Քաղաքականություն

Վիզաներին սպասելիս

Վիզաներին սպասելիս
Ասոցացման պայմանագիրը Եվրոպական միության հետ հանրության լայն շերտերի համար սահմաններն անարգել հատելու, իրենց ուզած եվրոպական երկրներ հասնելու եւ, ինչու չէ՝ հնարավորության դեպքում տեղում հաստատվել-հիմնավորվելու հույսեր եւ մեծ ակնկալիքներ է կանխորոշում: Մնացածը՝ տնտեսական, իրավական, սոցիալական համատեքստերում Եվրոպական միության հետ փոխշահավետ համագործակցության նախադրյալները, ոչ սկզբնային, այլ հետնապահ դիրքերում են հայտնվում:



Դժվարանց սահմանները հատելու տենչանքը, թերեւս, ոչ միայն բնազանցական կամ խիստ անատոմիական մղում է, այլեւ հավասար պայմաններում քաղաքականությունն ու մշակույթը համատեղ դիտարկելու փորձառություն: ՀՀ քաղաքացու համար այսօր կան դժվարանց սահմաններ, ինչն էլ նշանակում է, որ օրերից մի օր դրանք հաղթահարվելու են, գերազանցվելու, թե՛ մտացի, թե՛ մարմնապես՝ դեսպանատներում առանց ուղղորդված նվաստացումների, առանց ավելորդ հարցաքննության ու թղթաբանական շիզոֆրենիայի:



Այսօրյա երկաթե վարագույրը նախեւառաջ հավաստիացնում է, որ թեպետեւ ինքը՝ կոպիտ բաղադրությամբ հնամաշ, ծեծկված կլիշե է, այդուհանդերձ, թույլ է տալիս ետեւից ծիկրակել եւ անգամ նեղլիկ ճեղքով սողոսկել «Ավետյաց երկիր», իսկական, չքնաղ մի կեցավայր, ուր քեզ գրկաբաց, բարի ժպիտներով սպասում են եւ անգամ գլխներին դրած ման տալիս:



Փակությունը՝ շատ ժամանակ շինծու, երանգավորված, քաղաքական խնդիրներ լուծող միֆաստեղծական հատկություն ունի, որքան փակ, այնքան առեղծվածային, որքան փակ, այնքան հետաքրքրական, այնքան ուրիշ, այնքան երազելի ու ցանկալի: Հեռվից եվրոպական երկրներից որոշները նմանօրինակ զգացումներ ի հայտ բերող շերտազարդերով են պարուրվել, դարձել են առասպելական փրկավայրեր՝ միայն հասնել է պետք, ոտք դնել, եւ փրկված ես, հարություն առած, պահպանված: Բայց «երազանք միայն մեկն է լինում՝ այն էլ ամերիկյան», իսկ Եվրոպան պատմական ու քաղաքական առումներով այլակերպ ուղիով է ընթանում կամ գոնե վերջին տարիներին փորձում է, ինչպես ասում են՝ իր պես ընթանալ, իր հաճությանը համապատասխան:



Մոլեռանդորեն վիզային ռեժիմի մեղմացմանն սպասողները տեղական իշխանության ռեժիմի բերած աղքատության ու անհույս հուսահատության զոհերն են եւ, անկախ ամեն ինչից, սահմաններն անցնելու ելքեր, անկասկած, գտնելու են: Ասել, թե «վիզային ռեժիմի մեղմացումն արտագաղթի նոր ալիք կբերի» մեկ այլ ինքնապաշտպանական, վախվորած քաղքենիություն է: Արտագաղթի ալիքները փակ, միատարր ռեժիմներում են հասունանում, մարդկանց մահվան վախով շրջափակող իշխանության ստեղծած պայմաններում: Ո՛չ միֆական, ո՛չ եդեմական, այլ կատարելապես իրական, առանց պաճուճանքների Եվրոպայի հետ Հայաստանն ամեն առումով անմիջնորդ փոխշփումների կարիք իսկապես շատ ունի, եւ ասոցացման պայմանագրով գուցե սկզբնադրվի մի նոր հետաքրքիր ու երկարամյա ճանապարհ:



 



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image