Քաղաքականություն

Իսկ ինչո՞ւ չպետք է Բագրատ Սրբազանը հանդիպի «նախկիններին»

Իսկ ինչո՞ւ չպետք է Բագրատ Սրբազանը հանդիպի «նախկիններին»

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կարողացավ անել մի բան, ինչը չէր ստացվում վերջին տարիների ընդդիմության մոտ. նա համախմբեց, մի գաղափարի շուրջ միավորեց քաղաքական ամենատարբեր միավորների` ԱԺԲ-ից մինչեւ նախկին երեք նախագահների քաղաքական թիմեր: Սրբազանը կարողացավ հասնել նրան, որ բուհերում դասադուլներ հայտարարեցին, եւ քաղաքականությունից օտարված ուսանողները փողոց դուրս եկան: Շարժմանն են միացել տարբեր ստեղծագործական միություններ, բուժաշխատողներ, պետական գերատեսչությունների աշխատակիցներն են իրենց գաղտնի աջակցությունը հայտնում շարժմանը: Սրբազանն ամեն երեկո հաշվետվություն է ներկայացնում հասարակությանը, թե ում է հանդիպել: 

Նա հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, քաղաքական անկախ գործիչների, քաղաքագետների հետ: Հանդիպում է նաեւ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ վերջին երկուսը նաեւ խորհրդարանական խմբակցությունների անդամներ են, ունեն մանդատներ: Ուստի, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, սրբազանը չէր կարող չհանդիպել նրանց, երբ անգամ ՔՊ-ականներին է հրավիրում «սուրճ խմելու»: Սակայն նախկին երկու նախագահների կողմնակիցների հետ հանդիպումները ոմանք ուզում են ներկայացնել դավադրության տեսությունների ոսպնյակով ու որպես «մեծ բացահայտում»: Իբր` տեսեք, որ այս շարժումը «Քոչարյանն ու Սերժն են սկսել, որ գան իշխանության»: Այդ «բացահայտումներն» անում են այն դեպքում, երբ սրբազանը՝ ինքը, չի թաքցնում դրանք: 

Հարց․ իսկ ինչո՞ւ չպետք է Բագրատ սրբազանը հանդիպի նախկին երկու նախագահների կողմնակիցներին, երբ այդ նախագահները հասարակության մեջ ունեն իրենց էլեկտորատը, իրենց վստահողներն ու ընտրողները, որոնց քվեների արդյունքում նրանց ղեկավարած քաղաքական ուժերը խորհրդարանում են: Այս բոլոր հանդիպումներով հանդերձ, սրբազանն ինքն է իր որոշումները կայացնում, իր ծրագրերն առաջ տանում:

Ի վերջո հիշենք, որ Փաշինյանն իշխանության գալուց անմիջապես հետո խոստովանեց, որ հանդիպել է Ալիեւի հետ, որպեսզի տեղեկանա, թե ուր է հասել բանակցային պրոցեսը: Զարմանալիորեն, նա այդ տեղեկությունը ստանալու համար չհանդիպեց ՀՀ նախկին նախագահներին, ովքեր անմիջապես իրենք էին բանակցել: Չհանդիպեց նաեւ նրանց օրոք արտաքին գերատեսչությունը ղեկավարած նախարարներին, ովքեր ամենատեղեկացված մարդիկ էին: Բայց հանդիպեց թշնամի երկրի ղեկավար Ալիեւին` «ստույգ» տեղեկատվություն ստանալու համար: Ավելին՝ ասաց, որ ուղիղ կապով կապված է Ալիեւի հետ, պարբերաբար շփվում է հետը: Այդ հանդիպումների եւ ուղիղ կապերի հետեւանքը տեսանք, թե ինչ եղավ: Սակայն հիշենք, որ ոմանք դրանց այն ժամանակ այդպես քննադատաբար չարձագանքեցին, ինչպես հիմա արձագանքում են սրբազանի` «նախկինների» հետ հանդիպումներին: Հիմա էլ իշխանականներն են այդ հանդիպումների փաստերն օգտագործում` նախկին-ներկա ջրբաժանը թեժ պահելու համար: Սակայն չի ստացվում. Բագրատ սրբազանը, ինչպես պարբերաբար նշում է, եռագույնով փակում է սեւ ու սպիտակի` հասարակության պառակտվածության էջը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image