Հասարակություն

Ի պաշտպանություն կատուների

Ի պաշտպանություն կատուների

 



Իհարկե, կենդանիներին ոչնչացնողները Հայաստանում ավելի շատ են, քան նրանց մասին հոգ տանողները: Վերջին օրերին քաղաքի տարբեր հատվածներում, հիմնականում փողոցներում, բակերի հարակից տարածքներում սպանած, խեղդած կատուների հաճախ եմ տեսնում, ուստի իմ այս փոքրիկ սյունակը կուզեի նվիրել հենց նրանց՝ կատուներին՝ ինձ համար ամենահմայիչ եւ ուշագրավ կենդանիներին: Փիրուզիկը, Շոկոլադը, Ծիտը, Աղունը, Կոնտին, Շլդոն, Չամիչը, Մըխմըխը, Մուստաֆան, Բրդիկը… Անհնար է չհիշել նրանց՝ բակի, տան, փողոցների ու տանիքների քմահավան, ազատ-անկախ ֆռֆռացող մեր սիրելիներին, յուրաքանչյուրն իր ուրույն խառնվածքով ու պահանջով, յուրաքանչյուրն ինքնակա՝ որպես բնության, մարդկային կյանքի կարեւորագույն սահմանում:
Այնուհանդերձ, մի շարք երեւակայական պատմական միֆերի, կրոնական անհեթեթ գրքերի, աստծո ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառով անգամ ժամանակակից աշխարհում կատուները, նաեւ ագռավները, հոպոպները, խոզերն ատելության ու բռնության են արժանանում: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը Հայաստանում պատժվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածով․



«Հոդված 92. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:



Հիշում ենք 2014 թվականի դեկտեմբեր ամսին Վահան գյուղում տեղի ունեցած սարսափելի դեպքը, երբ խոշտանգում էին գայլին՝ նկարահանելով ողջ գործընթացն ու տեղադրելով սոցիալական ցանցերում: Ահա, օրեր առաջ էլ վերստին համացանցում տարածվեցին սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի լուսանկարներ։ Այս թռչնատեսակն արդեն իսկ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, եւ նրա գոյությունը մեծապես վտանգված է: Բայց կենդանիներին խոշտանգած ու սպանած «որսի սիրահարները» միայն խոշտանգելով ու սպանելով չեն սահմանափակվում․ նրանք նաեւ «պատմություն են կերտում»՝ սառնասրտորեն ամրագրում են խոշտանգման ու սպանության փաստը՝ լուսանկարներով, տեսաձայնագրություններով, ապա տեղադրում սոցիալական ցանցերի իրենց էջերում՝ ցուցանելով անասնական, ցածրակարգ իշխանության հաղթանակը, որի առջեւ խոնարհվում են նմանօրինակ հաղթանակներ տենչող գոյացությունները:
Լուսանկարներն ու տեսաձայնագրությունները տեղադրելիս նրանք գիտեն, վստահ են, որ, բացի իրենցից, «որսի սիրահարներ» կամ, ընդհանրապես՝ սպանության սիրահարներ էլի կան, հետեւաբար, կենդանիներին խոշտանգում ու սպանում են նաեւ հենց այդ պատճառով եւ լուսանկարներն ու տեսաձայնագրությունները նաեւ նրանց համար են տեղադրում՝ բոլորովին անշահախնդրորեն, ինչպես հացն է եղբայրը եղբոր հետ կիսում:
Բայց թողնենք սրիկաներին եւ վերադառնանք մեր սիրելիներին՝ կատուներին: Արվեստի, մասնավորապես՝ գրականության մեջ կատուների դերն այնչափ է մեծացել, որ, վստահաբար, նրանք ստեղծել են իրենց սեփական ժանրը՝ անվանենք այն կատվագրություն: Արդարեւ, դժվար է մոռանալ Բուլգակովի Բեգեմոտ կատվին, Դորիս Լեսինգի «Կատուներ» գրքի Ռուֆուս կատվին, եւ այսպես շարունակ կարելի է անվերջ թվարկել: Մեր բակում կան մարդիկ, ովքեր հոգ են տանում «Սանիթեքի» աղբամանների շուրջ խմբվող կատուների նկատմամբ, կերակրում են նրանց, խոսում հետները, միասին երգում են, ժպտում իրար, եւ ինքնին կան մարդիկ, ովքեր ատելի հայացքներ են նետում, քթների տակ հայհոյում կենդանիներին, սպառնում, քշում: Մեր հասարակությունում կենդանիների հանդեպ վերաբերմունքը դեռեւս միաբեւեռ չէ, այդ վերաբերմունքի բնույթն անդրադարձնում է կյանքի ու շրջակա միջավայրի հանդեպ եղած պատկերացումների շրջանակը, որը կարող է թե՛ սարսափեցնել եւ թե՛ հպարտության առարկա դառնալ:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image