Deutsche Welle, ռուսերեն` Немецкая волна ռադիոկայանի անունը, ինչպես «Ամերիկայի ձայնի» կամ «Ազատություն» ռադիոկայանի անունը, գիտեն բոլոր նրանք, ովքեր լսել են կամ գիտեն Խորհրդային Միություն կոչված պետության եւ սոցիալիստական ճամբարի երկրների մասին։ Deutsche Welle-ն եղել է այն արեւմտյան լրատվամիջոցների թվում, որոնց գործունեությունն ուղղված էր կոմունիստական ռեժիմի երկրների լսարաններին, երկաթե վարագույրից այն կողմ գտնվող հասարակություններին աշխարհի եւ իրականության մասին իրազեկելուն։
Կոմունիստական ռեժիմի դեմ իր հանրածանոթ գործունեությունը Deutsche Welle ռադիոկայանը սկսել է նույն` 1950-ականներին, ինչպես «Ամերիկայի ձայնը» կամ «Ազատություն» ռադիոկայանը, որը, ի դեպ, սկզբնապես, հիմնադրման ժամանակ կոչվել է Radio Liberation from Bolshevism՝ ազդարարելով իր առաքելությունը եւ նպատակը։ Հետագայում է այն վերանվանվել Radio Liberation, ապա՝ Radio Liberty։
Սակայն Deutsche Welle-ն հիմնադրվել է շատ ավելի վաղ, քան կոմունիստական ռեժիմները Արեւելյան Եվրոպայի երկրներում։ Այն հիմնադրվել է Երրորդ ռեյխից, Ադոլֆ Հիտլերի իշխանությունից էլ առաջ՝ 1926-ին, Գերմանիայի Վեյմարյան Հանրապետության օրոք։ Deutsche Welle-ի առջեւ դրված խնդիրն այն հիմնադրելիս եղել է Գերմանիան մնացյալ աշխարհին ներկայացնելը։ 20-րդ դարի բոլոր վայրիվերումներից հետո, դարավերջին Deutsche Welle-ն վերադարձավ նույն այն Գերմանիան աշխարհին ներկայացնելու առաքելությանը, որ ռադիոկայանի առջեւ դրվել էր հիմնադրման ժամանակ։
Անշուշտ, իր առաքելությունը Deutsche Welle-ն այսօր իրականացնում է անհամեմատ մեծ ռեսուրսներով եւ մասշտաբներով, քան երբեւէ նախկինում, ի հաշիվ բազմալեզու ինտերնետ հասանելիության, հեռուստատեսային հեռարձակումների, Deutsche Welle ակադեմիայի կրթական ու վերապատրաստման ծրագրերի եւ այլն։ Deutsche Welle համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկներից մեկն էլ DW Global Media Forum-ն է (DW GMF), որն առաջին անգամ կազմակերպվել է 2007-ին, եւ այնուհետ միջոցառումն անցկացվում է ամեն տարի։
Առաջին անգամ այդ ֆորումին ես մասնակցել եմ 2015-ին, երկրորդ անգամ՝ այս տարի։ Կան հաստատուն, չփոփոխվող դրվածքներ ֆորումների ծրագրում, որ կրկնվում են տարեցտարի եւ դարձել են հրաշալի ավանդույթ։ Օրինակ, ավանդաբար ֆորումները գումարվում են հունիս-հուլիս ամիսներին, տեւում են 2-3 օր, եւ աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մասնակիցների թիվը լինում է հազարին մոտ, այս տարի նույնիսկ ավելի էր։ Մասնակցությունը ֆորումին լրագրողների համար անվճար է, մնացյալի համար արժե մի քանի հարյուր եվրո վճարել, այդուհանդերձ, համարյա միշտ ավելի շատ մերձլրագրողական զբաղմունքի տեր անձինք՝ մեդիա եւ իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ, IT մասնագետներ, ուսանողներ, գիտահետազոտողներ եւ այլք են լինում GMF-ի մասնակիցների թվում, քան բուն լրագրողներ։ Մասնակիցները գալիս են բոլոր մայրցամաքներից, աշխարհի բոլոր ծայրերից։ Ֆորումի ընթացքում միշտ եւ անխախտ կերպով մի երեկոյի Բոննի քաղաքապետարանի եւ Deutsche Welle-ի կողմից DW-ի կենտրոնական մասնաշենքում եւ կից բացօթյա պարտեզներում տրվում է ճաշկերույթ-ընդունելություն` ի պատիվ ֆորումի մասնակիցների։ Նույնկերպ, ֆորումի աշխատանքների ավարտից հետո, վերջին երեկոյին միշտ մասնակիցների համար կազմակերպվում է նավով զբոսանք Հռենոս գետով։
