Հասարակություն

Ընդդեմ եւ հանուն բռնության

Ընդդեմ եւ հանուն բռնության

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի թեժ քննարկումներն արդեն իսկ որոշակի դրական արդյունքներ են կանխորոշում ավելի շատ ավատատիրական, կիսալիբերալ, մասամբ՝ պահպանողական, որոշ բացառիկ դեպքերում՝ ձախ հայացքներ ունեցող հանրույթի համար, մի հանրույթի, ուր «հայու գենի ու հայկական ընտանիքի մոդելի» ջահակիրները պայքարում են այն սրբազան վճիտության համար, որի շնորհիվ ասում են, թե պահպանվել է մի ողջ ժողովուրդ, մի ողջ արժեք ու արժանիք, ինչն էլ ուզում են «ձեռքներիցս վերցնել, քանդել, փլուզել, հողին հավասարեցնել դարերի խորքից եկող ժողովրդի ողնաշարը՝ ընտանիքը»:



Հետաքրքիր է՝ կա՞ն իսկապես գիտական, քաղաքակրթական հստակ սահմանումներ, թե որն է «հայկական ընտանիքի մոդելը», որոնք են այդ մոդելի առանձնահատկությունները, ի՞նչ է նշանակում՝ «հայկական ընտանիքի մոդելը մրցունակ է ժամանակակից աշխարհում» խորապես ֆանտազմային, գրեթե աներեւակայելի այս տողը: Եթե հայկական ընտանիքի մոդելն ապրանքատեսակ է, որն արտահանվում է դրսի շուկա, դեռ ավելին՝ կարողանում է մրցունակ լինել, ասենք՝ հաղթում է անգլիական կամ նորզելանդական ընտանիքի մոդելին, ուրեմն գնալով իր ներքին ապրանքային հատկանիշները պիտի բարելավի, որպեսզի պահպանի մրցունակության տարրական պահանջներն ու նախապայմանները, արտադրողականության բարձր եւ մշտապես աճող մակարդակը:



«Հայու գենի ու հայկական ընտանիքի մոդելի» ջահակիրները, ըստ երեւույթին, «Արեւմուտքի արժեքներ» կիտչային դարձվածքից են նեղվում, դարձվածք, որը համազորությամբ բավականին մոտ է «հայկական ընտանիքի մոդել» եզրույթին, երկուսն էլ ստեղծված են թե՛ փորձառությունից, թե՛ հորինվածքից, թե՛ ստից եւ թե՛ կատակից: Միայն բռնության ձեւերն են այլակերպ լինում, զբաղվել բռնության արեւմտյանի ու արեւելյանի, ասիականի եւ նույնիսկ արկտիկականի զատորոշմամբ՝ բացառիկ վտանգավոր ու հույժ իռացիոնալ արհեստ է, «սովորական մահկանացուներին» ոչ հասու գաղտնագիտություն:



Կա բռնության փաստը, որը պիտի չեզոքացնել, նվազեցնել բռնության ծագման յուրաքանչյուր չնչին հնարավորություն: Անտարակույս՝ կանանց, երեխաների, մեծահասակների հանդեպ բռնարարքները, ոտնձգություններն ու կամայականությունները ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում մեծաքանակ են: Այնտեղ, ուր գերակա է պատժի անխուսափելիությունը, օգնելու, աջակցելու հասարակական պատրաստակամությունը, այդտեղ բռնության վերացման դեմ պայքարն ավելի դյուրին է, ըմբռնողական: Եվ արդյոք սակրալացված «հայկական ընտանիքի մոդելը», «արեւմտյան արժեքներին» ի պատասխան, պաշտպանական այն ամրոցը չէ՞՝ շաղախված կեղծ, ավտորիտար, բնազդական նյութերից, որոնք հանկարծ կշռավորվում են, երբ գալիս է համեմատելու, խոսելու, անգամ զառանցելու ժամանակը:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image