Հասարակություն

Կատալոնիա, ավելի ճիշտ՝ «Բարսելոնա»

Կատալոնիա, ավելի ճիշտ՝ «Բարսելոնա»

Երբ Կատալոնիայում ոստիկանները բռնանում են, ծեծում ու ստորացնում մարդկանց, համեմատական եզր անցկացնելու վտանգը մեզ համար կրկնապատկվում է: Այդպես է՝ քաղաքակրթության եւ մարդասիրության օրրանի համբավ վայելող Արեւմուտքը եւս քաղաքակրթվելու, մարդանալու ամենօրյա կարիք ունի: Նաեւ հերոսականություն չէ, երբ տեղի ոստիկանությունն իր, այսպես ասած՝ «մեղմաբնույթ» գործունեութունը դրական առաջընթաց է համարում՝ մատնանշելով, հիշեցնելով Եվրոպայի, ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կոշտությունը: Չպետք է մոռանալ՝ խիստ վտանգի առջեւ ծառացած ավտորիտար իշխանական համակարգն ամենուր գրեթե նույն տրամաբանությամբ է գործում: 



Պարզ է, որ Կատալոնիայի անկախացման գործընթացը կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել Իսպանիայի իշխանությունների համար ինչպես պետության ներսում, այնպես էլ ողջ Եվրոպայում, նաեւ աշխարհում: Այսօրվա Իսպանիան տնտեսական լրջագույն խնդիրներ ունի, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի կասեցնի, ընդհատի եւ վերջնականապես արմատախիլ անի կատալոնական հարցը:



Կատալոնիայի ինքնավար մարզի տարածքը կազմում է 32 114 կմ, պաշտոնական լեզուներն են՝ կատալոներենը, իսպաներենը, օքսիտաներենը: Կատալոնիայի մայրաքաղաքը Բարսելոնան է: Սակայն համայն աշխարհի համար բլուրների վրա փռված, Միջերկրական ծովի կլիմայով Բարսելոնան սոսկ մայրաքաղաք չէ իր գաուդիական շինություններով, տուրիստական առինքնող վայրերով, մշակութային մեծ ժառանգությամբ:



Արդեն տասնամյակներ Բարսելոնան նախեւառաջ «Կամպ Նոու» մարզադաշտն է, Կապտանռնագույններն են, Լեոնել Մեսսին է, Պիկեն է, Ինիեստան է, աշխարհահռչակ, գուցե մոլորակի ամենասիրված ֆուտբոլային ակումբը, առանց որի թվում է, թե այլեւս անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհի կեցությունը: Աներեւակայելի մասսայականություն ու ճանաչում վայելող «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն այս պահին հնարավոր է ավելի մեծ իշխանություն եւ ազդեցություն ունի, քան նույն ինքը՝ Կատալոնիայի ինքնավար մարզը: Թերեւս պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ֆուտբոլային ակումբը պարզապես կարող է աննկուն կոկորդի ոսկոր դառնալ մի ողջ պետության համար:



Կարծես իշխանության գերագույն խնդիրն է՝ ինչպե՞ս վարվել ֆուտբոլային ակումբի ճակատագրի հետ, որից կախված է նաեւ պետությունը, որն ահռելի եկամուտներ է բերում, հետաքրքրություն երկրի հանդեպ, լծակներ, նոր բիզնեսներ, զարգացնում է տուրիզմը, հեղինակություն է վայելում աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Եթե ճանաչվի Կատալոնիայի անկախությունը, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն այլեւս չի կարող հանդես գալ Լա Լիգայում՝ Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային բարձրագույն դիվիզիոնում, ուր կատալոնական ակումբը կենաց-մահու պայքար է մղում իր հավերժական ախոյան «Ռեալ Մադրիդի» դեմ:



Երկուշաբթի օրը «Բարսելոնայի» գործադիր տնօրեն Խոսեպ Բարտոմեուն հայտարարեց, որ եթե Կատալոնիան անկախանա, իրենք Լա Լիգայից դուրս կգան եւ կփնտրեն մեկ այլ ֆուտբոլային բարձրագույն դիվիզիոն։ «Մենք դժվար օրեր ենք ապրում, սակայն ապագայում ինչ էլ լինի, կընդունենք խաղաղ ողջամտությամբ»,- ավելացրել է Բարտոմեուն: Մի կողմից սա աբսուրդային գրոտեսկի է նման՝ ինչպե՞ս կարող է ֆուտբոլային ակումբն այսպիսի իշխանություն ունենալ թե՛ ֆինանսական եւ թե՛ հոգեբանական առումով: Բայց ֆուտբոլային ահռելի ինդուստրիան, ՖԻՖԱ-ի կայսրությունը, մոլորակի աղքատ բնակչության առկայությամբ աստղաբաշխական գումարներով մարզիկների առուծախն իրականության այն զգալի, խիստ ընդգծված ձեւերից մեկն է, որի մեջ էլ ապրում ենք, եւ որից բացարձակ ազատագրվելը գրեթե անհնար է:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image