Մշակույթ

«Շինարար» Էդուարդոն

«Շինարար» Էդուարդոն

 



Արգենտինահայ բիզնեսմեն Էդուարդո Էռնեկյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով ստացավ Հայաստանի ազգային հերոսի կոչում եւ հետայսու լինելու է ոչ միայն մեծ կարողությունների տեր հերթական մի բիզնեսմեն, այլեւ մեկը, ով կապիտալիստական աշխարհակարգում՝ հեռավոր Արգենտինայում բուռն գործարարությամբ զբաղվելով՝ դարձել է Հայաստան երկրի ազգային հերոս, ասվում է՝ «Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար»:



Սրա առթիվ հանրության որոշակի հատվածի կողմից դժգոհությունն ու զայրույթն արդյո՞ք նախեւառաջ կապված չէր այն հանգամանքի հետ, որ մարդկանց կյանքում Էռնեկյան գործիչ, որպես այդպիսին, երբեւէ չի եղել, իսկ շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ընդգծվող գործունեությունը որեւէ կերպ բովանդակ կյանքի ու կեցության վրա ազդեցություն չի ունեցել: Օդանավակայանների իր հավաքածուների շարքում «Զվարթնոցն» Էռնեկյանի համար քիչ էր մնում փորձարարությունների թատերաբեմի վերածվեր, մարդն ուզում էր, այսպես ասած, մոդեռնիզացնել հայրենի օդանավակայանը՝ պարզապես մեջտեղից հանելով հին մասնաշենքը, որը երկարուձիգ տարիներ մեր խորհրդանիշներից էր, ինչու չէ՝ նաեւ Երեւան քաղաքի:



Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, կառավարության 2012 թվականի որոշման համաձայն, 51 մլն․ 270 հազար 840 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառվել էր Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ Սպասվում էր, որ ԱԳՆ-ի տեղում կհայտնվի Kempinski խմբի 5-աստղանի հյուրանոց։ Արտաքին գործերի նախարարության պատմական շենքը 2016 թվականին ամբողջությամբ փոխանցվեց Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: Կառավարության որոշման մեջ նշված է եղել, որ գնորդը պարտավորվում է անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել եւ նորոգումից հետո պատմական շենքը վերածել հայտնի միջազգային ապրանքանիշի հինգաստղանի հյուրանոցի՝ պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը։
Սա կապիտալիստների բնավորությունն է․ «շենացնում» են՝ զարգացնելով, բազմացնելով հարստահարման բիզնես ոլորտը՝ մեծահոգաբար պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը, ինչը, փաստորեն, թույլ է տալիս «բարգավաճել» Հայաստանին: Նաեւ այդ պատմական շենքում՝ Հանրապետության հրապարակի, Կառավարության տուն 2 հասցեում մինչեւ 2011 թվականը դեռ գործում էր մեր սիրելի «Անի» գրատունը, որը վերաբացվեց 2013 թվականին՝ արդեն որպես կոնյակի խանութ:
Էռնեկյանի «Տանգո» ՓԲԸ-ին պատկանող նույն այդ պատմական շենքում երկար տարիներ գործում էր մեկ այլ սիրելի դարձած գրախանութ՝ «Նոյան տապանը», որը 2016 թվականի սեպտեմբեր ամսին վտարվեց այդտեղից: Այն ժամանակ գրախանութների փակման վերաբերյալ գրել էի․ «Իր փողերով հանրահռչակ Էռնեկյանը եւ նրան պատկանող «Տանգո» ընկերությունը գուցե գաղափար անգամ չունեն, թե որքան կարեւոր, որքան էական էին մեր քաղաքի համար այս երկու գրատները ոչ միայն որպես գրքի կենտրոններ, այլեւ՝ որ դրանք գործում էին հենց այս հասցեում՝ Երեւանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, Կառավարության տանը, որ երկու գրատներն էլ տարիների ընթացքում ձեռք բերած պատմություն եւ ավանդույթ ունեին՝ ճանաչելի էին, սիրելի: Նմանապես շատ կարեւոր էր փաստականությունը, տեսնելը, որ հենց Կառավարության տան շենքում կարող են գրախանութներ, գրատներ լինել, որ Կառավարության տունը փակ ռեժիմի բանտ չէ, չի պատկանում միայն փողկապավոր պաշտոնյաներին, գործարարներին ու չինովնիկներին: Այնուհանդերձ, այս կարեւորության գիտակցումն ումի՞ց պահանջենք՝ Հանրապետության հրապարակի Կառավարության տունը վաճառողների՞ց, թե՞ Արգենտինայում ապրող փողատեր Էռնեկյանից: Անկասկած, նրանք, ովքեր վաճառել են շենքը, չեն էլ մտածել, թե նույն հասցեում գործող «Անի» գրատան, «Նոյան տապանի» լինելությունը մեր կյանքը, քաղաքն ամբողջացնող կենսական ու անհրաժեշտ մասնիկ է: Իսկ Էռնեկյանին ու նրան պատկանող «Տանգո» ընկերությանն ի՞նչ. կապիտալիստն ամեն տեղ, ամեն ինչում նույն կապիտալիստն է: Գրքերը փող բերեին, բիզնեսը բարգավաճեր՝ հնարավոր է ձեռք չտար: Կարելի է միջնամատով ողջունել ու գրողի ծոցն ուղարկել փողատեր Էռնեկյանին ու նրա «Տանգո» ընկերությունը՝ «մեծ ձեռք բերում, խորը ձեռք բերում»․ շուտով հերթական հյուրանոցը՝ միայն «ընտրյալների» համար:



Իսկ այսօր արդեն Էռնեկյանը՝ «Շինարար» Էռնեստոն, Հայաստանի ազգային հերոս է, եւ սա ո՛չ ամոթ է, ո՛չ խայտառակություն եւ ո՛չ էլ անարդարություն: Նմանօրինակ որոշման վրա զայրանալն իմաստ չունի․ հապա ո՞վ, եթե ոչ Էռնեկյանը։ Ազգային հերոս կոչվելու համար նա բոլոր տվյալներն ուներ:



 



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image