Ֆորումի աշխատանքներն էլ շատ հաճելի եւ չհոգնեցնող միջավայրում են անցնում՝ ի հաշիվ նրա, որ զուգահեռաբար բազմաթիվ միջոցառումներ, քննարկումներ, ծրագրեր են ընթանում տարբեր լսարաններում ու դահլիճներում, եւ կա լայն ընտրություն` ինչին մասնակցել։ Այս տարի ոչ միայն Deutsche Welle-ի կենտրոնակայանում էին կազմակեպված միջոցառումները, այլեւ՝ մեկ-երկու կանգառի հեռավորությամբ գտնվող Kunstmuseum թանգարանում, որի մշտական ցուցադրությունը 20-րդ դարասկզբի Հռենոսյան էքսպրեսիոնիստներ (Rhenish Expressionists) կոչված կերպարվեստի հոսանքի ներկայացուցիչների գործերն են կազմում։ Որքան հասկացա, այդ հոսանքի ամենավառ ներկայացուցիչը August Macke-ն է, որի աշխատանքների ցուցադրությունը Kunstmuseum-ում մի քանի սրահ է զբաղեցնում։ Թանգարանից հազիվ մի 20-30 մ հեռավորության վրա էլ արվեստի եւ ժամանակավոր ցուցադրությունների մի ուրիշ ընդարձակ շինություն է՝ Bundeskunshalle, որն էլ Գլոբալ մեդիա ֆորումի միջոցառումները հյուրընկալած գլխավոր վայրն էր այս տարի։ Այդտեղից էին հեռարձակվում DW GMF-ի բացման արարողությունը, փակումը, Deutsche Welle-ի Խոսքի ազատության մրցանակի շնորհումը եւ այլն։
Ո՞րն էր այս տարվա GMF-ի ամենից ուշագրավ կամ հիշարժան միջոցառումը։ Ըստ իս, Սիրիայի ժամանակավոր կառավարության Տեղեկատվության նախարարի հետ հանդիպումը։ Kunstmuseum-ի ամֆիթատրոն-դահլիճը, որտեղ ընթանում էր հանդիպումը, լեփ-լեցուն էր։ Ամենքին է հետաքրքիր, թե Սիրիայում ինչ է կատարվում, ահաբեկչական խմբավորումներից սերած անձինք, որոնք ձեւավորել են ներկա իշխանությունը եւ նպատակ են հռչակել ոչ թե շարիաթի կանոններ պարտադրելը, այլ մարդկային իրավունքներ հարգելը, այդ թվում՝ խոսքի ազատության, որքանով են կարողանում դա անել։ Ինչն ավելի կարեւոր է՝ ինչպե՞ս են պատկերացնում դա անել։
Տեղեկատվության նախարարը՝ Hamza al-Mustafa, համալսարանական կրթությամբ, լրագրողական, այնուհետ ակադեմիական գործունեության ճանապարհ անցած անձ էր, որ, ընդհանուր առմամբ, խնդիրներին իրազեկ, մտածող եւ պատասխանատու անձի տպավորություն գործեց։ Եվ իր մի հայտարարության համար ամբողջ դահլիճի ծափահարություններին արժանացավ։ Ի պատասխան հարցադրմանը՝ «Հասկանում ենք, որ խնդիրները շատ են, Դուք, Ձեր նախարարությունը դեռ այն արդյունքներին չեք հասել, որ կցանկանայիք, սակայն, դիցուք, 5 տարի հետո ինչին հասած լինելը Ձեզ կգոհացներ», ալ-Մուստաֆան պատասխանեց․ «Ես անկեղծորեն կցանկանայի, որ հինգ տարի հետո ո՛չ իմ պաշտոնի կարիքը լիներ Սիրիայում, ո՛չ իմ ղեկավարած նախարարության»։ Բնականաբար, սրամտությունն ու անկեղծությունն արժանացան ծափահարության։
Հիշվող էր նաեւ Բոննի քաղաքապետի` Katja Dorner-ի մասնակցությունը եւ կարճ խոսքը ֆորումին։ Տիկ․ Դոները պատմեց, որ Բոննի իշխանություններն ավանդույթ ունեն՝ հանրային կարեւորության հարցերի քննարկման ժամանակ պատահական ընտրված քաղաքացիների նամակներ են ուղարկում եւ հրավիրում են քաղաքապետարան՝ քննարկումներին մասնակցելու։ Բոննի բնակիչները, որպես կանոն, չեն զլանում, հրավերներն ընդունում, գնում են։ Անգամ դրվագ մտաբերեց, որ մի երեկո մետրոյում, տուն գնալիս իրեն տարեց մի կին է ճանաչել, մոտեցել եւ ներողություն է խնդրել, որ քաղաքապետարանից ստացած քննարկման հրավերին իր մասնակցությունը հաստատել է, բայց հետո ինչ-որ պատճառով չի կարողացել ներկայանալ։ Մարդիկ այդքան հիշում, կարեւորում են այդ հրավերները։ Տիկ․ Դոները դրվագը պատմեց քաղաքապետարանի ձեռնարկներին քաղաքացիների բարյացակամ ու պատրաստակամ արձագանքը ցույց տալու համար, բայց ներկա լրագրողներից շատերին, այդ թվում՝ ինձ, դրվագի այլ դետալ էր ավելի տպավորել․ այն, որ քաղաքապետը երեկոյան մետրոյով է տուն գնում։ Մի պահ պատկերացրեք, որ Տիգրան Ավինյանը կամ Նիկոլ Փաշինյանը որոշեին առանց թիկնապահների, աժիոտաժի ու տեսախցիկների մետրո նստել... Լավագույն դեպքում անեծքին ու հայհոյանքին չէին դիմանա՝ կիջնեին, վատագույն դեպքում՝ մեծ կտորը ականջները կմնային...
