Քաղաքականություն

Հոլիվուդյան սցենար

Հոլիվուդյան սցենար
Հոլիվուդյան՝ բավականին թանկ ծախսերով նկարահանված ֆիլմի սցենար կլինի․ ահա, ՀՀ վարչապետ է դառնում Սերժ Սարգսյանը, երկրով մեկ դժգոհության ալիք է բարձրանում, այն աստիճան, որ ալիքն այդ պարզապես հեղեղում է փողոցները, դուրս է ժայթքում մարդկային գիտակցությունից, տներից ու բակերից: Բողոքը գնալով համաժողովրդական բնույթ է կրում, ընդգրկում է մայրաքաղաք Երեւանը, մյուս քաղաքները, հասնում մինչեւ հեռավոր, սահմանամերձ գյուղեր, սկսվում են հանրահավաքներն ու ցույցերը, հացադուլներն ու անհնազանդությունները՝ իշխանությունն ուժ է կիրառում, ժողովուրդը չի ընկրկում, իշխանությունը տագնապում է, մեկը մյուսի հետեւից լրջագույն սխալներ է թույլ տալիս, ամիսներ են անցնում՝ ողջ Արեւմուտքի, Ռուսաստանի հայացքն իբր թե ուղղված է դեպի Հայաստանը, Հայաստանում ծավալվող դեպքերն ու եղելությունները:



Վերջապես իշխանությունն անձնատուր է լինում, ցրվում է պառլամենտը, վերջիվերջո՝ հեռանում է Սերժ Սարգսյանը, հեռանում է ՀՀԿ-ն, հեռանում է քրեաօլիգարխիկ ողջ համակարգը, ձեւավորվում է նոր պառլամենտ, նոր իշխանություն, տնտեսական նոր համակարգ, ձեւավորվում է քաղաքական գործընթացների նոր քարտեզագրություն, նոր տեսլական, զորօրինակ՝ նոր մարդիկ են առաջ գալիս՝ բացառիկ հետաքրքրական գաղափարներով, խորը, համահավաք գիտելիքներով եւ մոտեցումներով․ Հայաստանում վերածնունդ է սկսվում:



Իհարկե, հոլիվուդյան հյութառատ ֆիլմերում այսօրինակ ուտոպիաները միլիոնավոր ունկնդիրների են համոզում՝ օգտագործելով տեխնիկական ու հոգեբանական բազմապիսի խորամանկ հնարներ: Ֆիլիպ Կ. Դիքի հայտնի տողերից է․ «Եթե անգամ չես հավատում իրականությանը, միեւնույն է՝ այն շարունակում է գոյություն ունենալ»: Թերեւս Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր մի տեսակ դեռ չեն հավատում, որ ամիսուկես անց դա իսկապես լինելու է, որ իշխանությունը «հարատեւելու» է, որ Սերժ Սարգսյանը հռչակվելու է վարչապետ՝ իր ՀՀԿ-ականների հավատարիմ զորագնդով, որ Հայաստանում կյանքն ու կեցությունն ընթանալու են այնպես, ինչպես ներկայումս է, դեռ ավելին՝ ծանրակենցաղ, փորձություններով լի օրերն առջեւում են եւ համատարած այս նույնաբովանդակ, հանգույն լռության, հյուծվածության ու ամայության մեջ սպասում են իրենց ոսկե ժամին:



Իսկ ֆիլմը. գուցե վերոնշյալ ֆիլմի սցենարը մոտ ապագայում շնչավորվի, ասենք՝ որպես երկնքից տրված մի պարգեւ: Քիչ չեն դեպքերը, երբ անհնարը հնարավոր է դարձել, անիրականը՝ իրական, չէ՞ որ այս իշխանությունն անկրկնելի, աշխարհում նախադեպը չունեցող մի կառույց չէ, որի բաղադրությունն ու ճակատագիրն անճանաչելի լինեն: Պարզ է, որ միատարր իշխանության ավարտը հայտնի է, ավարտի մասշտաբները, ցավոք՝ նույնպես:





**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image