես, այդ չափման միավորն արդեն գտնվել է։
Ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչն է Սրբուհի Գալյանը։ Եվ հենց դա չի խանգարել, որ արդարադատության նախարարը ՔՊ պատգամավորների հաստատմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը։
Երբ Սահմանադրական դատարանը հրապարակի իր որոշումը, թերևս ավելի հեշտ կլինի հասկանալ, թե աշխատավարձի բարձրացման հեռանկարը որքանո՞վ է ազդել դատավորների որոշման վրա։
Իսկ եթե նույնիսկ նման հարցադրումն անհարմար է հնչում, ապա նույնքան անհարմար պետք է լինի պնդել, թե ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ տրված 10 հազար դրամն ու սոցիալական խոստումները չէին կարող ազդել հազարավոր ընտրողների կամքի վրա։
Չափման միավորը, փաստորեն, նույնն է։ Մնում է միայն որոշել՝ այն կիրառվում է բոլորի՞, թե՞ միայն քաղաքացիների նկատմամբ։