Վերջապես Deutsche Welle-ի Գլոբալ մեդիա ֆորումներում ուշագրավ ավանդույթ եւ իրադարձություն է դարձել Deutsche Welle-ի ամենամյա Խոսքի ազատության մրցանակի շնորհումը։ Այս տարի մրցանակը շնորհվեց Վրաստանից մի կնոջ՝ Թամար Կինցուրաշվիլուն, որը, որքան հասկացա, ակտիվ լրագրությամբ չի զբաղվում, սակայն ղեկավարում է ՀԿ Վրաստանում, որն ակտիվ է լրագրողների իրավունքների պաշտպանության, փաստերի ստուգման եւ նման այլ՝ լրագրությանը հարակից դաշտերում։ Ընդ որում տիկ․ Կինցուրաշվիլու ղեկավարած ՀԿ-ն ակտիվ է այնքան, որ իշխանությունը սկսել է թիրախավորված հալածել նրան։ Մրցանակն էլ, վերջնահաշվում, տրվում էր տիկ․ Կինցուրաշվիլուն՝ որպես զորակցություն առհասարակ Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին, եվրոպական կողմնորոշման ջատագովներին, իբրեւ առհավատչյա, որ Եվրոպան Վրաստանի մասին չի մոռացել եւ Վրաստանի կողքին է։
Լրագրողական թեմաներով քննարկումները, որ Deutsche Welle-ի Գլոբալ մեդիա ֆորումների հիմնական մասն են կազմում, մի քանի տասնյակ ձեւաչափերով, բանախոսներով, ռակուրսներով են քննարկվում, չեմ ներկայացնի, քանի որ դրանք մասնագիտական հետաքրքրության թեմատիկա են՝ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններից ու գոյացրած մարտահրավերներից մինչեւ Բելառուսում լրագրողների ազատազրկումներ, միջազգային կոնֆլիկտների լուսաբանման խնդիրներ եւ այլն։ Բայց մի տենդենց հետաքրքիր էր ու շատ էր քննարկվում՝ արդյոք մարդիկ գնո՞ւմ են դեպի լուրերի մերժում, քանի որ այնքան լուր է գեներացվում` իմաստալից ու անիմաստ, թափվում մարդկանց վրա, որ այդ չդադարող լրահոսն ի վերջո սկսում է մարդուն վանել։ Անշուշտ, նման դիտարկման մեջ կա անժխտելի ճշմարտություն։ Բայց արդյոք ժամանակակից մարդը կարո՞ղ է երկար դիմանալ առանց լուրերի։
Deutsche Welle-ի խարիզմատիկ գլխավոր տնօրենը՝ Piter Limbourg-ը, որն այս աշնանը թողնում է պաշտոնը, ֆորումի եզրափակման իր խոսքում պատմեց, որ 1970-ականներին, համալսարանական ուսումնառության տարիներին իր սիրած ռոք-խմբերից մեկը բրիտանական Genesis-ն է եղել, որոնց երգերից մեկում կային տողեր․ Let's skip the news boy, I'll make some tea, The Arabs and the Jews boy, too much for me... And the thing I hate, oh Lord, is staying up late, To watch some debate on some nation's fate. (իմաստային թարգմանությամբ՝ «Եկ, ընկեր, լուրերը բաց թողնենք, ես էլ թեյ պատրաստեմ, Այդ արաբներից ու հրեաներից ես արդեն հոգնել եմ... Ես ատում եմ դա, Տեր իմ` մինչեւ ուշ չքնել, Չգիտես որ ազգի ճակատագրի մասին բանավեճ լսել»։)
Այսինքն, աշխարհում ոչինչ նոր չէ` լուրերից փախչելու տրամադրություններ, խոսակցություններ ու կոչեր 50 տարի առաջ էլ են բարձրաձայնվել։ Սակայն դրանից լրագրության ավարտը վրա չի հասել, ոչ էլ՝ լուրերի։ Եվ ավարտեմ DW GMF 2025-ի մասին նոթերը մի փայլուն սրամտությամբ, որն ասել է BBC-ի ղեկավարներից մեկը եւ մեջբերեց պրն․ Լիմբուրգը՝ Journalism is not a leisure, but still better than work։ Թարգմանաբար՝ «Լրագրությունը ժամանց չէ, բայց, միեւնույն է, աշխատանքից լավ է»։ Դժվար է չհամաձայնել։